Արդեն շուրջ մեկ շաբաթ է, որ Արցախի ամբողջ տարածքում գազ չկա, որովհետև Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարը վնասված է, այդ հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ, ու ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ, վերականգնողական աշխատանքներ իրականացնել, այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ արձանագրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Դրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանիտար խնդիրներ, որոնք անմիջականորեն անդրադառնում են մարդկանց կենսական իրավունքների վրա», - նշեց նա` հավելելով, որ այսօրվանից դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, ցուրտ եղանակային պայմանների առկայությամբ նաև խնդիր է առաջանում ջեռուցել բժշկական կենտրոնները և այլն:
«Կա դիտավորություն, ու կա հստակ նպատակ, որն իրականացնում է Ադրբեջանը, և դրանք ծառայում են Արցախը էթնիկ զտման ենթարկելուն ու հայաթափելուն», - վստահ է Ստեփանյանը:
«Արցախում որևէ ձև ընդունելի և ընկալելի չի կարող լինել»
Խաղաղության այն օրակարգը, որ առաջարկում է Ադրբեջանը Հայաստանին ու հայ ժողովրդին առհասարակ, իր մեջ որևէ անկեղծություն ու ազնվություն չի պարունակում, նշեց Մարդու իրավունքների պաշտպանը. «Խաղաղություն չի կարող լինել մի կողմի իրավունքների հաշվին. եթե Ադրբեջանը Հայաստանին առաջադրում է պայման` ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և դրա տակ տեսնում է, որ Հայաստանը պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, ապա այստեղ արդեն իսկ երևում է, որ Ադրբեջանն այս գործընթացին և խաղաղության հաստատմանն անկեղծորեն տրամադրված չէ: Իմ կարծիքով` սա Արցախում որևէ ձև ընդունելի և ընկալելի չի կարող լինել»:
Պաշտոնական Երևանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա, հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարությունը՝ առանց հստակեցնելու՝ ընդունել, թե մերժել են Բաքվի առաջարկները։
Սրան հետևեց Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որում Բաքուն ներկայացրել է հինգ կետից բաղկացած փաստաթղթի նախագծում 5 սկզբունքները:
«Որևէ կարգավիճակում Արցախի ժողովուրդը չի կարող լինել ադրբեջանական իշխանությունների ենթակայության տակ»
Գեղամ Ստեփանյանը նկատեց` ցանկացած բնույթի խնդիր, որ առաջացնում է Ադրբեջանը Արցախի ժողովրդի համար, ծառայում է տարբեր քաղաքական պրոցեսներում առևտուր անելու համար: «Եվս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ Ադրբեջանի կողմից և պատերազմի ընթացքում, և հետո լայնածավալ խախտվել են Արցախի ժողովրդի կենսական կարևորագույն իրավունքները, և որևէ կարգավիճակում Արցախի ժողովուրդը չի կարող լինել ադրբեջանական իշխանությունների ենթակայության տակ», - ասաց Պաշտպանը:
ՊԲ-ն հրադադարի ռեժիմը խախտելու շարժառիթ չունի. ՄԻՊ
Ըստ Արցախի օմբուդսմենի` պարզ է նաև, որ Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ հրադադարի ռեժիմը չի խախտում, շարժառիթ չունի:
Վերջին օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ են։ Բաքուն, սակայն, կա՛մ հերքում է, կա՛մ էլ պնդում, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը։
«Նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը 100-ից ավելի հանցավոր գործողություններ է իրականացրել Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ: Ընդ որում, մոտ 30 արցախյան բնակավայրեր դարձել են շատ մոտիկ տեղակայված շփման գծին, և այդ բոլոր հենակետերից ադրբեջանական կողմը պարբերաբար թե ուղղորդված կրակոցներ, թե օդ կրակոցներ, թե համայնքների բնակիչների տները լուսարձակներով լուսավորել, թե կոչեր, սպառնալիքներ... սրանք զուգորդված և համակարգված գործողություններ են, իրականացվում են ադրբեջանական իշխանություններից կողմից: Նպատակը Արցախը հայաթափելն ու էթնիկ զտում իրականացնելն է», - հավաստիացրեց Գեղամ Ստեփանյանը: