Դեկտեմբերի 5-ին 36 խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե բոլոր տեղերում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։
Խորհրդարանական ընդդիմությունից այս ընտրություններին առավել ակտիվ է «Հայաստան» դաշինքի կազմից Հայ հեղափոխական դաշնակցությունը․ 36-ից 20-համայնքում մասնակցում են ընտրություններին։ Պայքարելու են այնքան, որ իշխանությանը զրկեն համայնքներում իշխանությունից, ասում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սա համարեք նաև դիմադրության մի մաս, որովհետև այդ տարածքային ինքնակառավարման մարմինները, տարածքային տեղական իշխանությունները նաև կարևոր դերակատարություն են ունենում միշտ քաղաքական գործընթացներում», - ասաց Մանուկյանը։
Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում։ Թեև իշխանությունը գրեթե բոլոր համայնքներում մասնակցում է, բայց հաղթելու շանսերը մեծ չեն, ասում է ընդդիմադիր պատգամավորն ու հիշեցնում Գորիսի, Կապանի ու Գյումրու ընտրությունների արդյունքները, որտեղ պարտվեց Փաշինյանի թիմը։
«Շատ համայնքներում իշխանությունն ուղղակի հերոսաբար պարտվում է, որը խոսում է սեփական վարկանիշի չգոյության, անկման, ինչպես նաև քաղաքական համահայաստանյան թիմ չունենալու մասին է վկայում», - ասաց Մանուկյանը։
Դեկտեմբերի 5-ին սպասվող ընտրություններում ակտիվացել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ «Հունիսյան խորհրդարանական ընտրություններում «Լուսավորի» պարտությունը չի նշանակում,որ պետք է նահանջենք ընտրապայքարից առհասարակ», - ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը։
«Լուսավոր Հայաստանը» հինգ համայնքում, այդ թվում՝ Վանաձորում է մասնակցում։ Այստեղ թերևս ամենաթեժ պայքարն է․ համայնքապետի պաշտոնի համար պայքարում է տասը քաղաքական ուժ։ Նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, որ Վանաձորում նախընտրական գործընթացներին էր մասնակցում, ակնկալում է, որ կհաղթեն։ «Մի պարտությունը դա ոչինչ է, որովհետև մենք չենք ստեղծվել մի ընտրության մասնակցելու համար, մենք ստեղծվել ենք Հայաստանում իրողություններ փոխելու համար», - ասաց Գորգիսյանը։Նա վարչապետ Փաշինյանի թիմին համեմատում է նախկին իշխանություն Հանրապետականի հետ։ Նրա տպավարությամբ՝ գործելաոճով նույնն են, ասում է գրեթե բոլոր համայնքներում մասնակցում են, քանի որ նախկինների պես ունեն ամենատիրության մոլուցք, բայց համայնքային ընտրարշավում հաջողություններով զիջում են։
«Մենք տեսնում ենք ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրական ձայները, իրական աջակցությունը ժողովրդի կողմից և, բարեբախտաբար, դա այնքան մենիշխանության չի տանի, ինչքան նրանք ուզում են», - ասաց Գորգիսյանը։
Դեկտեմբերյան ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքներում նորաստեղծ դաշինքների ցուցակները գլխավորում են հանրապետական թեկնածուներ, բայց Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում։
Խորհրդարանական «Պատիվ ունեմ» դաշինքից Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն է մի շարք համայնքներում կուսակցական ցուցակով մասնակցում։ Նախկին խորհրդարանից Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ է մի քանի համայնքներում միացել ընտրապայքարին։ Աբովյանում ցուցակը գլխավորում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։ Չնայած հեղափոխության թունդ փուլում անգամ Փաշինյանի թիմն այստեղ պարտվել է, բայց այս անգամ էլ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է, երրորդ ուժը ՀՅԴն է։