Խորհրդարանական ընդդիմությունը դժգոհ է իշխանության գործողություններից, մասնավորապես, Արցախում գազատարի պայթյունի պատճառով ստեղծված իրավիճակից հետո ասում են՝ իշխանության քայլերն ու գործողությունները ստեղծված իրավիճակին համարժեք չեն։
«Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվալ Արցախի հարցից: Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Արցախի ինքնիշխանության, անվտանգության երաշխավորի իր պարտականությունից», - հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն այսօրվա ճեպազրույցների ընթացքում գազատարի խափանումը ոչ միայն հումանիտար, այլև՝ անվտանգային աղետ համարեց։
Գազի բացակայությունը դպրոց-մանկապարտեզների փակման, տրանսպորտի թանկացման պատճառ է դարձել, խափանել ձեռնարկությունների աշխատանքը։ Գազի մատակարարումը վերականգնելու հարցով այժմ ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահներն են բանակցում։
«Ռուսական խաղաղապահ զորքերն ունեն առաքելություն Արցախում անվտանգություն ապահովելու, չասեմ, թե ես ամբողջությամբ տեսնում եմ, որ մենք բոլոր ուղղություններով ունենք մեր համար մաքսիմալ բարենպաստ իրավիճակ, բայց մեծ ծավալի աշխատանք իրականացնելը չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ քաշվի իրավիճակից, ամբողջությամբ պատասխանատվությունը թողնի կամ բարդի ռուսական կողմի վրա: Հետագայում էլ Արցախում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը նաև հող նախապատրաստի ու բարդի Ռուսաստանի վրա: Հայաստանն ունի պարտավորություն և՛ Արցախի անվտանգության ապահովման, և՛ Արցախի բնականոն զարգացումն ապահովելու համար: Այլ բան է, որ այս իշխանության մոտեցումները և Հայաստանի գլխավոր առաքելությունը այս պահին խիստ տարբերվում են», - ընդգծեց Աբրահամյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ադրբեջանը ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումները, իսկ երկարաժամկետ կտրվածքով որևէ լուծում տեսանելի չէ. «Այստեղ խնդիրը միայն գազամատակարարումը չէ, խնդիրն այստեղ միայն սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ, խնդիրը շատ ավելի բարդ է, շատ ավելի մեծ է և անկախ այն հանգամանքից, որ 1-2 օրվա ընթացքում դրանք լուծվող հարցեր չեն, բայց կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր նաև անվտանգության բաղադրիչը հաշվի առնելով, որովհետև այդ հարցերի կուտակումը, այդ հարցերի չլուծումը կարող է բերել երկու խոշոր հետևանքների՝ կամ Արցախի մեծ ծավալի հայաթափմանը, և երկրորդ տարբերակը՝ դա կարող է բերել նոր պատերազմի»:
Նոր պատերազմի վտանգ կա՞, թե՝ ոչ, հարցին պատասխանելու համար «Քաղաքացիական պայմանագրից» Արման Եղոյանին միայն հայ-ադրբեջանական այսօրվա լարումը բավարար չէր։
«Մեր մեծ տարածաշրջանում, մեր մեծ տարածաշրջան ասելով ես նկատի ունեմ Մերձավոր Արևելքից մինչև Արևելյան Եվրոպա ընկած տարածաշրջանը, հիմա տուրբուլենտության փուլ է, թե այդ մեծ տարածաշրջանում որ կետում երբ տուրբուլենտության ինչ դրսևորումներ կտեսնեք, ես չեմ կարող ճշգրտությամբ կանխատեսել, կներեք», - նշեց Եղոյանը:
Կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ի՞նչ հակաքայլեր ունեն։ Նոր գազատար անցկացնելու ծրագրեր կա՞ն, իշխանականները հարցն անպատասխան թողեցին։
Ըստ ՔՊ-ականների, ռուս խաղաղապահների դերակատարությունը չպետք է անտեսել, իրենք էլ՝ թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը միջազգային գործընկերների հետ ամենօրյա ռեժիմով են աշխատում։ Բայց Հայաստանի դիրքերը, ըստ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Ադրբեջանի քայլերն են ամրապնդում:
«Այն վարվելակերպը, որ օգտագործում է այսօր Ադրբեջանը, ըստ էության, ավելի է ամրապնդում մեր դիրքերը, մասնավորապես ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ և ըստ էության առավել հիմնավոր, տեսանելի է դարձնում այն, որ Արցախումը խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ», - ընդգծեց Վարդանյանը:
Երբ սոցիալական խնդիրների լուծման իրենց նախաձեռնություններն են մերժվում են, դա, ըստ «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի, ինչ-որ տեղ կարող են հասկանալ, բայց երբ բանը հասնում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանն ու կենսական խնդիրներին, սա միայն ընդդիմություն-իշխանություն կռիվ չէ։ Սաղաթելյանը բողոքում էր, որ ընդդիմության վերջին նախաձեռնությունները՝ ադրբեջանական ագրեսիան և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետը դատապարտող հայտարարության ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունները քրեորեն պատժելու ընդդիմության նախագծերը իշխանության ջանքերով մերժվեցին։
«Մենք ասում ենք՝ ապագա չկա զիջելով, իրենք ասում են՝ ապագա կա զիջելով», - նշեց Սաղաթելյանը:
Ինչո՞ւ ուղիղ չեն հայտարարում, որ Արցախի որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում լինել, որո՞նք են այն կարմիր գծերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում չի հատի իշխանությունը, հարցին իշխանական պատգամավորները այսօր էլ կոնկրետ չպատասխանեցին։