Մատչելիության հղումներ

Փաստաբանը Գորիսի փոխքաղաքապետի կալանավորումը քաղաքական որոշում է համարում, իշխանականները իրավական հարթության մեջ են տեսնում


 Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյան
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյան

Կապանի ընտրություններից առաջ կայացված քաղաքական որոշում․ փաստաբան Արմեն Մելքոնյանը հենց այսպես է որակում Վերաքննիչ քրեական դատարանի երեկվա կայացրած որոշումը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու վերաբերյալ։

«Քաղաքական որոշումը, ըստ իս, զուտ կայացվում է՝ մնացածին վախեցնելու համար։ Կիրակի օրը Կապանում ընտրություններ են, ես կարծում եմ, որ սա մեսիջ է նաև այն մարդկանց, ովքեր կիրակի օրը պիտի մասնակցեն ընտրություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։

Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ սա բացառապես իրավական հարթության մեջ գտնվող գործ է։

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

«Իրավապահ համակարգի գործողությունները, դատական համակարգի կատարած վճիռները, որոշումները որևէ կերպ կապ չունեն քաղաքական գործընթացների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կամ ՏԻՄ ընտրություններին մասնակցող մեր թեկնածուները, որևէ կերպ, որևէ առնչություն չունեն էս գործընթացների հետ։ Ես ևս մեկ անգամ պետք է արձանագրեմ, որ ամբողջությամբ անհիմն են, որովհետև իրական կյանքում որևէ փաստ չկա, որը կարող է ապացուցվել ընդդիմախոսների կողմից նման մեղադրանքը», - ասաց Հովհաննիսյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը այս և Սյունիքի համայնքների մյուս ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերը կապում է Սյունիքում առկա անվտանգության խնդիրներին։

Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան

«Այս իրավիճակում, երբ Գորիս-Կապան ճանապարհը հերթական անգամ փակվում է և Սև լճում շարունակում են ամրանալ ադրբեջանցիները, հիմա էլ մյուս փոխքաղաքապետին են տանում կալանքի, սա ինչպե՞ս կարելի է բացատրել, այստեղ տրամաբանություն չկա», - նշեց Գրիգորյանը։

Գորիսի համայնքային ընտրություններից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Մենուա Հովսեփյանին 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին:

Հովսեփյանը Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավոր աջակիցներից էր։ Առուշանյանը չնայած ամիսներ շարունակ գտնվում է կալանքի տակ, այդուհանդերձ Գորիսի ավագանու ընտրություններում նրա անունը կրող դաշինքն ամենամեծ թվով ձայներն էր հավաքել՝ առաջ անցնելով նաև «Քաղաքացիական պայմանագրից»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG