Մատչելիության հղումներ

Դատարանը չեղարկել է «Իկիլիկյան» դաշինքի գրանցումը՝ հիմք ընդունելով ՔՊ-ի դիմումը


Վարդան Իկիլիկյան
Վարդան Իկիլիկյան

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Իկիլիկյան» դաշինքի գրանցումը կրկին չեղարկվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիմումի հիման վրա նման որոշում է կայացրել Վարչական դատարանը։

«Ազատություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցություններից կազմված դաշինքը նախ գրանցվել էր ընտրատարածքային հանձնաժողովի կողմից, ապա չեղյալ համարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առարկությունից հետո, սակայն ավելի ուշ գրանցումը վերականգնվել էր Վարչական դատարանի որոշմամբ։

Նույն դատական ատյանի կողմից իրար հակասող 2 դատական ակտին պետք է իրավական գնահատական տրվի, ասում է դաշինքի իրավաբան Սիրակ Եղիազարյանը՝ նշելով, որ դիմելու են իրավապահ մարմիններին:

«Վարչական դատարանի այդ դատական կազմը պետք է հիմնավորի, թե ինչպես է կայացրել այդ վճիռը, ինչպես է ընդունել վարույթ այդ գործը։ Նաև պատրաստվում ենք կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմել Արդարադատության նախարարություն», - ասաց իրավաբանը։

Ըստ գործող Ընտրական օրենսգրքի, ՏԻՄ ընտրություններին մասնակից ուժերն իրենց ընտրական ցուցակում պետք է ունենան ներկայացուցիչներ խոշորացված համայնքի մեջ մտնող բնակավայրերի առնվազն կեսից։

«Իկիլիկյան» դաշինքն այս պահանջը, ըստ գրանցող մարմնի, չի կատարել, սակայն դաշինքի ղեկավար, Ախուրյանին միացվող Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը մեկ շաբաթ առաջ պնդել էր, որ գրանցումը մերժելու հանձնաժողովի որոշումից են տեղեկացել, որ Ախուրյանը ոչ թե 33, այլ 35 բնակավայր է միավորելու։

«Գրանցումից հետո կարծես թե, չգիտեմ ինչու, թիվը փոխվեց 35, այսինքն՝ մեր տարածաշրջանում Ախուրյան, Կայարանը և Հացի Կայարանը նորից համարվել են բնակավայր», - ասաց Իկիլիկյանը։

Վարչական դատարանի որոշումները վիճարկման ենթակա չեն, նշված է դատարանի որոշման մեջ: «Իկիլիկյանան» դաշինքի ներկայացուցիչ Սիրակ Եղիազարյանը պնդում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» հայցը դատարանը վարույթ չպետք է ընդուներ, քանի որ այն խախտումներով է եղել:

«Քանի որ կամկետը բաց էին թողել հայց ներկայացնելու, իսկ միջնորդությունը վարվել էր խեղաթյուրված որոշմամբ, և երրորդ՝ վճիռը կայացրեց մի բովանդակությամբ, դիրքորոշմամբ, որը բոլոր մասնագետների կողմից այս դատական ակտը համարում են ոչ իրավաչափ», - ասաց Եղիազարյանը։

Ընտրական գործընթացը կազմակերպող և դատարանում որպես պատասխանող հանդես եկող թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանը «Ազատության» հեռախոսազանգերն, ինչպես օրեր առաջ, անպատասխան թողեց:

Հանձնաժողովն իր ձեռքին դատական 2 ակտ ունի և, ըստ փաստաբանի, 2-ով էլ կարող էր առաջնորդվել: «Զավեշտալի վիճակ է ստեղծվել, սա կոչվում է իրավական քաոս, որովհետև տարածքային ընտրական հանձնաժողովը կարող է օգտվել երկու վճիռներից ու պարտավոր է չօգտվել երկու վճիռներից, պարտավոր է օգտվել երկու վճիռներից ու իրավունք չունի օգտվել երկու վճիռներից՝ ավելի հստակ ձևակերպումը։ Սա արդեն առաջացնում է կաշկանդվածություն՝ ո՞րն է ավելի հիմնավոր, դրա համար էինք մենք խնդրում, որ մի հատ նոր որոշում կայացրու, որովհետև երկու վճիռներն էլ հակասական են», - ասաց Սիրակ Եղիազարյանը։

«Իկիկիլյան» դաշինքը կրկին դիմել է Վարչական դատարան, այս անգամ վիճարկելու հանձնաժողովի անգործությունը: «Պարտավորեցնել 32 տարածքային ընտրական հանձնաժողովին գրանցել դաշինքի ընտրական ցուցակը։ Վճիռներն անդրադառնում են որոշումների անվավեր ճանաչելուն, այնպես որ ինքը պետք է նոր որոշում կայացներ, քանի որ որևիցե որոշում չի կայացրել, դիմել ենք դատարան՝ հենց այդ անգործությունը վերացնելու, այսինքն՝ գործողություն կատարելու պահանջով, այսինքն՝ գրանցելու պահանջով», - ասաց փաստաբանը։

Վարդան Իկիլիկյանը դատական այս քաշքշուկը քաղաքական ճնշում է որակում, ինչը իշխող ուժը հերքում է:

Դեկտեմբերի 5-ին Ախուրյան խոշարացվող համայնքում ընտրություններին այս պահի տվյալներով 3 ուժ է մասնակելու՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները, իսկ արդյոք «Իկիլիկյան» դաշինքը կմասնակցի, թե՝ ոչ, այս պահին անորոշ է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG