Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Պուտինը շեշտել են ռուս խաղաղապահների որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում


Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները երեկվա հանդիպումից հետո տարածած համատեղ հայտարությունում շեշտել են ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում:

Խաղաղապահների մասին Հայաստանի վարչապետը խոսել էր նաև հանդիպման բաց հատվածում։

«Պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունը ապահովում է անվտանգությունը, և թվում է, պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունն առավել արդյունավետ դարձնենք», - ասել է Փաշինյանը:

«Ռուս խաղաղապահ առաքելությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է Արցախում»

Հայաստանի վարչապետի խոսքերը, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, վերաբերում էին ռուսական առաքելության գործառույթներին, նրանց գործելաոճին ու որակին։

«Որովհետև մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում և նաև մինչև այդ, մի շարք դեպքերում խաղաղապահները, մեծ հաշվով, չէին կատարում իրենց գործառույթները։ Այն նկատառումը, որ այնուամենայնիվ ռուս խաղաղապահ առաքելությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է Արցախում, ևս համապատասխանում է իրականությանը, որովհետև նրանց ներկայությունը Արցախում ինչ-որ չափով նվազեցնում է լայնածավալ պատերազմի բռնկման հավանականությունը», - ասաց քաղաքագետը։

«ՄԽ մասին հիշատակումը Լավրովի հայտարարությունը մեղմելու փորձ էր»

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը իրենց ծավալուն հայտարարությունում նաև ընդգծել էին Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը ղարաբաղյան կարգավորման համատեքստում։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Մինսկի խմբի մասին այս հիշատակումը Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը մեղմելու փորձ էր։

«Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, խոսելով այդ ձևաչափի կարևորության մասին, առաջին հերթին նկատի ունի ռուսաստանցի համանախագահի դերը, որը գիտեք, որ այց է կատարել տարածաշրջան ունի նաև նոր պաշտոն ու հիշում եք, որ նաև Ռուսաստանը հայտարարել էր այն մասին, որ Արևմուտքը խոչընդոտում է Մինսկի խմբի գործունեությանը և Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գործունեությանը։ Հիշում ենք, որ Լավրովը մեղադրում էր նույնիսկ Արևմուտքին, որ զոհաբերում են Հայաստանի շահերն այս գործընթացում, այս հայտարարությունը երևի Լավրովի մեկնաբանությունը նաև մեղմելու փորձ էր», - ասաց Գրիգորյանը։

Համատեղ հայտարարությունում նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։

Մինչև ամսվա վերջ սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել էին ապրիլի 6-ին՝ Բրյուսելում, Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև ցանկություն էին հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։

Պուտինի ու Փաշինյանի երեկվա հայտարարությունում խաղաղության պայմանագրի մասին հիշատակում չկա, փոխարենը շեշտվում է՝ «կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»:

30 կետից բաղկացած ծավալուն հայտարարության մեջ Փաշինյանն ու Պուտինը կարևորել են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ակտիվացման կարևորությունը, նշվում է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության ծավալուն մասը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։

Նշվում է նաև, որ Պուտինը ընդունել է Փաշինյանի հրավերը՝ այս տարվա երկրորդ կեսին Երևանում մասկանցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG