17:44
ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ռեժիմում քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունները։ Այս մասին տեղեկացրել են ՀԱՊԿ միացյալ շտաբից:
15:41
Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 164-ի, հայտնել է Khabar-24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները։
Ավելի քան 2200 մարդ է դիմել բժշկական օգնության՝ կապված անկարգությունների արդյունքում ստացած վնասվածքների հետ։
14:36
Ղրղզստանի իշխանությունները նոտա են հղել Ղազախստան՝ կապված այդ երկրի անվտանգության ուժերի կողմից Ղրղզստանի քաղաքացու ձերբակալության հետ՝ ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով։ Լրագրողներին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահը։
13:54
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը՝ քննարկելու համար Ղազախստանի իրավիճակը, նախատեսված է հունվարի 10-ին։ ՏԱՍՍ-ն հայտնել են Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունից։
11:27
Ներկայումս հարուցված է 125 քրեական գործ, ոստիկանություն է բերվել 5800 մարդ, որոնց շարքերում զգալի թվով օտարերկրացիներ կան, զեկուցվել է նախագահ Տոկաևին:
11:24
ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը պահպանում է Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը՝ օպերատիվ շտաբի նիստի արդյունքներով։
10:39
Ալմաթիի միջազգային օդանավակայանի աշխատանքը կվերսկսվի քաղաքում իրավիճակի կայունացումից հետո, օդային նավահանգիստն ընդհանուր առմամբ տեխնիկապես պատրաստ է դրան։ Այս մասին կիրակի հայտնել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը։
10:37
Մոտ 300 զինված մարդ է ձերբակալվել պետական սահմանը ավտոմոբիլային ճանապարհով կամ ոտքով հատելու փորձի ժամանակ, հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը:
10:30
Հունվարի 9-ի դրությամբ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովված է։
10:25
Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, իրավիճակը կայունացել է։ Այս մասին ասվում է հանրապետության ներքին գործերի նախարարի հայտարարության մեջ:
«Ներկայումս հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է երկրում կարգուկանոնը վերականգնելու համար: Այսօր իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում», - Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` տեղեկացրել է նախարարը:
10:09
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը Ղազախստանում բացարձակ օրինական է:
«Խաղաղապահները մեկնել են այդ երկիր միայն այն բանից հեոո, երբ Ղազախստանում սպառվել են ճգնաժամը կարգավորելու ներքաղաքական հնարավորությունները, և ակնհայտ է դարձել արտաքին վտանը»,- ասել է խոսնակը:
15:34
Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կրեմլի մամուլի ծառայության փոխնացմամբ՝ երեք երկրների առաջնորդները հավանություն են տվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին` առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ։
14:04
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանվել է Իսրայելի քաղաքացի։ Իսրայելի դիվանագիտական գերատեսչության համաձայն՝ 22-ամյա երիտասարդը, որը վերջին մի քանի տարիներին բնակվում էր Ղազախստանում, սպանվել է ուրբաթ օրը Ալմաթիում՝ հրազենի կրակոցից։
13:52
Հեռախոսազրույց են ունեցել Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները, որի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին մանրամասն ներկայացրել է հանրապետությունում տիրող իրավիճակը և նշել, որ այն կայունանում է։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջնորդը առաջարկել է Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքի անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ առաջիկա օրերին համատեղ քննարկում անցկացնել` տեսակոնֆերանսի միջոցով։ «Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
13:21
Ղազախստաում ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ և նախկին վարչապետ Քարիմ Մասիմովը:
Ղազախական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Մասիմովը և մի շարք այլ անձինք, որոնց անունները չեն հրապարակվում «ձերբակալվել են պետական դավաճանության կասկածանքով»։
12:40
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր, այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի խոսնակ Բերիկ Ուալին։
12:26
Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։ Նախկին նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Նազարբաևն այժմ գտնվում է Նուր-Սուլթանում:
23:06
Միացյալ Նահանգները հարցեր ունի Ղազախստանի՝ ՀԱՊԿ-ից օգնության խնդրանքի բնույթի կապակցությամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա հավելել է, որ ղազախական իշխանություններն ունեն հնարավորություն ինքնուրույն կարգավորելու ցույցերը:
«Այդ իսկ պատճառով հստակ չէ, թե ինչու նրանք դրսից օգնության կարիք զգացին», - ընդգծել է Բլինքենը։
22:55
Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել են BelTA պետական գործակալությանը։
Զրույցի ընթացքում, ինչպես հաղորդվում է, Լուկաշենկոն ու Նազարբաևը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։
21:14
Ալմաթիում փակ են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։ Հրապարակի մոտ կանգնած է գնդակոծված մեքենա, ներսում դիակ կա, օրվա ավարտին տեղից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակիցը։
Քաղաքի առևտրի խոշոր կենտրոնները գտնվում են զինվորականների վերահսկողության տակ։ Լրագրողները նաև փոխանցում են, որ քաղաքի բենզալցակայաններում և բանկոմատների մոտ մարդկանց հերթեր են, բնակիչները պատմում են, որ կանխիկ գումար չունեն, ու եթե ստեղծված իրավիճակը պահպանվի ևս մի քանի օր, մարդիկ սոված կմնան։
Խանութներում հացի պակաս կա։
20:52
Գերմանիայի կառավարությունը կոչ է անում ղազախական ճգնաժամի բոլոր կողմերին վերջ տալ բռնություններին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք ձգտում ենք ամենուր պաշտպանել իրավական պետականության սկզբունքները, ուստի կոչ ենք անում հրաժարվել բռնություններից։ Բնականաբար, անթույլատրելի է բռնության գործադրումը քաղաքացիների նկատմամբ», - ասել է Դաշնության կանցլերը։
20:03
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ։
«Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի իշխանությունների՝ երկրում խաղաղություն և կարգուկանոն վերականգնելու ջանքերին»,- հաղորդում է Տաջիկստանի նախագահական նստավայրը։
19:30
Ղազախստանի ամենամեծ Ալմաթի քաղաքում ապրող հայ համայնքի ներկայացուցչի խոսքով` երկրում հաց ու բենզին չկա, թալան է, ինտերնետ կապն անջատված է, ամենուր հերթեր են, իսկ երեկոյան ժամերին ընդհանրապես վտանգավոր է տներից դուրս գալը:
19:07
Արևմտյան և ռուսական մամուլն անդրադարձել է ղազախական դեպքերին` համեմատելով հետխորհրդային այլ երկրների, այդ թվում` Հայաստանի հետ:
19:00
Եթե Հայաստանը ոչ ասեր,Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով` կնմանվեր նեղացած երիտասարդի. «Մենք ոչ թե ամոթխած երիտասարդի կամ նեղացած երիտասարդի պես պետք է ասեինք, որ այ տեսեք` դուք չեք արել, մենք էլ չենք արել, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք»:
18:03
Չինաստանը վճռականորեն դեմ է հանդես գալիս Ղազախստանում անկարգություններ ստեղծող, գունավոր հեղափոխություն հրահրող արտաքին ուժերին, այս մասին ուրբաթ օրը ղազախ պաշտոնակցին հղած իր ուղերձում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Ղազախստանի հարևան երկրի դիվանագիտական գերատեսչությունն էլ հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է Ղազախստանի հետ միասին շարունակել սահմանամերձ շրջաններում հանդարտության պահպանումը:
17:42
Ղազախական մի շարք լրատվամիջոցներ նկատում են, որ երկրի իշխանությունները դադարել են պաշտոնական հաղորդագրություններում նշել մայրաքաղաքի անունը՝ Նուր-Սուլթանի փոխարեն օգտագործելով «Ղազախստանի մայրաքաղաք» կամ պարզապես «մայրաքաղաք» բառակապակցությունները։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան է դարձել 2019 թվականին՝ երկրի նախկին երկարամյա առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի պատվին։
17:17
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը՝ նշելով ավազակային կազմավորումների մուտքն այս երկիր կանխելու կարևորությունը։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեության հարցի վերաբերյալ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան»,- ասվում է նախագահի մամուլի ծառայությունում։
16:21
Ղազախստանում շարունակվող բողոքի ցույցերի, ուժայիննների հետ բախումների ընթացքում ձերբակալվածների թիվը ավելի քան 3 հազար 800 է, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ուժայինների կողմից սպանվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, 26 հոգի էլ վնասվածքներ է ստացել։
16:00
«Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստան է մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ տեղափոխելով ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի Հայաստանի ստորաբաժանումը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
15:38
Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցության ընթացքում կքննարկեն Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։
15:05
Ղրղըզստանի խորհրդարանը հավանություն տվեց ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան զորախումբ ուղարկելու առաջարկին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմ է արտահայտվել 69, դեմ՝ 7 պատգամավոր։
14:57
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։
«Արտասահմանից կողմերին կոչ են անում խնդիրը բանակցությունների միջոցով լուծել, ինչպիսի անհեթեթություն, ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա։ Հենց ավազակների և ահաբեկիչների: Այդ իսկ պատճառով, նրանց պետք է ոչնչացնել: Եվ դա կարվի մոտ ապագայում», - ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ հայտարարել է Տոկաևը։
14:30
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:
13:36
Երբ վարչապետ Փաշինյանը ստացել է Ղազախստանի նախագահի դիմումն ու խորհրդակցել ՀԱՊԿ առաջնորդների հետ, այդ պահին արդեն Ղազախստանում ոչ թե հեղափոխական գործընթացներ էին, այլ՝ ահաբեկչական գործողություններ: Այս մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը շեշտեց, որ զորախումբ ուղարկելու որոշումը եղել է կոնսենսուսային՝ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
13:05
Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Հունանյանը նշել է նաև, որ այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը Ղազախստանից ՀՀ քաղաքացիներին տարհանելու մտադրություն չունի, և որ այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Հայաստանի պաշտպանության նախարարության համաձայն՝ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում՝ թվով 100 զինծառայող։
12:47
Ղազախստանի իշխանություններն ամբողջ երկրում սահմանել են ահաբեկչական սպառնալիքի կրիտիկական՝ կարմիր մակարդակ։ Այդ մասին այսօր հայտնել են Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում ասված է, որ այդ կապակցությամբ պետական մարմինների ղեկավարները միջոցներ են ձեռնարկել՝ ուղղված երկրում իրավիճակի կայունացմանն ու անհատին և պետությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիքի վերացմանը։
12:24
Ալմաթիի Հանրապետության հրապարակի տարածքում կրակոցները շարունակվում են։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, կան զոհեր։
Զոհվածների դիերն ընկած են հենց ճանապարհին։ Երևում են մի քանի գնդակոծված մեքենաներ, որոնցից առնվազն երկուսի մեջ դիակներ կան։
12:00
Ղազախստանի իրավապահ մարմինները լիկվիդացրել են անկարգությունների 26 մասնակիցների, ավելի քան 3 հազար մարդ ձերբակալվել է, հայտնում է «Խաբար-24» հեռուստաալիքը՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մի խումբ անհայտ անձինք բարիկադներ են տեղադրել Ալմաթիի Հանրապետության հրապարակում գտնվող «Միր» հեռուստաալիքի շենքում։ Կան զոհեր, մահացածների դիերն ընկած են հենց փողոցում։
11:35
Մոտ երեք տասնյակ մարդ, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, երեկ ցույց են անցկացրել Նյու Յորքում Ղազախստանի գլխավոր հյուպատոսության դիմաց։
Ցուցարարները հայտարարել են, որ ցույց կանցկացնեն նաև Հայաստանի գլխավոր հյուպատոսության մոտ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել ՀԱՊԿ զորքեր ուղարկելու մասին: Այսօր էլ ցույց են նախատեսում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ։
11:00
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական կոնտինգենտի հիմնական ուժերը պատրաստվում են Ղազախստան թռչել:
ՀԱՊԿ ռուս խաղաղապահների այն ստորաբաժանումները, որոնք արդեն Ղազախստանում են, սկսել են առաջադրանքներ կատարել և ապահովել խաղաղապահ զորախմբի հիմնական ուժերի ընդունումը։
10:40
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, և տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։
«Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է: Իրավապահ ուժերը քրտնաջան աշխատում են: Բայց ահաբեկիչները շարունակում են զենք օգտագործել և վնասել քաղաքացիների ունեցվածքը, ուստի հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների լիակատար ոչնչացումը», - ասել է Տոկաևը։
10:20
ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ Ղազախստանի իշխանությունները կլուծեն տնտեսական և քաղաքական հիմնախնդիրները:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը: Մեզ անհանգստացնում է արտակարգ դրության ռեժիմի շարունակումը, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են բռնություններից, և խստագույնս դատապարտում ենք բռնության և սեփականությունը ոչնչացնելու դեպքերը: Մենք կոչ ենք անում ցուցարարներին խաղաղ եղանակով դրսևորել բողոքը, իշխանությանն էլ հորդորում ենք զուսպ արձագանքել», - ասել է Փրայսը:
09:40
Հունվարի 6-ի երեկոյան ժամերին Ղազախստանի ամենախոշոր քաղաքի` նախկին մայրաքաղաք Ալմաթիի կենտրոնում նորից կրակահերթեր են արձակվել:
«Միր-24» հեռուստակայանի թղթակցի փոխանցմամբ` բախումները տեղի են ունենում Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջանում:
09:15
Ղազախական վեց գազային ընկերությունների նկատմամբ հարուցվել են գործեր «գնային դավադրության» մեղադրանքով:
Այդ մասին «Խաբար-24» հեռուստակայանի թղթակցին ասել է Ղազախստանի մրցակցության և զարգացման գործակալության ներկայացուցիչը:
09:00
Ղազախստանի ոստիկանությունը սպառնում է «ոչնչացնել զանգվածային անկարգությունների այն մասնակիցներին, ովքեր վայր չեն դնի զենքը և կշարունակեն դիմադրել»: Այդ մասին ասել է Ալմաթիի ոստիկանության խոսնակ Սալտանատ Ազիրբեկը:
«Նրանք, ովքեր զենքը չեն հանձնի, կոչնչացվեն», - ասել է Ազիրբեկը և ավելացրել, որ քաղաքներում ուժեղացված հսկողություն է:
23:25
«Բոլորն արդեն վարժվել են նրան, որ Վաշինգտոնի որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ չէ, որ հասկանում են՝ դա ներկայացնելով որպես ամերիկյան դիրքորոշում», - Սպիտակ տան խոսնակին հակադարձել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
23:20
Միացյալ Նահանգները հարցեր ունի Ղազախստանի՝ երկրում ՀԱՊԿ ուժեր ծավալելու համար դիմումի օրինականության վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին:
22:52
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը РИА "Новости" լրատվական գործակալությանը հայտնել է, որ Ղազախստանում հավաքական խաղաղապահ ուժերը կունենան մոտ 2,5 հազար թվակազմ:
Ըստ Ստանիսլավ Զասի՝ անհրաժեշտության դեպքում դրանք կուժեղացվեն:
«Խաղաղապահները դուրս կբերվեն, երբ Ղազախստանի իշխանությունները կհամարեն, որ այլևս ի զորու են ինքնուրույն հսկել իրադրությունը, մենք հուսով ենք, որ տեղակայման ժամկետը երկար չի լինի, բայց ինչքա՞ն, մի քանի օ՞ր, թե՞ մի քանի շաբաթ՝ դա կախված կլինի Ղազախստանում ստեղծված կացությունից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Զասը նաև նշել է, որ Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահներն ունեն զենք կիրառելու իրավունք այն դեպքում, եթե տեղի կունենա հարձակում իրենց ուժերով պաշտպանվող որևէ օբյեկտի վրա:
21:38
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել զոհերի ու վիրավորների մասին։ Ըստ այդմ, արդեն հինգերորդ օրը շարունակվող բախումներում զոհվել է ուժային կառույցների 18 աշխատակից, 13-ը՝ Ալմաթիում, վիրավորվել է 748, ձերբակալվել՝ 2298 մարդ։
Պաշտոնական աղբյուրները, սակայն, մինչ այս պահը չեն խոսում քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված կորուստների մասին։ Ականատեսները, սակայն, ռուսական լրատվամիջոցներին պատմել են Ալմաթիի գլխավոր հրապարակում հնչող կրակահերթերի մասին։
Ըստ այդ հաղորդումների, իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, նրանցից առնվազն մեկը սպանվել է։
21:25
ԵՄ արտգործնախարարը մտահոգությամբ է արձագանքել ղազախստանյան իրադարձություններին, այդ թվում՝ խաղաղապահ զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը։
«Քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն։ Արտաքին ռազմական աջակցությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել»,- Թվիթերում գրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ առանց հստակ մանրամասների։
«Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս ճգնաժամի հանգուցալուծմանը»,- ընդգծել է նա։
21:15
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ։
«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Ղազախստանի սահմանադրական ինստիտուտներին ու մամուլի ազատությանը, ինչպես նաև հորդորել հասնել ճգնաժամի` խաղաղ, մարդու իրավունքները հարգող հանգուցալուծման»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
20:07
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը այսօր Ղազախստանում ծագած ճգնաժամը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Պաշտոնական Անկարայի տարածած հաղորդագրության համաձայն Էրդողանն իր ադրբեջանցի, ուզբեկ և ղրղզ պաշտոնակիցների հետ զրույցներում այսպիսի համոզմունք է հայտնել. «Եղբայրական Ղազախստանը երկխոսության միջոցով կհաղթահարի ծագած խնդիրը։ Անվտանգությունն ու կայունությունը կարևոր են ողջ տարածաշրջանի համար»։
19:18
Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին հետևել անվտանգության կանոններին` խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում կամ բնակության վայրերում:
18։59
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարել է, որ ռուսաստանցի խաղաղապահների առաջին ստորաբաժանումները՝ իրենց ամրակցված տեխնիկայով, ժամանել են Ղազախստան։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Ղազախստան են մեկնել օդադեսանտային զորքերի 45-րդ առանձին բրիգադի, ինչպես նաև Իվանովոյի և Ուլյանովսկի մերձակայքում տեղակայված դեսանտային ստորաբաժանումների զինծառայողները։
18։30
Թուրքիայի և Ղրղըզստանի նախագահներ Սադիր Ժապարովը և Ռեջեփ Էրդողանը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանում ծավալված իրադարձությունները։ Այս մասին հաղորդում է Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ հատուկ ընդգծելով, որ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ղրղըզստանը ՀԱՊԿ անդամ միակ պետությունն է, որ առայժմ զերծ է մնում Ղազախստան զորք ուղարկելուց։ Ղրղըզստանի խորհրդարանն այսօր չկարողացավ քվորում ապահովել արտերկիր զինված ստորաբաժանումներ ուղարկելու հարցը քննարկելու համար։
17:30
Ալմաթիի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակում կրակահերթեր են հնչում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությունը՝ վկայակոչելով ղազախական Տելեգրամ ալիքները։ Դրանց համաձայն` կրակոցների պահին հրապարակում շուրջ 300 ցուցարար է գտնվել:
«Դրանից քիչ առաջ Հանրապետության հրապարակի ուղղությամբ «ԿամԱԶ» մակնիշի հինգ ռազմական մեքենա էր շարժվել, հնչել էին ավտոմատային կրակահերթեր», - հաղորդում է գործակալությունը՝ հատուկ ընդգծելով, սակայն, որ տեղի ունեցածի պաշտոնական հաստատում առայժմ չկա։
17:00
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի ղեկավար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։
«Զասը տեղեկացրել է Ղազախստանում տիրող դրության, ինչպես նաև այդ երկրում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման կատարման ընթացքի մասին», - հայտնել է ՀԱՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Զայնետդինովը։
16:35
«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ևս մեկ դաս լինեն Բելառուսի համար», - այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մեզ համար սա դաս էր, ևս մեկ դաս այն առումով, որ մենք հասկացանք, թե ինչ կարող էր լինել մեզ հետ [2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ]:Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ մենք խաղաղ բելառուսներ ենք։ Բելառուսում հարցերը ոչ բելառուսներն էին լուծելու», - հայտարարել է Լուկաշենկոն։
15։55
Եվրամիությունը հայտարարում է, թե ի գիտություն է ընդունել Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու՝ ՀԱՊԿ որոշումը։ Կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը միաժամանակ պնդել է, որ «նմանատիպ ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»։
«Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է իրավիճակին․ մենք դատապարտում ենք բռնությունները և վանդալիզմը Ալմաթիում , ցավակցում զոհերի հարազատներին։ Հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»,-այսօր ասել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Նաբիլա Մասսրալին։
Դիվանագետը նշել է, որ Բրյուսելը պատրաստ է աջակցել կողմերի միջև երկխոսությանը։
15։43
Ռուսաստանը ղազախական իրադարձությունները դիտարկում է որպես պետության անվտանգությունը և ամբողջականությունը բռնությամբ սասանելու՝ դրսից հրահրված փորձ․ արտգործնախարարությունն այս մասին հատուկ հայտարարություն է տարածել, պնդելով, թե ղազախական իրադարձություններին մասնակցում են «պատրաստված և կազմակերպված զինված խմբավորումներ»։
Պաշտպանելով այս իրավիճակում Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորքեր ուղարկելու որոշումը՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև պնդել է,թե «Մոսկվան կշարունակի սերտ խորհդակցությունները ղազախական կողմի, ինչպես նաև ՀԱՊԿ գործընկերների հետ՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ, արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար»։
Թե խոսքն ինչի քայլերի մասին է՝ Մոսկվան չի հստակեցնում։
15։03
Ղրղըզստանի արտգործնախարարությունը սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող քաղաքացիներին: Քաղաքացիներին տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում:
14։48
Air Astana ընկերությունը մինչև հունվարի 7-ը չեղարկել է բոլոր չվերթները, քանի որ համացանցը չի աշխատում: Аэрофлот ընկերությունն էլ Ղազախստանի ուղղությամբ երկու չվերթ է չեղարկել:
14։15
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է իրավիճակը Ղազախստանում, հաղորդում է ռուսական TACC գործակալությանը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ը մոտ կանգնած աղբյուրներին։
Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության տեղեկություններով, Լավրովն ու Չավուշօղլուն ղազախական ճգնաժամից բացի անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին, ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջիկա նիստին, ինչպես նաև Բոսնիա-Հերցեգովինայում և Կովկասում ստեղծված իրավիճակին։
14։10
Առայժմ հստակ չէ՝ արդյոք Ղրղըզստանը կմիանա ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը․ այս հարցով այսօր խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստին ներկայացել է ընդամենը 40 պատգամավոր, որոշում չի ընդունվել։
Ղրղըզական օրենսդրության համաձայն, մինչդեռ, զորքերն արտերկիր ուղարկելու հարցում կողմ պետք է քվեարկի խորհրդարանի 90 անդամներից առնվազն 60-ը։
Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի քարտուղար էրբոլ Սուլթանբաևը հայտարարել էր, որ ղրղըզ զինվորականները կմասնակցեն ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը, բայց ոչ՝ բողոքի ակցիաների մասնակիցների հետ դիմակայությանը։ «Ղրղըզստանի զորքերը զբաղվելու են բացառապես ռազմավարական օբյեկտների հսկողությամբ», - ասել էր Ղրղըզստանի նախագահի խոսնակը։
14։05
BBC-ի համաձայն, այսօր Ղազախստանի բոլոր բանկերը դադարեցրել են աշխատանքը։ Կենտրոնական դրամատունը հայտարարել է, թե այդ որոշումը պայմանավորված է «հակաահաբեկչական գործողությունների» անցկացմամբ, ինտերնետ կապի խափանումներով և բանկերի աշխատակիցների և հաճախորդների պաշտպանությամբ։
13։55
Ալմաթիից ստացվող հաղորդումների համաձայն, տեղում մարտերը շարունակվում են, կան տասնյակ զոհեր, իրավիճակը մնում է լարված։
Կեսգիշերին Ալմաթիի իշխանությունը հայտարարեց քաղաքում հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով»:
Ղազախական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, գիշերային բախումների ընթացքում սպանվել է տասներկու ուժային, ըստ Ալմաթիի պարետատան, սպանվածներից մեկը գլխատվել է։
Ցուցարարների շրջանում զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռ չեն հաղորդվել։
Ավելի վաղ Ղազախստանի առողջապահության փոխնախարար Աժար Գինիյաթը հայտարարել է, որ բախումների ընթացքում տուժել է ավելի քան հազար մարդ։
13։50
Պաշտոնական տվյալներով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում մոտ 3 հազար 600 զինծառայող է ընդգրկված կազմակերպության անդամ 6 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
Այս զորամիավորումները նախատեսված են խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար, ստեղծվել են 2007-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև ստորագրված համաձայնագրով։
ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորակազմը հատուկ պատրաստվածություն ունեցող զինվորական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմ է, ներգրավված է նաև բժշկական ջոկատ։ Խաղաղապահ այդ ուժերը միասնական պատրաստվածություն են անցնում ՀԱՊԿ ծրագրերով, զինված են միասնական կամ համատեղվող զինատեսակներով և կապի միջոցներով, պարբերաբար մասնակցում են համատեղ զորավարժությունների։
2012-ից այդ նպատակով ամեն տարի կազմակերպվում է «Անխախտ եղբայրություն» զորավարժությունը, վերջին անգամ այդ վարժանքները անցկացվել են անցած տարի նոյեմբերին Կազանում։ Ի դեպ, այդ վարժանքների ընթացքում խաղաղապահները կատարել էին «գրոհայինների» կողմից գրավված շենք գրոհելու, ինչպես նաև «պատանդների» ազատ արձակման և տուժածներին օգնություն տրամադրելու առաջադրանքներ:
12։40
«Ռուսաստանցի խաղաղապահների առաջին ստորաբաժանումները արդեն Ղազախստանի տարածքում են և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները», - մոսկովյան լրատվամիջոցներին փոխանցել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է խաղաղապահների Ղազախստան մեկնելու առաջին կադրերը՝ չհստակեցնելով սակայն, թե հատկապես, որ ռազմական օդանավակայանում են դրանք նկարահանվել։
Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, Ղազախստան են տեղափոխվում օդադեսանտային զորքերի զինծառայողները։
12։ 30
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակահատվածով մեկնել են Ղազախստան։ Կազմում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ստորաբաժանումները։ Այս մասին ասված է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում։
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրները լինելու է պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունն ու աջակցությունն իրավապահ մարմիններին՝ իրավիճակի կայունացման գործում, ասված է հայտարարությունում։
11։21
Հայաստանի արտգործնախարարությունը «անհանգստությամբ և մտահոգությամբ» է հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումների առնչությամբ՝ նշելով՝ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտում է բռնությունը՝ շեշտելով՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
2:57
Ամերիկյան վարչակազմը ուշադրությամբ հետևում է ղազախստանյան իրադարձություններին և զսպվածության կոչ անում բոլոր կողմերին, հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Ղազախստանը կարևոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար։ Մենք դատապարտում ենք բռնությունն ու գույքի ոչնչացումը, հորդորում ենք թե՛ իշխանություններին, թե՛ ցուցարարներին զսպվածություն ցուցաբերել»,-ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
Վաշինգտոնը նաև կոչ է արել հարգել սահմանադրական ինստիտուտները, մարդու իրավունքները և լրատվամիջոցների ազատությունը, այդ թվում՝վերականգնել ինտերնետ կապը։
«Հորդորում ենք բոլոր կողմերին փնտրել այս ծայրահեղ լարված իրավիճակից դուրս գալու խաղաղ միջոցներ»,-ընդգծել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ավելի վաղ զսպվածության կոչ էր հնչեցրել նաև ԱՄՆ նախագահական նստավայրը։
01:33
Ալմաթիի իշխանությունը հայտարարում է քաղաքում հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով»:
«Ցավոք, ծայրահեղ տրամադրված անկարգությունների կողմնակիցները հսկայական վնաս են հասցրել քաղաքին, դիմադրել են իրավապահ մարմինների օրինական գործողություններին», - ասվում է պարետատան տարածած պաշտոնական հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության, ցուցարարները «թալանում», «վնաս են հասցնում բիզնեսին», «վտանգում են քաղաքացիական անձանց կյանքն ու առողջությունը», «խոչընդոտում բուժաշխատողների աշխատանքին»։ Պարետատունը պնդում է նաև, թե «ավազակների բարձր կազմակերպվածությունը վկայում է արտասահմանում նրանց լուրջ պատրաստվածության մասին»` հարձակումը որակելով որպես արտաքին ագրեսիա, պետության ամբողջականության խաթարման փորձ։
«Ազատության» ղազախական ծառայության հաղորդմամբ՝ դժվար է հասկանալ, թե ինչ է այս պահին կատարվում Ալմաթիում։ «Հայտնի է, որ մարդկանց որոշակի խմբեր (որևէ փաստ չկա, որ նրանք հունվարի 2-ից բողոքի դուրս եկած ցուցարարներ են) ամբողջ քաղաքը վախի մեջ են պահում։ Հաղորդվում է, որ նրանք զինված են», - տեղից փոխանցում են «Ազատության» թղթակիցները։
01:20
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - Ֆեյսբուքում գրեց Հայաստանի վարչապետը, ով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է:
6-ը հունվարի, 00:04
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե երկրում շարունակվող բախումների հետևանքով 8 ոստիկան և զինվորական է զոհվել, 317-ը՝ վիրավորվել։
«Հարձակման են ենթարկվել հարյուրավոր մարդիկ, որոնք պահպանում էին կարգուկանոնն ու բնակչության առողջությունը», - հայտարարել է նախարարությունը։
Ցուցարարների շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվել։
23:30
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, անհապաղ խորհրդակցություններ է սկսում կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ», - գրեց Հայաստանի ղեկավարը Ֆեյսբուքում:
23:15
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, թե օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար։
«Ես այսօր դիմել եմ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին՝ օգնություն տրամադրելու Ղազախստանին, որպեսզի հաղթահարենք այս ահաբեկչական սպառնալիքը։ Իրականում, սա արդեն սպառնալիք չէ, այլ՝ պետականության սասանում, և հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք դիմում են ինձ՝ երկրի ղեկավարիս, օգնության խնդրանքով»,-հայտարարել է Ղազախստանի առաջնորդը։
Տոկաևը հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի Ղազախստանի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Թե ինչպես են իր դիմումին արձագանքել ՀԱՊԿ առաջնորդները՝ նա չի հստակեցրել։
23:05
Ալմաթիի մերձակայքում «թեժ մարտեր են» կառավարական ուժերի և «ահաբեկիչների» միջև, հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդակցության ժամանակ, որի տեսագրությունը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։
Տոկաևը միաժամանակ հաստատել է, որ ցուցարարները գրավել են երկրի ամենամեծ՝ Ալմաթիի օդանավակայանը։ «Ահաբեկչական բանդաները զավթում են խոշոր ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավորապես, նրանք գրավել են Ալմաթիի օդանավակայանը, հինգ ինքնաթիռներ,այդ թվում՝ արտասահմանյան։ Ալմաթին ենթարկվել է հարձակման ու վանդալիզմի»,- պնդել է Տոկաևը։
Ավելի վաղ նա խոսել էր բախումների ժամանակ արձանագրված զոհերի և վիրավորների մասին՝ առանց հստակ տվյալներ ներկայացնելու։
22:38
Վաշինգտոնը հետևում է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին և կողմերին հորդորում է չսրել վիճակը, ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին:
«Օգտվելով առիթից ցանկանում եմ ասել, որ մենք լսել ենք Ռուսաստանում հնչեցված խենթ և կեղծ պնդումներն առ այն, թե, իբր, Միացյալ Նահանգներն է գտնվում այդ զարգացումների ետևում: Ուզում եմ ընդգծել, որ դրանք բացարձակ սուտ պնդումներ են և ռուսական սովորական ապատեղեկատվության օրինակ են: Մենք վերջին տարիներին շատ ենք նման բաներ լսել»,- հայտարարել է Սաքին:
Նրա փոխանցմամբ` ԱՄՆ-ը Ղազախստանի ղեկավարներից պահանջում է զսպվածություն դրսևորել, իսկ ընդդիմությանը հորդորում է պահանջները խաղաղ եղանակով ներկայացնել:
22:31
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել խաղաղ եղանակով կարգավորել Ղազախստանի ճգնաժամը:
«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես ուշադրությամբ հետևում եմ Ղազախստանում ծավալվող իրադարձություններին: Բռնությունը երբեք չի կարող լինել հակամարտությունը կարգավորելու ճիշտ լուծում», - ասվում է Ռաուի թվիթերյան էջում տեղադրած ուղերձում:
22:00
Ղրղըզստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Ղազախստանին՝ կապված հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ, հայտարարում է է Ղրղըզստանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Վստահություն հայտնելով, որ հարևան հանրապետությունն ի վիճակի է ինքնուրույն և առանց արտաքին միջամտության լուծել ստեղծված իրավիճակը՝ Ղրղըզստանը` որպես դաշնակից և ռազմավարական գործընկեր, վերահաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում համակողմանի աջակցություն ցուցաբերել եղբայրական Ղազախստանին», - հայտարարում է պաշտոնական Բիշքեկը։
Ղրղըզական արտգործնախարարությունն ընդգծում է, որ երկրի իշխանությունները ուշադրությամբ և անհանգստությամբ են հետևում Ղազախստանի վերջին իրադարձություններին։
21:24
Նախագահ Տոկաևը արտակարգ դրություն է մտցրել Ղազախստանի ողջ տարածքում, հաղորդում են ղազախական աղբյուրները և ռուսական գործակալությունները։
Մինչ այդ, նախագահական հրամանագրով արտակարգ դրություն էր սահմանվել միայն չորս շրջաններում, այդ թվում՝ խոշորագույն քաղաքներում՝ Ալմաթիում և Նուր-Սուլթանում։ Որոշումը սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը երեկոյան 11-ից մինչև առավոտյան 7-ը, արգելում է զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, ինչպես նաև լիազորում է իրավապահ մարմինների աշխատակիցներին զննության ենթարկել քաղաքացիներին ու ստուգել նրանց մեքենաները։
21:20
Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է՝ Ղազախստանում շարունակվող բախումների պատճառով։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, այսօր նախատեսված թռիչքը, որը պետք է իրականացվեր ղազախական SCAT ավիաընկերության կողմից, հետաձգվել է։
Ըստ չվացուցակի, ակնկալվում էր, որ ղազախական ինքնաթիռները պետք է Երևան ժամանեին հունվարի 6 -ին` Երևանի ժամանակով 00:10-ին և 18:20-ին։
Դեպի Ղազախստան չվերթները դադարեցրել են մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ բելառուսական «Բելավիան» և ադրբեջանական «Ազալը»։
21:10
«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակիցները Ալմաթիում կրակոցների թիրախում են հայտնվել, այս մասին հայտնել է ծառայության լրատվամիջոցի ներկայացուցիչ Թորոկուլ Դոորովը։
Նրա խոսքով` լրագրողների վրա հարձակումը տեղի է ունեցել Ալմաթիի գլխավոր հրապարակում, երբ ցուցարարները ներխուժում էին պետական նշանակության շենքերից մեկը։ Անհայտ անձինք կրակ են բացել հրապարակում գտնվող ցուցարարների և լրագրողների ուղղությամբ։
Ըստ Դոորովի` հայտնի չէ` կրակոցներ արձակած անձինք սադրիչներ, թե ուժայիններ են, քանի որ նրանք գտնվել են առանց համարանիշներով մեքենաների մեջ, որը տևական ժամանակ հետապնդում էր լրագրողներին:
21:00
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանում ծավալվող զարգացումների թեման հեռախոսով քննարկել է նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Այդ մասին ասվում է Բելառուսի նախագահի մամլո վարչության հաղորդագրությունում, որում նշվում է նաև, որ «խնդրի շուրջ մշտական շփման մեջ են ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները»:
20:50
Եվրամիությունը հորդորում է խաղաղ հանգուցալուծման հասնել Ղազախստանում, այդ մասին ասվում է կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության այսօր տարածած հայտարարության մեջ։
«Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատվությամբ և զսպվածությամբ և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության հետագա սրացման»,- հայտարարել է Բրյուսելը` միաժամանակ ընդգծելով քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի իրավունքը։
Եվրամիությունը նաև կոչ է անում Ղազախստանի իշխանություններին հարգել խաղաղ բողոքի և ուժի կիրառման համաչափության հիմնարար իրավունքը՝ պաշտպանելով իր օրինական անվտանգության շահերը և պահպանել իր միջազգային պարտավորությունները:
«Ղազախստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար. Եվրամիություն-Ղազախստան ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում մենք հույս ունենք, որ Ղազախստանը կպահպանի իր պարտավորությունները, ներառյալ մամուլի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը», - հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը:
20:40
Orda.kz ղազախական կայքի փոխանցմամբ, երկրի ամենախոշոր քաղաքի՝ Ալմաթիի օդանավակայանի աշխատակիցները հեռացել են համալիրից: Մի քանի տասնյակ վրդովված ցուցարարներ ներխուժել են օդանավակայանի տարածք:
«Նախնական տվյալներով, այս պահին օդակայանում գտնվում են մոտ 45 զավթիչներ: Հենց նրանք մտան տարածք, մեր աշխատակիցները հեռացան: Գրավման պահին ուղևորներ չեն եղել: Մենք շատ արագ տարհանել ենք ուղևորներին և 11 դարպասներով դուրս ենք հանել: Զինվորականները հեռացել են, սակայն մենք չգիտենք, թե որ ուղղությամբ»,- փոխանցել է օդակայանի մի անանուն աշխատակից Orda.kz ղազախական կայքին:
20:30
«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) չեղարկեց թռիչքները դեպի Ալմաթի։ Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը, ինչպես հայտարարում է, նման որոշում է կայացրել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։
Ավելի վաղ ռուսական «Աերոֆլոտն» էր չեղարկել երեկոյան չվերթը Ալմաթիից դեպի Մոսկվա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ալմաթիի օդանավակայնը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ BBC-ի` ցուցարարները շարժվում են Ալմաթիի օդանավակայանի ուղղությամբ:
19:48
Հաղորդվում է, որ Ղազախստանում բախումների հետևանքով արդեն կան զոհվածներ և վիրավորներ: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ժողովրդին հղած ուղերձում հորդորելով սառնասրտություն ցուցաբերել և դադարեցնել բախումները։
«Կան զոհեր և վիրավորներ․․․․Իրավիճակը սպառնում է Ալմաթիի ողջ բնակչության անվտանգությանը, և դա անհնար է հանդուրժել»,- ասել է Ղազախստանի նախագահը՝ բախումների մեկնարկից ի վեր հրապարակված երկրորդ ելույթում։
Տոկաևը զգուշացրել է, որ անվտանգության ուժերը պատրաստ են ապահովել երկրի անվտանգությունը, կանխել բռնություններն ու ամենակոշտ ձևով պատժել անկարգությունների մեղավորներին։
19:14
Ցուցարարները շարժվում են Ալմաթիի օդանավակայանի ուղղությամբ, տեղեկացնում է BBC-ն։
Տեղական լրատվամիջոցները պնդում են, թե օդանավակայնը դադարեցրել է աշխատանքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Աերոֆլոտը» չեղարկել է երեկոյան չվերթը Ալմաթիից դեպի Մոսկվա։
18:30
Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները ներխուժել են Ալմաթիում գտնվող նախագահական նստավայր, անվտանգության աշխատակիցները լքել են շենքը։
Լրատվամիջոցի համաձայն` ցուցարարները զինված են կարաբիններով, գնդացիրներով։ Ղազախստանի նախագահի հիմնական նստավայրը գտնվում է Նուր-Սուլթանում։
Շենքը ներառված է Ղազախստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, գտնվում է պետական պահպանության տակ։
18:25
Ղազախստանի Տալդիկուրգան քաղաքի կենտրոնում տասնյակ ցուցարարներ հարձակվել են երկրի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի վրա` փորձելով ապամոնտաժել այն։
18:00
Ղազախստանում ինտերնետ կապը ամբողջովին անջատվեց, այս մասին հայտնում է GlobalCheck արգելափակումների մոնիթորինգային ծառայությունը, որի տվյալներով՝ ինտերնետ կապը չի աշխատում ինչպես բջջային, այնպես էլ լարային օպերատորների համար։
Ղազախստանում ինտերնետի ամբողջական արգելափակումը հաստատում է բրիտանական NetBlocks ընկերությունը, որը վերահսկում է ինտերնետի վիճակը ամբողջ աշխարհում: Ղազախստանի մի շարք կայքեր, այդ թվում՝ հանրապետությունում հայտնի զանգվածային լրատվամիջոցները, ներկայումս անհասանելի են։
17:35
Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այդ պաշտոնում Նազարբաևին կփոխարինի ինքը:
Տոկաևի խոսքով՝ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նրա համոզմամբ` անկարգությունների հետևում կանգնած են «ֆինանսական շահագրգռվածություն ունեցող դավադիրներ», որոնք ունեն «մանրակրկիտ պլանավորված ծրագիր»։
«Հետևաբար, ես` որպես պետության ղեկավար և այսօրվանից Անվտանգության խորհրդի նախագահ, մտադիր եմ գործել հնարավորինս կոշտ»,- հայտարարել է Ղազախստանի Տոկաևը։ Նա հերքել է երկրից փախչելու մասին լուրերը` վստահեցնելով, որ առաջիկայում հանդես կգա «Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով»։
* Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետության ղեկավարի պաշտոնից հրաժարվեց 2019-ին՝ իշխանությունը փոխանցելով իր հավատարիմ ենթականերից մեկին՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Հեռանալով նախագահականից՝ երկարամյա առաջնորդը մնաց քաղաքականության մեջ՝ դառնալով երկրի առանցքային կառույցի՝ Անվտանգության խորհրդի նախագահ։
* Պաշտոնաթողությունից առաջ Նազարբաևը նախաձեռնել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք երաշխավորում են նախկին նախագահի և ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը՝ ազատելով նրանց քրեական հետապնդումից։
* Մոտ 19 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը ռուսներն են՝ ավելի քան 4.5 միլիոն:
* Ղազախստանը իրավապաշտպան կառույցների զեկույցներում տասնամյակներ շարունակ համարվել է բռնապետական կառավարմամբ երկիր։
Նուրսուլթան Նազարբաևը անկախությունից հետո հինգ անգամ անընդմեջ վերընտրվել է նախագահի պաշտոնում ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ 2015 թվականին՝ ավելի քան 97 տոկոսով:
16:00
2022 թվականը Ղազախստանում մեկնարկել է աննախադեպ ծավալի բողոքի ակցիաներով, որոնց պատճառը հեղուկ գազի թանկացումն է: Դրան է գումարվել նաև բնակիչների ընդհանուր դժգոհությունը, որը բխում է երկրում առկա սոցիալական բարդ վիճակից և բազում անարդարություններից:
Երկրի նախկին մայրաքաղաք Ալմաթիում և մյուս քաղաքներում ու շրջկենտրոններում տեղի են ունեցել ընդհարումներ: Միայն Ալմաթիում բուժօգնության է դիմել մոտ 200 մարդ, այդ թվում` մոտ 130 ոստիկան: Ավելի քան 200 մարդ ձերբակալվել է:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննադատել է կառավարությանը և նավթագազային սեկտորի ընկերություններին, ասելով, որ գործադիրն ու այդ ընկերություններն են պատասխանատվություն կրում ճգնաժամի համար:
Վարչապետ Ասկար Մամինի կառավարությունը պաշտոնանկ է արվել, վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Ալիխան Սմայիլովը:
Կառավարությունը հրաժարականից առաջ վերանայել է հեղուկ գազի մեկ լիտրի գինն ավելի քան կրկնապատկելու և 50 տենգեից (հավասար է մոտ 0.11 ԱՄՆ դոլարի) 120-ի հացնելու որոշումը: Այժմ մեկ լիտրը վերստին վաճառվում է 50 տենգեով, բայց դա այլևս չի բավարարում վրդովված մարդկանց, և բողոքի ակցիաները շարունակվում են:
Նախագահ Տոկաևը սահմանել է արտակարգ դրություն մայրաքաղաք Նուր-Սուլթանում, նախկին մայրաքաղաք Ալմաթիում, Մանգիստաուի շրջանում և մի շարք այլ բնակավայրերում: Արտակարգ դրությունն այսօրվանից մտել է ուժի մեջ և կգործի մինչև հունվարի 19-ը:
Ալմաթայի շրջանում նաև պարետային ժամ է հայտարարվել, այն գործում է երեկոյան 11-ից մինչև առավոտյան 7-ը:
Ալմաթիի շրջան ելումուտը սահմանափակվել է, հանրային հավաքների, ցույցերի, ժամանցի, մարզական և այլ միջոցառումների անցկացումն, ինչպես նաև զենքի և զինամթերի վաճառքն արգելվել են:
Հատուկ հսկողություն է սահմանվել դեղամիջոցների, թմրամիջոցների, էթիլ սպիրտի և ալկոհոլի վաճառքի նկատմամբ:
Նախագահ Տոկաևը երեկ դիմել է քաղաքացիներին կարգուկանոնը պահպանելու հորդորով: Նա կոչ է արել խոհեմություն դրսևորել, դրսից ու ներսից չենթարկվել սադրանքների, մերժել ամենաթողությունը:
Տոկաևն ընդգծել է քաղաքացիական և զինվորական գերատեսչությունների վրա հարձակումների անթույլատրելիությունը, հայտարարելով, որ դա պատիժ ենթադրող հանցանք է:
«Իշխանությունը չի ընկնի, բայց մեզ առճակատում պետք չէ, մենք երկխոսության կողմնակից ենք: Դիմում եմ երիտասարդներին՝ մի փչացրեք ձեր կյանքի ուղիները, մի թունավորեք մտերիմների կյանքը»,- ասել է Տոկաևը, հավաստիացնելով, որ բնակիչների բոլոր օրինական պահանջները կկատարվեն, և այդ նպատակով հունվարի 5-ին տեղի կունենա աշխատանքային ժողով:
«Այս պահին վճռվում է ձեր բարեկեցության հարցը և մեր երկրի տեղն արդիական աշխարհում»,- ասել է Տոկաևը:
Չնայած այդ հորդորներին և իրավապահների կոշտ գործողություններին՝ զայրացած ցուցարարներն այսօր ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարան, այնտեղ հրդեհ է բռնկվել:
Հիմա մի քանի հազար մարդ շարժվել է Նազարբաևի անվան պողոտայով և հասել ու գրավել Ալմաթիում Ղազախստանի նախագահի նստավայրը:
Նազարբաևի պողոտայում ընդհարումններ են, հնչում են կրակոցներ և պայթյուններ, կիրառվում են լուսաձայնային նռնակներ: Նստավայրին հարող տարածքում ծուխ է բարձրանում: Ճգնաժամը շարունակվում է:
Ղազախստանը նավթի, գազի և մետաղի խոշոր հանքավայրերի երկիր է, Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունը: