Մատչելիության հղումներ

Փաստաթուղթը Ռուսաստանին Հայաստանի հավատարմության մասին էր. Ալեքսանդր Իսկանդարյան


Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան

30 կետանոց փաստաթղթի միայն 24-րդ կետից Է անդրադարձ կատարվում Ղարաբաղի հարցին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Փաստաթուղթը Ռուսաստանին Հայաստանի հավատարմության մասին էր», - երեկ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի համատեղ հայտարարությունը այսպես է մեկնաբանում «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

30 կետանոց փաստաթղթի միայն 24-րդ կետից Է անդրադարձ կատարվում Ղարաբաղի հարցին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Այս կետերում մի քանի անգամ ընդգծվում է Ռուսաստանի դերը և աջակցելու պատրաստակամությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

Իսկանդարյանի խոսքով, անփոփոխ է հանգամանքը, որ այս տարածաշրջանում հիմնական խաղացողը Ռուսաստանն է. - «Քանի որ այդ հանգամանքը բնական պատճառներ ունի, կշարունակի այդպես էլ մնալ։ Ռուսաստանը տեսանելի ապագայում այստեղ ավելի մեծ կշիռ կունենա, քան օրինակ Ֆրանսիան։ Մինսկի խմբի երկրները ևս դա հասկանում են, և այստեղ խնդիրն այն չէ, թե դե ֆակտո ինչ իրավիճակ կլինի, քանի որ ակնհայտ է, որ դե ֆակտո հիմնական գործառույթը իրականացնելու է Ռուսաստանը։ Այստեղ էական է, որ դե յուրե գործի որևէ միջազգային ձևաչափ, որտեղ կքննարկվի Արցախի հարցը»։

Հայտարարության այս տեքստում ևս հումանիտար անհետաձգելի հարցերի համատեքստում կողմերը հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։ Սա այն դեպքում, երբ ավելի վաղ իր հայաստանցի պաշտոնակցի հետ հադիպմանը Սերգեյ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի եռյակում։

Չնայած այդ հայտարարությունից հետո ֆրանսիացի համանախագահը ժամանեց Հայաստան և վերահաստատեց իր լիակատար հանձնառությունը, մինչև Մոսկվա մեկնելն էլ Փաշինյանը ընդունել էր ամերիկացի համանախագահին՝ եռանախագահները, սակայն, միասնաբար՝ ոչ առանձին-առանձին, վերջին անգամ հայտարարություն էին տարածել անցած տարվա դեկտեմբերին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից առաջ։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Առավելապես ռուսական միջնորդությամբ գործընթացը ռիսկային է համարում քաղաքագետ Արեգ Քոչինյանը, ով նկատում է, որ փաստաթղթում որևէ նոր կետ չկա, և ամբողջը նախկինում ռուսական միջնորդությամբ մեկնարկած գործընթացների տրամաբանական շարունակությունն է. - «Ռուսական միջնորդությամբ դելիմիտացիան և դեմարկացիան դատապարտված է լինելու քաղաքական հիմքի վրա դելիմիտացիա և դեմարկացիա։ Բացառվում է, որ այնտեղ հիմքը լինի մաքուր իրավական հիմք, ինչը նշանակում է, որ ընթացիկ քաղաքական շահերը սպասարկելու կամ կողմերից մեկին սիրաշահելու համար հնարավոր է, որ լինեն լուծումներ, որոնք որ չեն բխի իրավունքից։ Մինչդեռ արևմտյան միջնորդությամբ դեմարկացիան և դելիմիտացիան խոստանում էր առնվազն լինել հիմնականում իրավական հիմքի վրա»։

Հայտարարության 24-րդ կետով են կողմերը պայմանավորվել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։ Առանձին կետով շեշտվել է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում:

Մինչև Մոսկվա մեկնելը Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն կասկածի տակ էր դրել Արցախում տեղակայված խաղաղապահների արդյունավետությունը։ Ակհայտ է, որ խաղաղապահները չեն գոհացնում հայկական կողմին, ասում է Իսկանդարյանը՝ շարունակելով, թե ակհայտ է նաև, որ պատերազմում կրած պարտությունից հետո հայկական կողմի համար ընդունելի իրավիճակ ունենալը բավականին դժվար է. - «Հասկանալի է, որ Ռուսաստանը հիմա մեղմ ասած՝ մի քիչ զբաղված է, և Ադրբեջանը դրանից օգտվում է։ Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը Արցախում այսպիսին է՝ եթե մեզ չեք դիպչում, նկատի ունեմ անմիջապես ռուս խաղաղապահներին, ապա այդ դեպքում իրավիճակը քիչ թե շատ ստաբիլ կլինի։ Բոլոր մնացած դեպքերում, երբ Ադրբեջանը թիրախավորում է ոչ թե խաղաղապահներին, այլ հայերին՝ հարձակվում են, կրակում են, վերցնում են ինչ-որ բաներ, հոգեբանական ճնշում են գործադրում, դիվանագիտական գործիքներ են աշխատում, որոնք միշտ չէ, որ արդյունք են տալիս»։

Առանց ընթացիկ անվտանգային խնդիրները լուծելու Ռուսաստանը դարձյալ խոսում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին, ասում է Արեգ Քոչինյանը։

«Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում», - ասված է հայտարարության կետերից մեկում։ Իսկ հայկական կողմի՝ Երևանում բարձրաձայնած խնդիրները որևէ կերպ հայտարարաության տեքստում տեսանելի չեն, շարունակում է քաղաքագետը. - «Ճիշտն ասած՝ տպավորություն է իմ մոտ ստեղծվում, թե հայտարարությունները, որոնք որ հույս էին ներշնչել, որ Հայաստանի կառավարությունը վճռականորեն կգնա Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, և մեր կախվածության մակարդակը անվտանգային հարցերում որակապես կփոխվի Ռուսաստանից, դրանք լոկ հայտարարություններ էին և հայտարարություններ էլ կմնան։ Կառավարությունը ցույց չտվեց կամք շարժվելու այդ ուղղությամբ և գնալու թերևս անխուսափելի լուծումների Հայաստանի համար»։

Ի դեպ, համատեղ հայտարարության վերջում նաև նշվում է, որ Պուտինը ընդունել է Փաշինյանի հրավերը՝ այս տարվա երկրորդ կեսին Երևանում մասկանցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանին։

Փաստաթուղթը Ռուսաստանին Հայաստանի հավատարմության մասին էր.քաղաքագետը՝ հայ-ռուսական համատեղ հայտարարության մասին
please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG