Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։
«Արտասահմանից կողմերին կոչ են անում խնդիրը բանակցությունների միջոցով լուծել, ինչպիսի անհեթեթություն, ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա։ Հենց ավազակների և ահաբեկիչների: Այդ իսկ պատճառով, նրանց պետք է ոչնչացնել: Եվ դա կարվի մոտ ապագայում», - ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ հայտարարել է Տոկաևը։
Իր ուղերձում Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին՝ «ՀԱՊԿ ուժերը ներգրավելու օպերատիվ որոշման համար»։ «Նա շատ օպերատիվ և կարևորը՝ ընկերաբար ջերմ արձագանքեց իմ դիմումին», - ասել է Տոկաևը։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։