Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում, պնդել է Ալիևը


«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում, այսօր Աշգաբադում Մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորելուց հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման ուղղությամբ, ներառյալ միջազգային տրանսպորտային կապերի զարգացումը։ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում», - ասել է նա:

Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Ալիևին` շեշտելով՝ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։

Իր խոսքում Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն այսօր «Եվրասիայի նշանակալի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկն է» և կարևոր դեր է խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման գործում: Նա հավելել է` Բաքուն ջանքեր է գործադրում Անդրկովկասյան միջազգային տրանսպորտային երթուղին արդյունավետ օգտագործելու համար:

Պատերազմի սկզբից ի վեր Պուտինն առաջին անգամ մեկնել է արտերկիր

Թուրքմենստանում այսօր մեկնարկած գագաթնաժողովին մասնակցում են դեպի Կասպից ծով ելք ունեցող բոլոր պետությունների, այդ թվում` Ռուսաստանի և Իրանի նախագահները։ Ուշագրավ է, որ Վլադիմիր Պուտինը մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանել է Աշգաբադ և ոչ թե տեսակապով միացել։

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր սա Պուտինի առաջին օտարերկրյա այցն է․ երեքշաբթի նա այցելել էր Դուշանբե, որտեղից այսօր մեկնել է Աշգաբատ։ Ռուսաստանցի փորձագետները տրամաբանական են համարում, որ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո Պուտինն առաջին օտարերկրյա այցը կատարում է Տաջիկստան, որը ԽՍՀՄ փլուզումից ի վեր ղեկավարում է Էմամոլի Ռախմոնը, և Թուրքմենստան, որը համարվում է աշխարհի ամենափակ պետություններից մեկը՝ զիջելով միայն Հյուսիսային Կորեային։

Բացի Պուտինից, մերձկասպյան գագաթնաժողովին մասնակցում են նաև Թուրքմենստանի, Ղազախստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները։

Մերձկասպյան պետությունների այս ակումբում հրապարակավ լուրջ տարաձայնություններ չկան, թեև երկրները երկար տարիներ չէին կարողանում կարգավորել Կասպից ծովի օգտագործմանն առնչվող բոլոր իրավական հարցերը։ Միաժամանակ Ռուսաստանն, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը պարբերաբար հայտարարում են, որ այս 5 երկրներից բացի, որևէ այլ երկիր կասպյան տարածաշրջանում անելիք չունի։

Իրանի նախագահն Աշգաբատ մեկնելուց առաջ մասնավորապես հայտարարել է, որ Կասպից ծովը մերձկասպյան երկրների ընդհանուր ժառանգություն է՝ հավելելով․ - «Մերձկասպյան երկրների օրակարգում է համագործակցությունը Կասպից ծովի փոխադրումների և ռեսուրսների կառավարման, ինչպես նաև օտարերկրացիների ներկայության կանխարգելման հարցերում»։

Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Ալիևը մասնավորապես առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նոր նախագահի, Իրանի ու Ռուսաստանի նախագահների հետ։ Պուտինը նույնպես մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի մայրաքաղաքում:

Իրանի նախագահի հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում արագ զարգանում են, իսկ Էբրահիմ Ռայիսին էլ ընդգծել է, որ կարող են էլ ավելի զարգանալ:

«Թուրքմենստանը կարևոր դեր է խաղացել գազի պաշարների առումով»

Մերձկասպյան գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերից է էներգետիկ համագործակցությունը էներգակիրներով հարուստ այս երկրների միջև։

Գազի պաշարներով աշխարհում չորրորդ տեղը զբաղեցնող Թուրքմենստանը, մասնավորապես, լինելով աշխարհի ամենափակ երկրներից մեկը, նորմալ հարաբերություններ ունի արևմտյան երկրների հետ և համարվում է չափազանց կարևոր երկիր, որը կարող է ՌԴ-ի համար լուրջ հակառակորդ դառնալ էներգակիրների արտահանման ոլորտում։

Ռուսաստանցի փորձագետ Արկադի Դուբնովը, օրինակ, նշում է, որ Թուրքմենստանը դեռևս խորհրդային տարիներից կարևոր դեր է խաղացել գազի պաշարների առումով։

«Մոսկվան, հաշվի առնելով, որ գազն օգտագործվում է որպես արդյունավետ տնտեսական զենք, մրցակիցների կարիք չունի, որպեսզի նրանք չկարողանան լրացնել ռուսական գազի պակասը Եվրոպայում», - ասում է փորձագետը։

Այսօր էլ Մոսկվայի համար կարևոր է, որ այդ գազը չվաճառվի իր հակառակորդներին:

Ռուսաստանը 2000-ականներին մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի չլինի Տրանսկասպյան գազատարը՝ թույլ չտալով թուրքմենական գազի ուղիղ վաճառքը Եվրոպա, բայց հիմա կրկին օրակարգ է մտել թուրքմենական գազի Եվրոպա հնարավոր արտահանումն՝ ի հավելումն ադրբեջանական գազի թեմայի։

XS
SM
MD
LG