Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը զրուցել է գործընկերների հետ՝ քննարկելու ԼՂ-ի ապագան. Պետդեպարտամենտ


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը:

«Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը», - ասված է գրառման մեջ:

Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հակասական հայտարարություններ են անում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները՝ միմյանց մեղադրելով խմբի աշխատանքները խաթարելու համար:

Չնայած Միացյալ նահանգների Պետքարտուղարության այսօրվա և փոխպետքարտուղարի հունիսի 20 -ի հայտարարություններին, որ Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարարը հունիսի 24 -ին Բաքվում հայտարարել է, որ համանախագահությունը դադարեցրել է աշխատանքը՝ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ:

«Մենք չենք քննարկել Մինսկի խմբի հետ կապված հարցեր, Մինսկի խումբն ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Լավրովի այս հայտարարությունը երեկ տարօրինակ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով՝ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այլ բան են արձանագրել՝ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ:

«Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ, եթե հիշողությունս չի դավաճանում, 24-րդ կետում, 24-րդ կետում գրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պետք է համագործակցենք, պետք է օգտագործենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալը, նրա միջազգային մանդատին համապատասխան: Սա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետն է, որը արձանագրված է թղթի վրա, և կարծում եմ, որ պետք է այս հակասությունը պարզաբանվի, չնայած պարզաբանելու բան, մեծ հաշվով, չկա, որովհետև ընդունվել է համատեղ հայտարարություն», - նշել է Փաշինյանը:

Գոյություն ունի՞ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ Փաշինյանի, Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները՝ վերահաստատել են իրենց հանձնառությունը. - «Մինսկի խմբի համանախագահող երեք երկիր կա և այդ համանախագահող երեք երկրներն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ Ռուսաստանն, ասացի, համատեղ հայտարարության ֆորմատով, Ֆրանսիան մի քանի անգամ այդ մասին հայտարարել է, Միացյալ Նահանգները մի քանի անգամ է այդ մասին հայտարարել, և ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին: Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ մենք արձանագրել ենք, որ Մինսկի խումբը կա ու Մինսկի խմբի միջազգային մանդատը կա: Հիմա էդ մանդատի շուրջ գործող ով ում հետ ինչ բանավեճ ունի, դա ուրիշ թեմա է»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին երեկ Աթենքում խոսել է Հայաստանի արտգործնախարարը՝ Հունաստանի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Արարատ Միրզոյանն շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը:

Մինչդեռ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG