Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնն անսպասելի այցով ժամանել է Կիև


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը անսպասելի այցով ժամանել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ: Ջոնսոնի այցի առաջին լուսանկարը հրապարակել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան նշելով․ «Նա այժմ հանդիպում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»:

Անդրեյ Սիբիգան հավելել է, թե «Մեծ Բրիտանիան Ուկրաինային պաշտպանական աջակցության առաջատարն է»։

Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային կտրամադրեն լրացուցիչ նյութական և ռազմական օգնություն՝ կուղարկեն զենք ու 100 մլն ֆունտ ստերլինգ:

ՄԱԿ-ի տվյալներով` պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 4,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության համաձայն` պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 4,5 միլիոն մարդ է լքել Ուկրաինան։ Նրանց մեծ մասը մեկնել է Լեհաստան՝ ավելի քան 2,5 միլիոն մարդ, մնացածը Ուկրաինայի սահմանaկից մյուս երկրներ՝ Ռումինիա, Հունգարիա, Մոլդովա, Ռուսաստան և Բելառուս։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպ Գրունդին ավելի վաղ Ուկրաինայից փախստականների ալիքն անվանել էր «Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ միգրացիոն ճգնաժամը»։

Պատերազմի սկզբից ի վեր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Ուկրաինայում մահացել է 1626 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 2267-ը։ 2022 թվականի սկզբին Ուկրաինայում ապրում էր 41 միլիոն մարդ։

Ռուսաստանը փոխել է հատուկ գործողությունների հրամանատարին

Պատերազմը Ուկրաինայում շարունակվում է արդեն 45 օր, Ռուսաստանը՝ Կիևից նահանջի և ռազմական գործողությունների ժամանակ հենց Կրեմլի կողմից ճանաչված զգալի կորուստների ֆոնին, փոխարինել է հատուկ գործողության հրամանատարին։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ նոր հրամանատար է նշանակվել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը։ Ընդգծվում է, որ նա մարտական նշանակալի փորձ է ձեռք բերել Սիրիայում։

BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինա ներխուժման նպատակներին չհասնելու պատճառներից մեկը գործողությանը մասնակցող ռուսական տարբեր ռազմական շրջանների զորքերի վատ համակարգումն էր։ Գեներալ Դվորնիկովը պետք է փոխի այս իրավիճակը և ավելի լավ համակարգում ապահովի։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Գործակալությունը որպես օրինակ է բերում երեկվա հրթիռային հարձակումը Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանի վրա։

Ռուսական ուժերն այսօր հիմնական գործողություններն իրականացնում են Դոնբասում՝ Մարիուպոլում և Նիկոլաևում։ Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը ցանկանում է ցամաքային միջանցք ստեղծել Ղրիմի և Դոնբասի միջև, Ուկրաինան դեմ է այդ ծրագրերին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր իր ավանդական զեկույցում հայտարարել է Միրգորոդի ռազմական օդանավակայանին հարվածելու մասին։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը խոսքով՝ հարվածի հետևանքով ոչնչացվել է «ՄիԳ-29» կործանիչ և Ուկրաինայի ռազմաօդային ուժերի «Մի-8» ուղղաթիռ, ինչպես նաև ավիացիոն զինատեսակների պահեստ»:

Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան իր ավանդական տեսաուղերձում խոսել է Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռային հարձակման զոհերի մասին և կոչ արել Եվրամիությանը ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։

«Ռուսական զորքերը այսօր առավոտյան հրթիռային հարձակում են գործել Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա։ 38 մարդ տեղում մահացել է, ևս 12 մարդ մահացել է հիվանդանոցներում օրվա ընթացքում։ Մենք կորցրել ենք հինգ երեխա։ Տասնյակ ծանր վիրավորներ մնում են հիվանդանոցներում։ Սա ևս մեկ ռազմական հանցագործություն է։ Ինչպես Բուչայում տեղի ունեցած ջարդերը, ինչպես ռուսական շատ այլ ռազմական հանցագործություններ, Կրամատորսկի հրթիռային հարձակումը պետք է լինի անխուսափելի միջազգային տրիբունալի մեղադրանքներից մեկը», - հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկին երեկ ևս մեկ անգամ հայտարարել է, թե Եվրոպան Ռուսաստանին պետք է ամբողջական էներգետիկ էմբարգո հայտարարի՝ նման հարվածներին վերջ տալու համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուս զինվորականները Կրամատորսկի ուղղությամբ հրթիռային հարձակում չեն իրականացրել։ Մինչդեռ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը համարում է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների պատասխանատուններին, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը։

Ինչպես ասել է Շտայնմայերը der Spiegel-ին տված հարցազրույցում, նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պետք է պատասխան տան Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հանցագործություն կատարած բոլոր զինվորականները, նրանց հրաման տվողները, ինչպես նաև դրա համար քաղաքական պատասխանատվություն կրողները, ներառյալ Լավրովն ու Պուտինը, պետք է պատժվեն։

Շտայնմայերն անդրադարձել է Կիևի Բուչա արվարձանում տեղի ունեցած ջարդերին՝ ասելով, որ կադրերը «սարսափելի են և անտանելի»:

Հաագայի միջազգային քրեական դատարանն արդեն հետաքննում է ռուս զինվորականների կողմից կատարած ռազմական հանցագործությունները, պնդում է Ուկրաինան։ Ռուսաստանը, սակայն, չի համագործակցում դատարանի հետ։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին Sky News-ին տված հարցազրույցում բացառել էր Պուտինին միջազգային տրիբունալ ներկայացնելու տարբերակը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG