Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»


Արցախի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում, արխիվ

«Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը», - հայտարարում է Արցախի Ազգային ժողովը:

Այսօր ընդունած հայտարարությամբ, որը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը, խորհրդարանը պահանջում է, «որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից»: «Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու», - ասված է հայտարարությունում:

Արցախի Ազգային ժողովը արցախահայության անունից դիմում է.

«

  • Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:

  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
  • Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը»։


«Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել», - հայտարարում է Արցախի խորհրդարանը՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով առաջնորդվել բացառապես այս արժեքներով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում մասնավորապես հայտարարել է. - «Միջազգային հանրությունը հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար»: «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», - ասել է Փաշինյանը:

XS
SM
MD
LG