«ՀԱՊԿ-ը ստեղծված չէ, որ ներքաղաքական իրադարձություններում միջամտություն անի», - «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Սա շատ նման է Խորհրդային Միության կողմից թե՛ հունգարիա և թե՛ Չեխոսլովակիա, Պրահա 56 թվականին, 68 թվականին, Աֆղանստան 1978 թվականին, ներխուժումներին, շատ նման է ներխուժումներին Ուկրաինայում արդեն Պուտինի ռեժիմի կողմից», - նշեց Սաքունցը:
Իրավապաշտպանի պնդմամբ՝ «պատասխանատու իշխանությունն իր քաղաքացիների դեմ այլ երկրի զորքեր չի բերի»:
Ազատության հարցին, թե ի՞նչ աներ Երևանը, երբ դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ում, այս տարի էլ նախագահող է, ու դիմել են, Արթուր Սաքունցը պատասխանեց. «ՀԱՊԿ-ը ստեղծված չէ, որ ներքաղաքական իրադարձություններում միջամտություն անի: Չկան որևիցե արտաքին միջամտության վերաբերյալ տվյալներ, հենց բառացիորեն դիմելուց առաջ սկսեցին այդ խոսակցությունները ծավալել, բայց վերջին հաշվով հունվարի 2-ից մինչև հունվարի 5-ը ո՞նց եղավ, որ որևիցե նման խոսակցություն չեղավ»:
«Փաշինյանը պետք է ընդամենը մտահոգություն հայտներ իրադարձությունների առումով»
«Ականատես ենք եղել, հետևել ենք, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի առանձին ներկայացուցիչներ, ՀԱՊԿ-ը դիտարկում էին որպես հնարավորություն անդամ պետություններում հնարավոր, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» կանխման կամ ներքաղաքական իրադարձությունների միջամտության ռեսուրս, որն ի սկզբանե ՀԱՊԿ-ի մանդատի մեջ չի եղել, բայց մենք գիտենք նաև, որ ՀԱՊԿ-ը հենց բռնապետական պետությունների ակումբ է և դա նոր չենք ասել: Եվ հիմա արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը ոչ թե արտաքին վտանգների կանխման ինստիտուտ է, որը մենք Հայաստանի պարագայում տեսանք այս պահին 41, թե 45 քառակուսի կմ ըստ էության Ադրբեջանի կողմից, հարևան պետության կողմից փաստացի օկուպացված է և ՀԱՊԿ-ը ընդամենը մտահոգություն է հայտնում, Փաշինյանը պետք է ընդամենը մտահոգություն հայտներ իրադարձությունների առումով և օր առաջ չշտապեր. ինքը ավելի շատ փորձեց կաթոլիկ երևալ, քան Կրեմլը և ըստ էության կատարեց Կրեմլի պահանջը»:
«Ազատության» դիտարկմանը, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ասել է, որ «մենք մեզ նեղացած երիտասարդի պես պահելու փոխարեն փորձել ենք վեջապես աշխատեցնել այդ կառույցը, որ հետագայում էլ երբ որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակներ ստեղծվեն, գոնե մի անգամ էլ փորձեն փորձ լինի իրենք էլ մեզ աջակցեն, Սաքունցն արձագանքեց. «Պետք է փորձեմ համապատասխան բառապաշարն ընտրեմ, բայց այնուամենայնիվ, իսկ դու ո՞վ ես, որ աշխատացնես ՀԱՊԿ-ը, մի հատ նայիր էլի քո ռեսուրսին, աշխատեցնող էիր, քեզ համար աշխատեցնեիր: Դու չես կարողանում քեզ համար աշխատեցնել, չես էլ կարող, որովհետև ՀԱՊԿ-ը լավ գիտենք, դրա ուղնուծուծը, առանցքը և կրողը Ռուսաստանն է, Պուտինի վարչակազմն է, ռեժիմն է: Դե փորձեիր ասեիր՝ ինչի՞ չես մտնում, թող մարդիկ վերջին հաշվով ժողովրդավարական ճանապարհով փորձեին երկխոսություն լիներ, մենք նպաստեինք աջակցեինք, որ որպեսզի երկխոսություն ծավալվի ու ասեիր, որ չէ, գիտեք ոնց է՝ զորքեր պետք չենք, դո փորձեիր կա՛մ Լուկաշենկոյին, կա՛մ Պուտինին ասեիր: Կամ եթե էդքան կարող ես ասել, հենց նույն Լուկաշենկոյին ու Պուտինին ասեիր՝ զորքերը մտցրեք Հայաստան 41 քառակուսի կմ ազատագրեք:
Նման իրադարձությունների ժամանակ փորձել անմեղսունակ գնահատականներ տալ առանց իրական ռեսուրսը հաշվելու, մեզ են չհասկացողի տեղ դնում կամ մտածողի ընդունակությունից զուրկ: Առավել ևս վատ է, երբ որ պաշտոնատար անձինք տրամաբանությունից ու մտածողության բացակայության տեսակետից են հանդես գալիս»:
Ըստ իրավապաշտպանի, Պուտինն անձամբ արդեն սկսել է կոշտ վերահսկողություն իրականացնել հետխորհրդային տարածաշրջանում:
«Ղրղըզստանը, որը Ղազախստանի հենց հարևան պետությունն է, կարողացավ դեմ դուրս գալ, ըստ էության և իր զորքերը չմիացրեց: Խարհրդարանը հաստատել է, բայց այնուամենայնիվ նրանք չեն ուղարկում զորքը, մեր մոտ էլ խորհրդարանը ժամանակին հաստատել, որ Վրաստան պետք է զորքեր մտցնի: Դա նշանակում է, որ, ցավոք սրտի, մենք ունենք մի իրավիճակ, երբ ճշմարտությունը դա մեջ է և Անվտանգության խորհրդի քարտուղարը և ընդհանրապես Հայաստանի իշխանությունները պետք է քաջություն ունենան ընդունելու հատևյալը, որ Պուտինն անձամբ արդեն սկսել է կոշտ վերահսկողություն իրականացնել հետխորհրդային տարածաշրջանում, այդ թվում նաև իշխանությունների նկատմամբ, նկատի ունեմ Բելառուսն արդեն վերցրեց, Ղազախստանն ըստ էության հիմա օկուպացվում է, Հայաստանն արդեն այս պատերազմից հետո ամբողջովին կորցրել էր իր ինքնիշխանության մակարդակը: Հիմա կորցնում է ոչ միայն նման քայլերով, այլ ըստ էության, ինքն ամբողջապես ենթարկվում է պուտինյան ռեժիմին», - ընդգծեց նա:
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։ Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։