Մատչելիության հղումներ

«Արտահերթ ընտրությունները չդարձան խորքային ճգնաժամից երկիրը դուրս բերելու ելք, մտանք դժոխքի նոր շրջան»․ Սերժ Սարգսյան


«Հայաստանում արտահերթ ընտրությունները չդարձան խորքային ճգնաժամից երկիրը դուրս բերելու ելք, մտանք դժոխքի նոր շրջան ադրբեջանական շարունակվող ագրեսիայով այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում», - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային տեսակոնֆերանսում։

«Մենք չենք համակերպվել և սա ռևանշիզմ չէ», - ասել է Սերժ Սարգսյանը։

Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան»-ի նախաձեռնած տեսակոնֆերանսում Հայաստանի նախկին ղեկավարը կոշտ քննադատել է Փաշինյանի կառավարությանը, շեշտել, թե Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ կա, ինչի ուղղությամբ Հայաստանի գործող կառավարության ջանքերն անբավարար են, երբեմն՝ հակադիր։

«Գործող կառավարության քաղաքականությունը ժողովուրդը գնահատել է արտահերթ ընտրություններում»

Անուշ Բեղլոյան
Անուշ Բեղլոյան

Թե ինչպիսինն են գործող կառավարության վարած քաղաքականությունն ու դիվանագիտությունը ժողովուրդը գնահատել է արտահերթ ընտրություններում, Սարգսյանին հակադարձում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը։

«Նախկին իշխանությունը, եթե ուզում է ապագա ունենա որպես քաղաքական ուժ, պետք է վերաձևակերպի իր ռազմավարությունը և սկսի մտածել Հայաստանի Հանրապետության մասին, այլ ոչ թե իշխանության վերադառնալու մասին։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսը և խորհրդարանական դիվանագիտությունը անում են ամեն ինչ՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը և պետական շահը», - ասաց Բեղլոյանը։

Սարգսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ջերմ վերաբերմունքին։

«Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ․ ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում։ Օրինակ, դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակաությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազամական հաղթանակի կապակցությամբ», - ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախկին ղեկավարը հիշեցրել է Ռուսաստանի հետ իր վարած քաղաքականությունը, ընդգծել, թե ճիշտ քայլ էր Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իր որոշումը։

Սարգսյանը գործող կառավարությանը մեղադրել է ապաշնորհ կառավարման ու պոպուլիզմի մեջ

Իշխանությունը Փաշինյանին զիջած Սարգսյանը գործող կառավարությանը մեղադրել է ապաշնորհ կառավարման ու պոպուլիզմի մեջ, որը կործանարար հետևանքներ ունեցավ։

«Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է», - ասել է Սերժ Սարգսյանը։

Իշխանական պատգամավորը Հայաստանի նախկին ղեկավարին հակադարձում է՝ դարձյալ հիշեցնելով ընտրության արդյունքները, թե ընտրողների մեծամասնությունը վստահության քվե տվեց Սարգսյանի հետ ընտրություններում պայքարող Փաշինյանին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG