Մատչելիության հղումներ

Վարդգես Սամսոնյանը՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու. ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել


Գյումրիի 4-րդ քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, կլինի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայները ստացած «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերի աթոռները բաժին կհասնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Քաղաքական երկու ուժերն այսօր նման պայմանավորվածությամբ համագործակցության հուշագիր ստորագրեցին, ըստ էության, վերջ դնելով երկու շաբաթ առաջ կայացած ընտրություններից հետո առաջացած անորոշությանը։

Քաղաքապետի ընտրությունը կկայանա երկու օրից՝ նոյեմբերի 1-ին, երբ կգումարվի նորընտիր ավագանու առաջին նիստը։

«Համագործակցության հուշագիրն իրենից ենթադրում է, որ կողմերը, ելնելով 2021 թվականի հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքներից և նպատակ ունենալով Գյումրիում ձևավորել կայուն մեծամասնություն, ստորագրում են համագործակցության մասին հուշագիրը, որի արդյունքում Գյումրիի քաղաքապետի թեկնածու է առաջադրվում Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերն առաջադրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացմամբ: Ըստ այդմ կողմերը պարտավորվում են իրականացնել համաձայնեցված կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար», - ներկայացրեց ՔՊ-ից Քնարիկ Հարությունյանը:

«Ազատության» հարցի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» քվեարկելու է Վարդգես Սամսոնյանի օգտի՞ն, Հարությունյանը պատասխանեց. «Մենք հուշագիրը հենց դրա համար ենք ստորագրել, որտեղ հստակ այդ դրույթն ամրագրված է և՛ քաղաքապետի, և՛ փոխքաղաքապետերի մասով»:

Այսօրվա համագործակցությանը հուշագիրը կոալիցիա չեն համարում «Բալասանյան դաշինքում»: Հուշագիրը ստորագրած ավագանու անդամ Սոնա Առաքելյանը պնդում է՝ սա միայն համաձայնագիր է ընտրություններում առավելագույն ձայներ ստացած 2 քաղաքական ուժերի միջև՝ ի շահ քաղաքի:

«Սա համագործակցության մասին հուշագիր է, այսինքն՝ ինչպես ընտրությունների ելքը ցույց տվեց, գյումրեցին երկու ուժերի առավել ձայներ տվեց, և ըստ էության տրամաբանության մեջ էր երկու ուժերի համագործակցությունը քաղաքի կառավարման գործում՝ ի շահ քաղաքի ծրագրերի զարգացման, Գյումրիի զարգացման մասով», - ասաց Առաքելյանը:

Հոկտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրություններից հետո մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողանալով հաղթել Գյումրիի ընտրություններում, ճնշումներ է գործադրում ամենաշատ ձայները ստացած «Բալասանյան դաշինքի» դեմ, որպեսզի ձևավորվի կոալիցիա և քաղաքապետ դառնա հենց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն։ Ուշագրավ է, որ այս ֆոնին՝ երկու օր առաջ, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց չարաշահումների գործով Գյումրիի քաղաքապետարանի երկու վարչությունների պետերի ձերբակալման մասին։

Վերջիններս հենց «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչներ էին։ Արդյոք հենց այս ճնշումնե՞րն էին այսօր ստորագրված հուշագրի պատճառը։

«Որևէ ճնշման մասին խոսք գնալ չի կարող, էլի եմ ասում՝ սա միտված է միայն ու միայն քաղաքի զարգացմանը: Երկրի կառավարող ուժը Գյումրիում այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, մենք շահագրգիռ ենք, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակի այդ բարի ավանդույթը նաև Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում: Մենք այդ բոլոր ծրագրերը, ներդրումները, աշխատանքները շարունակելու ենք», - արձագանքեց Հարությունյանը:

Ավագանու 33 մանդատներից 14-ը բաժին է հասել «Բալասանյան դաշինքին», 11-ը՝ «Քաղաքացիական պայմանագրին», 4-ը՝ «Զարթոնք» կուսակցությանը, 2-ական մանդատ էլ ստացել են Հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Նման դասավորության պարագայում «Բալասանյան դաշինքը» կարող էր քաղաքային իշխանություն ձևավորել նաև առանց իշխանական ուժի հետ համագործակցության՝ կոալիցիա կազմելով ընդդիմադիր ուժերի հետ։ Այդպիսի առաջարկ էր արել «Զարթոնք» կուսակցությունը։ Ինչո՞ւ «Բալասանյան դաշինքը» չընդունեց ընդդիմադիր ուժերի՝ քաղաքային իշխանություն ձևավորելու առաջարկը, այս հարցին ի պատասխան դաշինքից ասում են, որ իրենք պատրաստ են բոլոր ուժերի հետ համագործակցել:

«Գյումրեցին առավել ձայներ տվեց այս երկու ուժերին և տրամաբանության մեջ էր հենց այս երկու ուժերի համագործակցությունը նաև համագործակցության մասին հուշագրի առումով, բայց մենք բաց ենք բոլոր ուժերի հետ համագործակցելու, որևէ տարանջատում չկա, մեր համագործակցությունների շրջանակը բաց կլինի նաև մյուս ուժերի դեպքում», - ասաց Սոնա Առաքելյանը:

Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Պարտությունից հետո իշխանությունները որոշել են մարզային իշխանությունը փոխել: Գյումրիից ընտրված ԱԺ-ի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը և առաջիկայում կնշանակվի Շիրակի մարզպետ: «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանության 3.5 տարում մարզում արդեն 4-րդ մարզպետն է փոխում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG