Մատչելիության հղումներ

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան


Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դնում Անհայտ զինվորի հուշարձանի մոտ։
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դնում Անհայտ զինվորի հուշարձանի մոտ։

Այսօր ավելի ուշ Փաշինյանը մեկնելու է Նիժնի Նովգորոդ և երեկոյան կվերադառնա Հայաստան։

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի վարչապետի, Դաշնային խորհրդի և Պետդումայի խոսնակների հետ։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը անդրադառնալով երեկ Ռուսաստանի նախագահի հետ ունեցած բանակցություններին՝ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է․ - «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն։ Համաձայնության ենք եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»։

Ընդ որում, Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ նախկինում նշված էր, թե Փաշինյանը ասել է Վոլոդինին, որ Պուտինի հետ վերը նշվածի շուրջ վերջնական համաձայնության են եկել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Կարճ ժամանակ անց հաղորդագրությունից «Լեռնային Ղարաբաղի հարց» և «վերջնական» բառերը հանվել են։

Փաշինյանի այցի հաջորդ հանգրվանը Նիժնի Նովգորոդ քաղաքն է, որտեղ տարբեր հաշվարկներով երեսունից քառասուն հազար հայ է բնակվում։ Երեկոյան ուշ վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադառնալու է Հայաստան։

Պաշտոնական այցի հիմնական հանդիպումը երեկ էր, Հայաստանի վարչապետը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների ավարտին ստորագրվել էր 30 կետանոց անսովոր ծավալուն հայտարարություն։

Փաշինյանի այցը, ինչպես ռուս դիտորդներն են նկատում, անցնում է դժվար ժամանակաշրջանում։ Մի կողմից, Հայաստանը և նրա կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի հատվածը բախվում են Ադրբեջանի աճող ճնշմանը, մյուս կողմից՝ արևմտյան պատժամիջոցների ֆոնին է'լ ավելի է խորանում Ռուսաստանի միջազգային մեկուսացումը։

Հենց այս պատճառով կարելի է բացատրել նման անսովոր ծավալուն հայտարարության ընդունումը։

Ռուսաստանցի փորձագետները գրում են, որ Մոսկվան, մի կողմից, ընդգծում է, թե ավանդական դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունները պակաս կարևոր չեն Ադրբեջանի հետ հարաբերություններից, որի հետ երկու ամիս առաջ Մոսկվան դաշնակցային պայմանագիր էր ստորագրել, մյուս կողմից՝ ընդգծվում է, որ այսօր էլ Ռուսաստանը ունի բարեկամներ և կարոևր դերակատարություն Հարավային Կովկասում։

«Կոմերսանտը» Փաշինյան-Պուտին երեկվա բանակցություններին նվիրված ծավալուն հոդվածում գրում է․ - «Այցը կարևոր էր ռուսական կողմի համար՝ ցույց տալու, որ Մոսկվան, չնայած Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը», դեռևս ունի դաշնակիցներ, որոնք պատրաստ են աջակցել նրան պատժամիջոցների ճնշման պայմաններում»։

«Պատժամիջոցներ» բառը Պուտինի և Փաշինյանի ստորագրած ծավալուն հայտարարության տեքստում չկա, սակայն 9-րդ կետում նշված է, որ Փաշինյանը և Պուտինը մտահոգություն են հայտնել մի շարք երկրների կողմից «միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ» և մտադրություն են հայտնել «միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները»:

ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրներից և ոչ մեկը չի հայտարարել արևմտյան պատժամիջոցներին միանալու մասին, ավելին՝ դրանց չի միացել նաև Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Վրաստանը։

Արևմտյան պատժամիջոցներից այսօր Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է Ռուսաստանի վարչապետը՝ նշելով, թե Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ երկրների կողմից անօրինական պատժամիջոցների պայմաններում կարևոր է երկկողմ առևտրում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, զարգացնել արդյունաբերական կոոպերացիաները, ստեղծել առևտրի նոր հնարավորություններ։

Հայկական կողմի համար իհարկե ավելի կարևոր էին հայտարարության այն կետերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին։ Լեռնային Ղարաբաղ անվանումը հայտարարության տեքստում երկու անգամ նշված է։ Ադրբեջանի իշխանությունները հորդորում են, այդ թվում ռուսական կողմին, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։

Տեքստում ոչինչ չկա Լեռնյաին Ղարաբաղի կարգավիճակի մասին, սակայն ակնհայտ ակնարկ կա առ այն, որ Ռուսաստանը կարող է և պատրաստ է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։

«Կոմերսանտը», օրինակ, նկատում է․ - «Հայտարարության այն հատվածը, որտեղ պարոնայք Պուտինն ու Փաշինյանը ընդգծել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վճռական ներդրումը անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում, ինչպես նաև հրատապ հումանիտար խնդիրների և Լեռնային Ղարաբաղի կարգավորման քաղաքական և դիվանագիտական միջոցներով շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հատվածը ակնհայտ բխոււմ են հայկական շահերից»։

Ռուս փորձագետները նաև նկատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող ռուսական կողմի հայտարարություններում առկա տարաձայնությունը։ Օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, քանի որ ամերիկյան և ֆրանսիական կողմերը Ուկրաինայում պատերազմի պատճառով չեն ուզում շփվել ռուսական կողմի հետ։ Իսկ երեկ Պուտինի և Փաշինյանի ստորագրած փաստաթղթում նշված է, որ և' Երևանը, և' Մոկսվան նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը։

«Կոմերսանտի» հեղինակները նկատում են, որ Մինսկի խմբի մասին կետը նույնպես ամբողջությամբ բխում է Երևանի շահերից, քանի որ «Երևանի համար շատ կարևոր է միջազգային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղ եզրույթի պահպանումը, քանի որ Բաքուն պնդում է, թե նման տարածաշրջան չկա»։

«ՌԻԱ Նովոստի»-ի «Հակառակ դեպքում ՝ ազգային աղետ․ Ի՞նչ լուծումներ է փնտրում Փաշինյանը Մոսկվայում» ծավալուն հոդվածի հեղինակները նկատում են, որ Հայաստանի իշխանությունները հայտնվել են չափազանց բարդ իրավիճակում, երբ նրանց ներկայացրած «հրաժարվենք կարգավիճակից, որ ապահովենք անվտանգությունը» կարգախոսը չի ընդունվում հասարակության կողմից։ Հոդվածի հեղինակներն ակնարկում են, որ ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Հայաստանի վերահսկողության տակ մնացած հատվածում ռուս խաղաղապահների մնալը գուցեև ժամանակավոր, բայց այսօր հնարավոր միակ լուծումն է։ Երկարաժամկետ կտրվածքով, սակայն, ռուս փորձագետները հարցի լուծումը չեն պատկերացնում, միայն նկատում են, թե Հայաստանում նույնպես չեն պատրեացնում, թե ինչ է լինելու հետո, և չկա ազգային կոնսենսուս, թե ինչ անել այս իրավիճակում։

«ՌԻԱ Նովոստի»-ն մասնավորապես գրում է․ - «Շարքային երևանցիներից կարելի է լսել տարբեր կարծիքներ այն մասին, թե ինչ սպասել բանակցություններից։ Ոմանք վստահ են, որ Ղարաբաղը կարելի է մոռանալ, և բնակիչները պետք է տեղափոխվեն Հայաստան։ Մյուսները կարծում են, որ Ստեփանակերտի հանձնումն ադրբեջանցիներին միայն սկիզբն է և հաջորդը է Սյունիքն ու Սևանն են։ Եվ միայն քչերն են դիտարկում ադրեբջանցիների հետ խաղաղ համակեցության հնարավորությունը»։

Ուկրաինական պատերազմը հետին պլան է մղել հայ-ադրեբջանական թեման ռուսական մամուլում և փորձագիտական հարթակներում, իսկ այն եզակի քննարկումներն էլ, որ դեռ լինում են, մեծ մասամբ վերաբերում են այն թեզին, որ Ռուսաստանը չպետք է կորցնի տարածաշրջանում առանցքային խաղացողի դերը։

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան
please wait

No media source currently available

0:00 0:06:08 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG