Մատչելիության հղումներ

Ամասիայում կայանալիք ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ


Ամասիայում 3 քաղաքական ուժ է մասնակցելու դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին՝ նորաստեղծ «Արփի - Ամասիա» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրն» ու Հանրապետականը։

Ջեմմա Հարությունյան
Ջեմմա Հարությունյան

Ամասիայի գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, որն առաջադրվել է «Արփի-Ամասիա» դաշինքով, 5 տարի ղեկավարելով Ամասիա խոշորացված համայնքը, որոշել է կրկին առաջադրվել։ Ասում է՝ վերջին տարիներին և՛ կառավարության սուբվենցիոն, և՛ միջազգային կազմակերպությունների հետ իրականացված ու դեռևս կիսատ մնացած ծրագրերը շարունակելու ցանկություն ունի։

«Հատկապես մեծ ծրագիր ունենք 9 համայնքներում՝ ոռոգման ներքին ցանցի վերանորոգման ծրագիրը, որը մոտ 250 միլիոն է, և համայնքի կողմից 10 միլիոն ներդրում կատարված է: Ունենք շատ ծրագրեր, և այդ ծրագրերի կյանքի կոչման համար էլ որոշեցի անպայման իմ թեկնածությունը դնել», - ասաց Ամասիայի գործող համայնքապետը:

Ջեմմա Հարությունյանն անկուսակցական է: Նրա առաջնորդած դաշինքը կազմված է «Ազատություն» և «Համերաշխություն» արտախորհրդարանական կուսակցություններից։ Համայնքապետն ասում է՝ գործող իշխանությունների հետ խնդիր չի ունեցել և չի էլ թաքցնում՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկեր իրենց ցուցակը գլխավորել, կհամաձայներ. - «Եթե առաջարկեին, կհամաձայնեի, որովհետև ես իմ աշխատանքի ընթացքում միշտ իրականացրել եմ մեր կառավարության ծրագրերը»:

Խոշորացումից հետո Ամասիան 19 համայնք է ներառում՝ մոտ 8500 բնակչով: Հարությունյանը, ի տարբերություն այլ համայնքապետերի, խոշորացումը արդարացված է համարում։ Ասում է՝ մեծ համայնքների դեպքում սուբվենցիոն ծրագրերն ավելի մատչելի են, օրինակ, հայ-թուրքական սահմանի Ողջի գյուղում գիշերային լուսավորություն են անցկացնել, որը 30 տարի չի եղել:

«Այս 5 տարվա ընթացքում մենք բավական սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել. տեղադրել ենք կարկտակայաններ, արևային էներգիայի մարտկոցներ ինչպես Ամասիայում, այնպես էլ բոլոր համայնքներում՝ փողոցային լուսավորությունների ծախսն ապահովելու համար: Բոլոր համայնքներում ընդլայնել ենք փողոցային լուսավորությունները, մենք նույնիսկ համայնք ենք ունեցել ոչ մի լուսավորման կետ չի ունեցել, ընդ որում՝ ողջի համայնքը, որը համարվում է սահմանամերձ: Մենք այսօր այնտեղ ունենք մոտ 50 լուսավորության կետ: Աշոցք-Ամասիա տանող 17 կմ ճանապարհը լրիվ բարեկարգված է», - ներկայացրեց Հարությունյանը:

Արտյոմ Ղուկասյան
Արտյոմ Ղուկասյան

Ամասիայի գործող ղեկավարը առողջ մրցակցություն է ակնկալում։ Մրցակից Հանրապետականի թեկնածու Արթուր Մկրտումյանը նրա խորհրդականն է, Մկրտումյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց։ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Արտյոմ Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե դեկտեմբերի 5-ի ընտրություններին Հանրապետականը Շիրակի մարզի 4 համայնքներից ինչո՞ւ է միայն Ամասիայում թեկնածու առաջադրել։

«Այնտեղ մեզ ավելի հարմար գտանք: Մեր թեկնածուն, այսպես ասեմ, ավելի հաղթական թեկնածու էր, դրա համար գերադասեցինք մի տեղով տանել մեր պայքարը», - պատասխանեց Ղուկասյանը:

Մերգել Ղարիբյան
Մերգել Ղարիբյան

Անցած ամիս Գյումրիի ընտրություններում պարտված «Քաղաքացիական պայմանագիրը» առաջադրել է Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանին: Հեղափոխությունից հետո իշխող ուժի շարքերը համալրած թեկնածուն կարծում է, որ 13 տարի համայնքի ղեկավարի փորձը իրեն թույլ է տալիս ուժերը չափել մյուսների հետ։

«Որոշեցինք մասնակցել, մենք այս բնագավառում, ՏԻՄ-ի բնագավառում մեծ փորձ ունենք, մենք մասնակցում ենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրները, հոգսերը վեր հանելու, խնդիրներն իրենց ճանապարհով տանել հարթեցնելու նպատակով», - ասաց Ղարիբյանը:

Արփի համայնքը մոտ 1300 բնակիչ ունի: Խոշորացված Ամասիան՝ մոտ 7 անգամ ավելի։ Թեկնածուն ասում է՝ մյուս համայնքների բյուջեներն ուսումնասիրել են և կարծում են՝ կառավարության սուբվենցիոն ծրագրերին մասնակցելով կարող են խնդիրներ լուծել. - «Մենք նրա խնդիրը ուսումնասիրել ենք՝ թե՛ բյուջեի խնդիրները, թե՛ համայնքի բնակավայրերում եղած խնդիրները, կառավարության հետ մեկտեղ սուբվենցիոն ծրագրերով կարելի է, այսպես ասած, մեր խնդիրները ըստ հերթականության վեր հանել ու նման խնդիրները վերացնել»:

Մերգել Ղարիբյանը կարծում է՝ թեժ պայքար չի լինի, քանի որ թեկնածուներն իրար ճանաչում են. - «Թեժ պայքար չի լինելու, բնակիչները բոլորիս էլ ճանաչում են, մենք բոլորս էլ եղել ենք իրար ընկերներ, համերաշխ տանելու ենք այս գործընթացն իր բուն ավարտին»:

Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում Շիրակի մարզը 6 համայնք կունենա՝ նախկին խորհրդային շրջաններն իրենց շրջկենտրոններով՝ Ամասիա, Ախուրյան, Արթիկ, Աշոցք, Անի և Գյումրին: Այս տարի միայն Անի խոշորացված համայնքում ընտրություններ չեն անցկացվի, քանի որ նախորդի ժամանակ համայնքը արդեն խոշորացված էր։

Համամասնական ընտրակարգով ընտրությունները Հայաստանի տասնյակ համայնքներում կանցկացվեն խոշորացման հերթական փուլից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG