Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունում կարծում են, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց միևնույն ժամանակ որևէ հայ զինծառայողի չպետք է ուղարկեր այդ երկիր։
Խմբակցության այս դիրքորոշումը «Ազատության» հետ զրույցում հաստատեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Այս մասին ֆեյսբուքյան գրառում կատարած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը այսպես է հիմնավորում իրենց դիրքորոշումը. «Մի շարք հասկանալի պատճառներով զորախումբ չուղարկեինք Ղազախստան. առաջինը՝ մոր հետպատերազմյան իրավիճակը, երբ մենք ինքներս խնդիրներ ունենք սահմանների պաշտպանության հարցում, հետպատերազմյան շոկը և խնդիրները կարգավորված չեն և ամենակարևորը՝ չպետք է մոռանանք, որ Ղազախստանն այն երկրների շարքում էր պատերազմի ընթացքում, որ բացահայտ աջակցություն էր հայտնում Ադրբեջանին ու միաժամանակ նոյեմբերի 9-ին, այսպես կոչված, հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց Ադրբեջանին: Այս ամեն ինչը մենք չենք կարող հաշվի չառնել որոշում կայացնելուց առաջ»:
Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում ևս կարծում են, որ Ղազախստան զորք ուղարկելու Փաշինյանի որոշումը շատ ռիսկային էր. «Այս իրականության մեջ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք, որն այս պահին, բնական է, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հայ հասարակությունը, որը բավական ուշադիր հետևում է իրադարձություններին, չի տիրապետում, դա տեղեկատվություն է, որը բնութագրում է իրական իրավիճակը Ղազախստանում, որովհետև մի կողմից ունենք տեղեկատվական հոսք՝ կապված խաղաղ ցուցարարների ակցիաների հետ՝ Ղազախստանի տարբեր բնակավայրերում, մյուս կողմից ունենք գլխատված ուժայինների մասին տեղեկատվություն և ահաբեկչական տարբեր խմբերի ակտիվացման կամ տեսանյութերի մասին տեղեկատվություն, որը բավականին խճճում է առանց այն էլ բավականին բարդ այն պատկերը, որ այսօր կա Ղազախստանում: Այս տեսանկյունից շատ բան դեռևս հստակ կլինի որոշ ժամանակ հետո, երբ իրականության մեջ պարզ դառնա, թե ինչ հիմքով, ինչ իրական պատճառներով և ինչ է տեղի ունենում Ղազախստանում և դրանում ինչ ազդեցություն ունեն ահաբեկչական խմբերը»:
Եթե Հայաստանը «ոչ» ասեր, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով, կնմանվեր նեղացած երիտասարդի։ 100 հոգանոց ստորաբաժանում ուղարկելու որոշման հրապարակման հաջորդ օրը՝ երեկ միայն լռությունը խախտած պաշտոնյան ներկայացրեց Երևանի հիմնավորումները:
«Մենք ոչ թե ամոթխած երիտասարդի կամ նեղացած երիտասարդի պես պետք է ասենք, որ, այ, տեսեք, դուք չեք արել, մենք էլ չենք արել, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Եվ հույս ունենք, որ եթե հետագայում Հայաստանը նմանատիպ իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն», - նշել է Գրիգորյանը:
Ղազախստանում խաղաղապահ գործողություններին մասնակցել թույլատրող գործադիրի որոշումը կառավարության պաշտոնական կայքում հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառումից գրեթե 12 ժամ հետո նոր միայն։ Կառավարության լրատվականից «Ազատությանը» փոխանցել էին, որ որոշումն ընդունվել է գրավոր քվեարկությամբ։
Ընդդիմադիրները ընդունում են, այո՛, զինված ուժերի կիրառման մասին իրավասությունը Սահմանադրությունը կառավարությանն է վերապահում, բայց ճիշտ կլիներ խորհրդակցություններ անցկացնել նաև խորհրդարանական ուժերի հետ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտոնապես հայտարարեց Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին, երբ հեղուկ գազի կտրուկ թանկացումից հետո սկսված բողոքի ակցիաները զանգվածային անկարգությունների վերածվեցին։
Թեև Ղազախստանի իշխանությունները պնդում են, որ ահաբեկչական գործողությունների դեմ են պայքարում, առայժմ, սակայն, պաշտոնապես որևէ փաստ չի ներկայացվել ահաբեկչության կամ օտարերկրյա միջամտության մասին։