Ալմաթիում իրադրության որոշակի հանդարտեցման և ՀԱՊԿ զորախմբի՝ Ղազախստանի տարածքում տեղակայման ֆոնին այսօր հայտնի դարձավ երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահի Քարիմ Մասիմովի ձերբակալության մասին։
Ղազախական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Մասիմովը և մի շարք այլ անձինք, որոնց անունները չեն հրապարակվում «ձերբակալվել են պետական դավաճանության կասկածանքով»։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մասիմովին Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացրել էր հունվարի 5-ին՝ Ալմաթիում և մի շարք այլ քաղաքներում լայնածավալ անկարգությունների բռնկումից մի քանի ժամ անց։
Քարիմ Մասիմովը համարվում է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մերձավոր թիմակիցներից մեկը։ Ազգային անվտանգության կոմիտեն նա ղեկավարում էր 2016 թվականից, մինչ այդ երկու անգամ՝ 2007-ից 2012 և 2014-2016 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, եղել է նաև նախագահ Նազարբաևի աշխատակազմի ղեկավար։
Մասիմովի կալանավորմանը նախորդեցին նախագահ Տոկաևի թիմին մոտ կանգնած մի շարք աղբյուրների տեղեկատվական արտահոսքերը, որոնց համաձայն հունվարի 5-ի անկարգությունների ժամանակ Ազգային անվտանգության մարմինները հանցավոր անգործություն են ցուցաբերել` թույլ տալով, որպեսզի ցուցարարները թալանեն գերատեսչության զինապահեստներից մեկը։
Բացի այդ տեղեկություններ կան, որոնց համաձայն Մասիմովի ղեկավարած գերատեսչությունը միտումնավոր կերպով անպաշտպան է թողել Ալմաթիի միջազգային օդանավակայանը՝ թույլ տալով որպեսզի բողոքի գործողությունների մասնակիցները գրավեն և թալանեն այն։