Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Չինաստանը և Հնդկաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներին»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Republic TV հնդկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներին:

«Մենք շահագրգռված ենք անվտանգության երաշխիքներով, մենք առաջարկում ենք Չինաստանին դառնալ երաշխավոր, մենք դա առաջարկում ենք Թուրքիային: Եթե Հնդկաստանն ունենա այդպիսի ցանկություն, մենք ուրախ կլինենք հրավիրել նաև Հնդկաստանին, դա աշխարհի հզորագույն պետություններից է», - ասել է Զելենսկին:

Հարցազրույցում Ուկրաինայի ղեկավարը նաև նշել է, որ պատրաստ է ցանկացած պահին հանդիպել ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

«Պատրաստ եմ Վլադիմիր Պուտինի հետ հենց հիմա դեմ առ դեմ հանդիպել, պատրաստ եմ ցանկացած պահին, պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց, բայց դա պետք է Ռուսաստանի նախագահը լինի»,- ասել է Զելենսկին:

Հնդկական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը կռվելու է բոլոր քաղաքների համար, «կռվելու է այնքան, մինչև չվերականգնի տարածքային ամբողջականությունը»:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինան պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության երաշխիքների թեման այն բանից հետո, երբ հարցի շուրջ բանակցություններ տեղի կունենան անվտանգության երաշխավոր դառնալու ցանկություն հայտնած երկրների հետ:

Դրանց թվում Զելենսկին նշել է Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Իսրայելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG