Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բավարարել է Իլհամ Ալիևի բոլոր պահանջները. միայն այդ դեպքում Ադրբեջանի նախագահը կարող էր գոհունակությամբ արձագանքել Հայաստանի վարչապետի հայտարարություններին, համոզված է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը։
Փաշինյանի խոսքերը Ալիևը երեկ «լավ ուղերձ» էր որակել, միաժամանակ կրկին ընդգծել՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ Երևանի, խաղաղության օրակարգի հայկական լրացումներից է, որ ուղարկել են Բաքվին, բայց մինչև հիմա, ըստ պաշտոնական աղբյուրների, չեն ստացել պատասխան։ Վարչապետը երեկ ասում էր՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է լրացրած առաջարկների հիմքի վրա։
«Եթե այդ փաստաթուղթը հասել է Ադրբեջանին, և Ադրբեջանը համարում է, որ գոհացուցիչ է, դա նշանակում է` այո, այն, ինչ ինքը ձևակերպել է, որ Ղարաբաղի հարցն այլևս չկա, հենց այդ փաստաթուղթն էլ դա է արձանագրում: Հուսով էինք, որ այդ փաթեթի ամբողջացումը երևի պետք է արձանագրեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Փաստորեն, դա արձանագրված չէ: Մենք մինչև հիմա էլ, իհարկե, փորձում ենք ստանալ այդ տեքստը` ինչ են պատասխանել, դեռ դա չի հաջողվել: Ես ենթադրում եմ, որ այդ տեքստում երևի գրված է շատ անորոշ ձևակերպումով, եթե անգամ Արցախին անդրադարձ կա, ապա ժողովրդի ընդհանուր բոլոր իրավունքների պաշտպանություն: Դա ոչ մի բան չի նշանակում, եթե չենք ասում, որ իրավունքները չեն պաշտպանվի, եթե ինքնորոշման իրավունքը չի պաշտպանվում», - կարծում է Արմեն Ռուստամյանը:
«Եթե ինչ-որ մարդկանց թվում է, որ վաղը եթե մենք Ազատության հրապարակում, ենթադրենք, 50 հազար մարդով կամ 500, գոռանք` Շուշին մերն է, թե չէ վաղը Շուշին կտան մեզ, կամ եթե մենք վեր կենանք ու ասենք` Ղարաբաղը պիտի դառնա անկախ հանրապետություն, այնպես չի, որ վաղը կդառնա: Հետևաբար, կարևոր է` ոչ թե ինչ ես ասում, այլ ինչ ես անում: Եվ շատ հաճախ այն, ինչ որ պիտի ասես, այնքան էլ ճիշտ չի այն գլխից բարձրաձայնել, այսինքն` մենք ձգտում ենք դրան, բայց մենք հասկանում ենք, որ դրան ձգտելով մենք պիտի այնպիսի քայլեր կատարենք, որ եղածը չկորցնենք, որ 100 տարի է` կորցնում ենք», - ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը` պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին, թե միայն կարգավիճակի հարց բարձրացնելը բավարար չէ, պետք է շեշտել ազգերի ինքնորոշման իրավունքը:
Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ խորհրդարանական ընդդիմություն օգտագործում է Ղարաբաղի հարցն իշխանության վերադառնալու համար։
Իլհամ Ալիևը, նրա խոսքով, այո, ամեն ինչ անելու է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունենա, այնտեղ հայեր չապրեն, հայկական կողմի խնդիրն է՝ հասնել հակառակին։ Իշխանական պատգամավորը պահը նպաստավոր է համարում:
«Ներկա պահը մեր օգտին է աշխատում, որովհետև և՛ արևմտյան գործընկերները, և՛ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պնդում է, որ Ղարաբաղի հարցը գոյություն ունի: Երբ որ ասում է Ղարաբաղի հարցը, նկատի ունի Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը: Եթե Ադրբեջանի կազմում Ղարաբաղը մնաց, դա կլինի «սպիտակ ցեղասպանություն», եթե ոչ ուղղակի ցեղասպանություն և հայաթափում, էթնիկ զտում: Առայժմ Ադրբեջանի քաղաքականությունը որևէ հիմք այլ կերպ մտածելու չի տալիս», - գտնում է պատգամավորը:
Հայաստանի վարչապետը երեկ կրկնեց՝ խաղաղության պայմանագրի համար առաջ քաշված ադրբեջանական 5 առաջարկները Հայաստանի համար ընդունելի են։ Ավելի կոնկրետ լինելու համար շեշտեց՝ այդ թվում՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը։
Փաշինյանը նաև խոսեց Հայաստանի ու Ղարաբաղի վրա ռազմական հարձակման վտանգից։ Ընդդիմադիր Ռուստամյանը կարծում է՝ Փաշինյանի հայտարարությունը թե՛ Ադրբեջանին է ուղղված, որ ցանկացածը ինքը պատրաստ է տալ, թե՛ հայ ժողովրդին, որ ևս մեկ անգամ չկոտորվելու ճանապարհը ադրբեջանական պայմանների ընդունումն է։
«Այդ պահանջների բավարարման սահման գոյություն չունի` ինչքան տաս, այնքան կուզեն: Դիմադրել է պետք Ադրբեջանին, Ադրբեջանն ուրիշ լեզու չի հասկանում: Հասարակության խմբում, մեր եղած ռեսուրսի համախմբում, բանակի ամրապնդում, մեր դիքերի ամրացում. այնպես չի, որ Ադրբեջանի նկրտումները միայն մեզ են վտանգ, վտանգ են նաև տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների համար: Շրջանակի հետ ունենանք լուրջ համագործակցության ձևաչափ, ոչ թե ամրապնդում են մեր դիմադրությունը, այլ ամրապնդում են իրենց իշխանությունը, դրանով է զբաղված այսօր իշխանությունը: Առանց հասկանալու, որ այդ իշխանությունն ո՞ւմ է պետք, երբ որ դու կկորցնես այն, ինչի վրա իբր պիտի իշխես», - շեշտում է ընդդիմադիր պատգամավորը:
«Եթե մենք ուզում ենք, իսկ մենք դա շատ ենք ուզում` որոշ կորուստներ վերականգնել, մենք ոչ թե դրա մասին պիտի բարձրաձայնենք, դրանից բան չի փոխվում, այլ պիտի ուժեղանանք: Ուժեղանում են, եթե միմյանց օգնում են, եթե համախմբվում են», - նկատում է ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանը:
Վերջին լարվածությունից ու միմյանց ներկայացված առաջարկներից հետո՝ հաջորդ շաբաթ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները առաջին անգամ կնստեն դեմ առ դեմ բանակցությունների։ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա գալիք չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում։