Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, թե պետք է ամեն բան անել, որ Ռուսաստանի չհաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այդ մասին նա ասել է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հետ համատեղ ասուլիսում:
«Տիկնայք և պարոնայք, ինչպես Քրիստիան Լինդները նշեց՝ Ուկրաինան չպետք է պարտվի այս պատերազմում, Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում: Գերմանիան և Եվրոպան պարտավոր են ամեն ինչ անել Ուկրաինային օգնելու համար»,- ասել է փոխկանցլերը:
Ֆինանսների նախարարը նշել է, որ կառավարությունն, իր հերթին, կանի հնարավորը պատերազմի հետևանքով տուժած գերմանական ընկերություններին սատարելու համար:
Դաշնային կառավարությունը մոտ 7 միլիարդ եվրո կտրամադրի գերմանական ընկերություններին, որոնք այս կամ այն չափով տուժել են Ուկրաինայի պատերազմի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից:
Միաժամանակ նախարարը նշել է, որ այդ գումարով հնարավոր չի լինի հատուցել բոլոր կորուստները:
«Այս փաթեթը տրվում է որպես չնախատեսված շոկային երևույթ հաղթահարելու միջոց: Այն պետք է թույլ տա կանխել բիզնեսում հնարավոր կառուցվածքային ճեղքերը, բայց այն չի չեղարկում շուկայի օրենքները, սա հարկատուների գումարն է»,- ասել է ֆինանսների նախարարը: