Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցին, Թվիթերում գրել է. - «Ամբողջական աջակցություն նրա և բոլոր ջանքերին` նպաստելու խաղաղ, կայուն և ապահով Հարավային Կովկասին»:
Միշելը նշել է, որ Փաշինյանի հետ զրուցել է՝ հետամուտ լինելու Բրյուսելում վերջին քննարկումներին, երբ իր միջնորդությամբ եռակողմ ձևաչափով հանդիպել էին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը:
Ապրիլի 6-ին Բրյուսելում Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստումը: