Դեռ չեն հասցրել բոլոր խաղաղպահներին տեղափոխել Ղազախստան, մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ -մայոր Իգոր Կոնաշենկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ այսօր առավոտյան խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահների հետ միասին, վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար է նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
Երեկ երեկոյան ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ այսօր արդեն կավարտի Ղազախստան կազմակերպության ուժերի տեղափոխումը, մինչդեռ Արևմուտքն արդեն հայտարարում է, թե Ղազախստան օտար ուժեր հրավիրելու՝ երկրի իշխանությունների որոշման հետ կապված որոշ հարցեր ունի։
Ստանիսլավ Զասը երեկ երեկոյան "РИА Новости" գործակալությանն ասել է, թե Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թիվը կլինի մոտ 2,5 հազար, հարկ եղած դեպքում այն կավելացվի։ Զասի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ բոլոր ստորաբաժանումների տեղափոխումը Ղազախստան պետք է ավարտվի այսօր։
«Աստիճանաբար, կարծում եմ՝ վաղը օրվա ընթացքում մենք կավարտենք մեր մյուս խաղաղապահ ստորաբաժանումների վերատեղաբաշխումը», - երեկ երեկոյան ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ կազմակերպության անդամ բոլոր պետությունները համաձայնել են ստորաբաժանումներ ուղարկել Ղազախստան:
Թե որքան երկար ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանի տարածքում, Զասը չի հստակեցրել, ասելով, թե տևողությունը կախված կլինի իրավիճակից: ՀԱՊԿ ուժերը, նրա խոսքով, դուրս կբերվեն, երբ Ղազախստանի իշխանությունները կհամարեն, որ այլևս ի զորու են ինքնուրույն հսկել իրադրությունը։ «Ինչքա՞ն, մի քանի օ՞ր, թե՞ մի քանի շաբաթ՝ դա կախված կլինի Ղազախստանում ստեղծված կացությունից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Դեռ հստակ չէ նաև, թե ինչ են անելու խաղաղապահները Ղազախստանում, Զասի խոսքով՝ նրանք վերահսկելու են ռազմավարական նշանակության օբյեկտներ, սակայն հարկ եղած դեպքում կարող են նաև զենք կիրառել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հավաստիացրել է, թե ցուցարարներին ցրելու ակցիաներին ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցի։
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հարցականի տակ են դնում Ղազախստան ՀԱՊԿ զինված ուժեր ուղարկելու մասին որոշումը։
ԱՄՆ-ը հարցեր ունի երկրում ՀԱՊԿ ուժեր ծավալելու համար Ղազախստանի դիմումի օրինականության վերաբերյալ, երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ իր հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան ուղարկելու մասին հաղորդումներին: Մենք հարցեր ունենք այս ուժերը տեղակայելու խնդրանքի և այն մասին, թե արդյոք նման հրավերն օրինակա՞ն էր, թե՞ ոչ: Այս պահին մենք դա չգիտենք», - ասել է Ջեն Սաքին:
Նույն է ասել նաև ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը ընդգծելով, թե ՝ Ղազախստանի կառավարությունն երկրում կարգուկանոն հաստատելու բավարար սեփական ռեսուրսներ ունի և հավելել․ «Մենք Ղազախստանի իշխանությանն ենք թողնում օտարազգի զինված ուժեր սեփական տարածքում տեղակայելու վերաբերյալ տեսակետներ հայտնելու հնարավորությունը: Մենք շատ ուշադիր ենք հետևելու մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքին և ղազախական հաստատությունները գրավելու օտարազգի ուժերի բոլոր փորձերին», - ասել է Նեդ Փրայսը:
Ի դեպ՝ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր հայտնել է, թե կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպության տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին:
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ղազախստան ուժեր ուղարկելու մասին որոշումը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ընդունել են մի քանի ժամում։
Երեկ ավելի վաղ Եվրամիության արտգործնախարարը մտահոգությամբ է արձագանքել թե՛ ղազախստանյան իրադարձություններին, թե՛ խաղաղապահ զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը։
«Քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն։ Արտաքին ռազմական աջակցությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել», - Թվիթերում գրել է Ժոզեպ Բորելը՝ առանց հստակեցնելու, թե ինչ հիշողությունների մասին է խոսքը։