Ադրբեջանցիները դժգոհ են Ադրբեջանում ռուսների առկայությունից և դժգոհությունը մեծանում է նաև նախագահ Ալիևի դեմ, թե ռուսական զորքն է հետ բերել Ադրբեջան, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանն, ով այս օրերին Վրաստանում մասնակցում է Եվրամիության կազմակերպած Հարավային Կովկասի ապագա սցենարների շուրջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քննարկմանը։
Պողոսյանի փոխանցմամբ, ադրբեջանցիներն ասում են, որ իրենց համար լավագույն սցենարը ռուսական զորքի հեռացումն է Արցախից՝ դեմ լինելով նաև միջազգային այլ խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ պատճառաբանելով՝ հակամարտություն չկա, Լեռնային Ղարաբաղ չկա։
Պողոսյանը քննարկումներից տեսակապով «Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել․
Պողոսյան․ - Ադրբեջանցիներն ասում են, որ իրենք բավականաչափ դժգոհ են, որ Ադրբեջանում նորից ռուսներ են հայտնվել։ Հպարտությամբ նշում են, որ «մենք Հարավային Կովկասի միակ պետությունն էին, որ Գաբալայի կայանը փակելուց հետո ազատվել էինք ռուսներից՝ 2012 թվականին»։
Կարծես թե գնալով դժգոհությունը մեծանում է նախագահ Ալիևի դեմ, որ «չնայած դու հետ բերեցիր ԼՂԻՄ-ից դուրս 7 շրջանները և նույնիսկ ԼՂԻՄ-ի մի մասը, սակայն Ադրբեջան հետ բերեցիր ռուսական զորքերին և հիմա ոչ ոք չգիտի, թե այդ ռուսական զորքերի հետ ինչ է լինելու»։ Սակայն իրենք ասում են, որ իրենց համար լավագույն սցենարը՝ ռուսական զորքերի հեռացումն է Արցախից, ընդ որում դեմ են այլ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը, որովհետև նշում են՝ «իսկ ինչո՞ւ պետք է այլ խաղաղապահ ուժեր լինեն, միևնույն է կոնֆլիկտ չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, հետևաբար ռուսները պետք է գնան» և միջազգային ուժերի գալն էլ անիմաստ է, որովհետև, իրենց պատկերացմամբ, ոչ հակամարտություն կա, ոչ էլ Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերի համար էլ ասում են՝ «մենք իրենց իրավունքները կերաշխավորենք, կտանք Ադրբեջանի անձնագրեր, իսկ ովքեր այդ պայմաններին համաձայն չեն, ինչպես ասում են, երկրագունդը մեծ է, կարող են ընտրել Չիլիից մինչև Ավստրալիա ընկած ցանկացած պետություն և ապրել»։
Ինձ թվում է, որ նման հանդիպումների կարևորությունը նա է, որ մենք և իրենք նաև հստակ հասկանան, թե ինչ դիրքորոշումներ կան հասարակություններում, գոնե, այսպես ասենք, փորձագիտական համայնքի կամ քաղհասարակության շրջանակներում։
«Ազատություն»․ - Մյուս խնդրահարույց հարցը, թերևս ճանապարհների ապաշրջափակումն է, կամ ինչպես Ադրբեջանն է ասում, միջանցքը։ Արդեն հասցրե՞լ եք այս թեմայով քննարկում ունենալ։
Պողոսյան․ - Ապաշրջափակման հետ կապված նույն պնդումներն են, որ այդ ճանապարհը, որ անցնելու է Սյունիքի մարզով և կապելու է Նախիջևանը Ադրբեջանին, պետք է ունենա նույն կարգավիճակը ինչ կարգավիճակ որ ունի ճանապարհը, որ անցնում է Լաչինով կամ նախկին Լաչինի շրջանով և կապում է Հայաստանն Արցախին։ Այդ պնդումներն էլի կան, որ, Ադրբեջանի պատկերացմամբ, այդ երկու ճանապարհները պետք է ունենան նույն կարգավիճակը, եթե Հայաստանն Արցախին միացնող ճանապարհը կոչվում է միջանցք, ապա Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքի մարզով անցնող ճանապարհը նույնպես պետք է կոչվի միջանցք և ընդհանրապես իրենք պետք է ունենան նույն իրավական կարգավորումները, համենայն դեպս, մեր գործընկերներն այդպես են մտածում։
«Ազատություն»․ - Գալով սահմանագծմանը, նաև ենթադրաբար քննարկման թեմաներից մեկը դա կլինի, արդյո՞ք կա ըմբռնում, որ դա կարելի է անել՝ առկախելով ժամանակավորապես Լեռնային Ղարաբաղի հարցը։
Պողոսյան․ - Տեսեք, այստեղ ևս էական տարբերություն կա կարծիքների, իհարկե, մեր դիրքրոշումը նա է, որ սահմանագծումը պետք է սկսել, բայց դա որևէ կապ չունի Արցախի հետ, ադրբեջանական կողմը պնդում է, որ՝ ոչ, սահմանագծում անպայման պետք է ներառվի նաև Հայաստանի կողմից Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչումը, այնպես որ այստեղ ևս, անկեղծ ասած, համընկնող կետեր գրեթե չկան։
Պողոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․