Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ. Միրզոյանը` Ալիևին


Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները: «Արմենպրեսին» ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում:

Միրզոյանը շեշտել է, որ կառավարությունը բազմիցս է ապացուցել իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Հարավային Կովկասում երկարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ, միաժամանակ, հավելել, որ այս ջանքերը չեն կարող լինել միակողմանի, և Ադրբեջանը նույնպես պետք է գործուն և անկեղծ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։

«Այս համատեքստում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված լինելու մասին, առնվազն չեն հասկացվում կամ ավելին՝ տեղիք են տալիս կասկածի տակ դնելու Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությունը», - հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ըստ նրա` պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլևս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, ևս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, «այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը»։

«Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն և համապարփակ խաղաղության հասնել, ապա ինչո՞ւ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- ասել է նա։

Իլհամ Ալիևը նաև պնդել է, որ հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։

Արտգործնախարարը շեշտել է` Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն. «Գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը»:

Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ասել է նախարար Միրզոյանը` հավելելով, որ երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ։

XS
SM
MD
LG