Մատչելիության հղումներ

Փորձ է արվում Ադրբեջանին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված չէ. Վահրամ Աթանեսյան


«Ազատության» հյուրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։

«Ազատություն». - Ի՞նչ ուղերձ եք ստացել վարչապետի հայտնի ելույթից, որ միջազգային հանրությունը ակնկալում է նվազեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։

Աթանեսյան. - Այդ ուղերձը իհարկե էմոցիոնալ դրսևորումների առիթ է տվել Ստեփանակերտում քաղաքական, հանրային շրջանակներում, պետք է սա էլ խոստովանենք։ Բայց իմաստը պետք է փորձենք հասկանալ, թե դա ինչ է նշանակում, և առհասարակ որն է Հայաստանի նշաձողը Արցախի հարցում։ Եթե այսպես ասենք՝ Արցախի հարցում Հայաստանի նշաձողը սահմանված է Հայաստանի սահմանադրության նախաբանում։ Այսինքն՝ ըստ այդ նախաբանի, Արցախը Հայաստան է։ Եթե վարչապետի ասած խոսքը սրան է վերաբերում, ապա հարկ կլինի գնալ սահմանադրական փոփոխությունների։ Այսինքն՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, որտեղ արդեն այդ ամրագրումը չպետք է լինի։ Բայց այս դեպքում պետք է զուգահեռվի նաև Ադրբեջանի սահմանադրության փոփոխություն, որովհետև Ադրբեջանը սահմանադրությամբ իրեն ճանաչում է 1918-20 թվականների առաջին հանրապետության իրավահաջորդ, որը տարածքային հավակնություններ է ունեցել այն տարածքների նկատմամբ, որոնք այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում են։ Այս հարթությունում եթե գնահատում ենք, վարչապետի հայտարարությունը պետք է ընդունել որպես բանակցային առաջարկ։ Եթե Ադրբեջանը առաջարկում է, որ պետք է լինի տարածքների փոխադարձ ճանաչում, ապա պետք է ինքն էլ հրաժարվի 918-20 թվականների Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդությունից։ Ես այսպես եմ ընկալում։

«Ազատություն». - Ըստ էության այն, ինչ հաջորդ օրը վարչապետը փորձեց մեկնաբանել, որ սա ամենևին էլ Արցախից հրաժարվելու ուղերձ չէ, այլ հակառակը՝ տարածություն բացենք խոսակցության համար, գնանք բանակցությունների։

Աթանեսյան. - Ես կհամարեի, որ վարչապետի հաջորդ օրվա բացատրությունը բավական անհաջող էր։ Այսինքն՝ երբ փորձում է ասել մի բան, բայց ըստ էության ստացվում է բոլորովին այլ բան։ Գումարած դրան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների բացարձակապես անտեղյակ և անպատասխանատու հայտարարությունները ավելի են լարել իրավիճակը Արցախում, քան վարչապետի առաջին օրվա ելույթը։ Երբ դիսկուրս է բացվում, արդեն ինքնին տեղ է տալիս հավելյալ ենթադրությունների։ Այսինքն՝ եթե վարչապետը ասում է, որ միջազգային հանրությունը ակնկալում է, որ մենք նշաձողը մի փոքր իջեցնենք, դա կարելի է փորձագիտական մակարդակում նստել քննարկել, թե դա ինչ է նշանակում։ Բայց երբ դրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ, այդ թվում նաև իմ նախկին գործընկերներ Հովիկ Աղազարյանի և Վիգեն Խաչատրյանի անհավասարակշիռ հայտարարությունները, ապա մնում է ենթադրել, որ ինչ-որ մի ենթատեքստ կա, որը չի բացվում։

«Ազատություն». - Միջազգային հանրությանը գալով, դուք է՞լ չեք տեսնում, որ իսկապես այդ ազդակները կան, ինչ որ վարչապետն ասաց։ Այդ ելույթից շատ չանցած Եվրամիությունը շտապեց ողջունել Փաշինյանի ելույթը։ Ես սրան կարող եմ գումարել, օրինակ, երեկվա մոսկովյան բանակցությունների արդյունքով ընդունված հայտարարությունը, որտեղ ևս խոսք կա, որ գնանք խաղաղության պայմանագրի, տարածաշրջանային կայունության։

Աթանեսյան. - Ըստ երևույթին, կա ինչ-որ գործընթաց, որի հրապարակային մասն ենք տեսնում։ Նախկին գործընթացների մասին իրազեկված լինելով, ես ենթադրում եմ, որ իրոք էքսպերտ մակարդակներում քննարկումներ ընթանում են, փորձ է արվում Ադրբեջանին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG