Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման վտանգն աննախադեպ լարվածություն է առաջացրել ոչ միայն այդ երկու նախկին խորհրդային պետությունների, այլև Ռուսաստանի և ամբողջ Արևմուտքի հարաբերություններում:
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին Ռուսաստանի ներկայացրած պահանջները մերժվել են:
Ռուսներն Ուկրաինայի սահմանի մոտ ունեն շուրջ 100 հազարի հասնող զորախումբ, բացի այդ՝ մոտ 30 հազարն այս պահին տեղակայված են Բելառուսում, որտեղ իբր համատեղ զորախաղեր են: Իսկ թե քանի տասնյակ հազար «կանաչ մարդ» կամ կամավոր կա բուն Դոնբասի տարածքում՝ ստույգ հայտնի չէ: Ի՞նչ կլինի, եթե այդ հզոր ուժը գործի դրվի:
Արևմուտքը սպառնացել է աննախադեպ խիստ պատժամիջոցներով: Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ ամերիկացի զինվորի առաջ չի դրվի Ուկրաինան պաշտպանելու առաջադրանք: Նույնն էլ ՆԱՏՕ-ի մասին ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում խնդրին անդրադարձել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին:
Նրա փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահը հստակ ասել է, որ Ուկրաինա ռուսների նոր ներխուժման պարագայում ամերիկյան զորքը մարտական գործողությունների չի մասնակցի:
«Բայց մենք նաև ընդգծել ենք, որ Միացյալ Նահանգները հարգում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի պահանջը: Մենք տարբեր եղանակներով ամրացնում ենք ՆԱՏՕ-ի արևելյան ճակատը և ապացուցում ենք մեր հավատարմությունը ՆԱՏՕ-ում ստանձնած պարտավորություններին», - ասել է Քըրբին:
Նրա խոսքով՝ հնարավոր գործողությունների տարբերակներից մի քանիսը չեն բացառում ամերիկյան զինուժի տեղաշարժը նույնիսկ հավանական ներխուժումից առաջ, և այդ նպատակով էլ ամերիկյան ուժերն արդեն սկսել են տեղափոխվել Եվրոպա:
«Դե իսկ եթե Պուտինը ներխուժի Ուկրաինա, վստահաբար կլինեն պատժամիջոցներ ու ծանր հետևանքներ», - ասել է Պենտագոնի խոսնակը:
Փետրվարի 16-17-ը Բրյուսելում նախատեսված է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հավաքը: Ջոն Քըրբին հաստատել է, որ նախարար Լլոյդ Օսթինը կմասնակցի հավաքին: Նախարարները, բնականաբար, կխոսեն Ուկրաինայի մասին, քանի որ դա է այսօր հրատապ թեման:
Ռուսները հավաստիացնում են, որ Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունեն, բայց և հզոր բանակ են մոտեցնում այդ երկրի սահմանին:
«Ուզում են ապացուցե՞լ, որ ագրեսիվ նպատակ չունեն՝ լավագույն միջոցն է հետ քաշել և տուն ուղարկել այս 100 հազար զինծառայողներին», - ասել է Քըրբին:
Ամերիկան և դաշնակիցները կշարունակեն օգնել Ուկրաինային, արդեն այդ երկիր է ուղարկվել զինամթերք, հանդերձանք, սարքավորումներ, մարտական և ոչ մարտական նշանակության արտադրանք, և այդ առաքումները կշարունակվեն:
Արդյո՞ք այս ընթացքում ռուսների կողմից չեն եղել հզոր ուժը նվազեցնելու, դեէսկալացիայի դիմելու մասին վկայող քայլեր: «Ամերիկայի ձայն»-ի այդ հարցին Ջոն Քըրբին բացասական պատասխան է տվել:
«Ոչ, նույնիսկ այս օրերին նրանք շարունակում, են հզորացնել Ուկրաինայի սահմանին մոտեցրած, ինչպես նաև Բելառուս ուղարկած ուժերը: Դրանք միայն ցամաքային ուժեր չեն՝ այնտեղ կա ավիացիա, հրթիռներ, հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, էսկալացիան շարունակվում է», - ասել է Պենտագոնի խոսնակը:
Մոսկվան պնդում է, թե Վաշինգտոնը և Բրյուսելը պետք է հստակ խոստանան, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ դա այսպես կոչված «կարմիր գիծ» է, և եթե այդ ու մյուս պահանջները չկատարվեն, Ռուսաստանը կդիմի ռազմական բաղադրիչներ ենթադրող պատասխանի:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մերժել են պահանջները, սակայն ընդգծել են, որ պատրաստ են շարունակել Ռուսաստանի հետ բանակցույունները: