Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 5-րդ փաթեթը


Ուկրաինայի և Եվրամիության դրոշները Եվրախորհրդարանի շենքի մոտ, Բրյուսել, 1 մարտի, 2022թ.
Ուկրաինայի և Եվրամիության դրոշները Եվրախորհրդարանի շենքի մոտ, Բրյուսել, 1 մարտի, 2022թ.

Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների 5-րդ փաթեթը: Սանկցիոն ցուցակում են նաև ֆիզիկական անձինք ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելառուսից: Պատժամիջոցների 5-րդ փաթեթն ընդունվել է Ուկրաինայի վրա ռազմական հարձակման կապակցությամբ:

Սանկցիաների 5-րդ փաթեթով ենթադրվում է արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ: Բացառություն կարվի միայն գյուղատնտեսական, պարենային և մարդասիրական նշանակության արտադրանք փոխադրող նավերի համար:

Նոր փաթեթով արգելվում է ռուսական ածխի ներկրումը: Էմբարգոն ուժի մեջ կմտնի ամռան վերջին:

Եվրամիության տարածքում արգելվում է ռուսական և բելառուսական ավտոտրանսպորտային ձեռնարկությունների գործունեությունը, այդ թվում՝ տարանցման դեպքում, եթե դա խոչընդոտելու է բեռնափոխադրումները:

Արգելվում է ռեակտիվ վառելիքի, քվանտային համակարգիչների, կիսահաղորդիչների, արդիական էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման և արդիական այլ սարքավորումների փոխադրումը Ռուսաստան:

Արգելվում են գործարքներ ռուսական չորս առաջատար բանկերի հետ: Խոսքը ռուսական շուկայի 23 տոկոսը գրաված բանկերի մասին է: Այդ քառյակում է նաև ՎՏԲ-ն:

Այն բանից հետո, երբ այդ բանկերը կանջատվեն SWIFT համակարգից, դրանց ակտիվները կսառեցվեն և դրանք ամբողջությամբ կտրված կլինեն Եվրամիության շուկաներից:

Արգելվում է արժույթի և արժեթղթերի վաճառքը Ռուսաստանի և Բելառուսի ֆիզիկական անձանց:

Սանկցիաների ցանկում են նաև ռուս ու բելառուս պաշտոնյաներ, գործարարներ և նրանց ընտանիքների անդամներ:

XS
SM
MD
LG