Մատչելիության հղումներ

«Իջեցված նշաձողը ենթադրում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում»․ քաղաքագետ


Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից, երեկ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Հանդիպումը տեղի է ունեցել հասարակական կազմակերպությունների պահանջով։ Նրանք, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրենց վրդովմունքն են հայտնել միջազգային համայնքի կողմից Արցախի կարգավիճակը մի փոքր իջեցնելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարության առնչությամբ։

Այս հանդիպումից հետո Հարությունյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական ուժերի, արտգործնախարարի և անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ։

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ասել Արցախի նախագահը։

Հաղորդագրություններում այլ մանրամասներ չկան, մասնավորապես, թե ինչ քայլեր են իրականացնելու Արցախի իշխանությունները։

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «միջազգային հանրությունը հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար»:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», - հայտարարեց վարչապետը:

Կարգավիճակի հարցում «նշաձողը մի փոքր իջեցնելու» վարչապետի հայտարարությունը ենթադրում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում իշխանականների մեկնաբանությունները ևս այդ մասին են վկայում։

«Եթե մինչև պատերազմը Հայաստանը պնդում էր Արցախի` Ադրբեջանից անկախ կարգավիճակի վրա, ապա այդ իջեցված նշաձողը ենթադրում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ քաղաքական կարգավիճակի մասին է խոսքը, պարզ է, որ Ադրբեջանը այս փուլում, կարծես թե, առավելագույնը համաձայն է մշակութային ինքնավարության ինչ-որ մոդելի տրամադրմանը, բայց Փաշինյանի կողմից նշված իջեցված նշաձողը, կարծում եմ, ենթադրում է հենց քաղաքական ինքնավարության ինչ-որ մոդել, Ադրբեջանի կազմում», - ասաց Գրիգորյանը։

Չհստակեցնելով հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի ղեկավարը երեկ միաժամանակ ընդգծել էր՝ «կարգավիճակը այս իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»:

Փաշինյանի հայտարարությունների մեջ սա գլխավոր հակասությունն էր, ասում է քաղաքագետը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ հանգեցնելու է Արցախի հայաթափմանը։

«Ես համաձայն եմ, որ կարգավիճակը կարող է միջոց լինել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, սակայն Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, հանգեցնելու է Արցախի հայաթափմանը։ Դա պետք է որ ակնհայտ լինի Նիկոլ Փաշինյանի համար, և այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ նա չի գիտակցում այդ իրողությունը, որ որևէ կարգավիճակ, նույնիսկ տարբեր միջազգային երաշխիքներով, Ադրբեջանի կազմում ստիպելու է որպեսզի մարդիկ ինքնակամ լքեն այդ տարածքը, կամ էլ պարզապես անազնիվ է իր հայտարարությունների մեջ», - ասաց քաղաքագետը։

Տիգրան Գրիգորյանը նշում է նաև՝ անհասականալի է, թե ինչպես էր կառավարության նախորդ նիստերի ընթացքում Փաշինյանը խոսում Արցախում էթնիկ զտումների վտանգի, հետո արդեն կարգավիճակի հարցում նշաձողը «մի փոքր իջեցնելու» մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG