Մատչելիության հղումներ

Պուտինը և Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը


Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ «պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»:

Այդ մասին ասված է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունում, որի հայերեն տեքստը ամբողջությամբ հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում:

Փաշինյանն ու Պուտինը նաև պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։

Մոտ երկու շաբաթ առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը մինչև ամսվա վերջ սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու շուրջ պայմանավորվել էին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև ցանկություն էին հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։

Փաշինյանի ու Պուտինի ծավալուն հայտարարությունում հայ-ադրբեջանական պայմանագրի մասին խոսք չկա, փոխարենը շեշտվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները նաև անդրադարձել են «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրմանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում»։ Ընդգծել են հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

«Այդ համատեքստում նրան հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», - նշված է հայտարարությունում։

30 կետից բաղկացած ծավալուն հայտարարության մեջ Փաշինյանն ու Պուտինը կարևորել են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ակտիվացման կարևորությունը, նշվում է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը ողջունել են ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափին՝ նշելով դրա հաջող մեկնարկը:

Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարության ծավալուն մասը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։ Նշվում է նաև, որ Պուտինը ընդունել է Փաշինյանի հրավերը՝ այս տարվա երկրորդ կեսին Երևանում մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

XS
SM
MD
LG