Հայաստանը չմտավ Ադրբեջանի՝ միջանցքային տրամաբանության մեջ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում Ադրբեջանի տեղադրած անցակետին։
Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հայաստանն էլ պնդում է, որ որևէ միջանցքային տրամաբանություն չի քննարկում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ, որ նաև հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահն է, օրերս հայտարարեց, որ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք։
Ադրբեջանական կողմը նախօրեին ոչ պաշտոնական աղբյուրներով տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։ Պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը և որ Հայաստանը նույնպես, ըստ անհրաժեշտության, մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի։
Ռուբինյանն ընդգծեց՝ դա այն է, ինչ ուզում է Հայաստանը, Հայաստանի ուզածն է եղել միշտ և շարունակում է լինել։
«Ադրբեջանն այս ընթացքում հաճախ փորձել է տարբեր քննարկումներում ներկայացնել, թե իբր Գորիս-Կապան ճանապարհի այդ 21 կիլոմետրանոց հատվածը մեծ հաշվով իրենց տված ճանապարհն է, կամ իրենց տված միջանցքն է, որի դիմաց իրենք ուզում են ստանալ այսպես կոչված միջանցք, և թերևս վերջին զարգացումների և ֆիքսումների արդյունքն է նաև, որ Ադրբեջանը գնաց այսպիսի որոշման, ինչը, բնականաբար, որոշակի դժվարություններ առաջացնում է», - ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, Ադրբեջանի այս որոշոմը Հայաստանի համար անակնկալ չէր՝ Հայաստանը պատրաստ էր նման զարգացումների։
Ադրբեջանի այս որոշման արդյունքում որևէ բնակավայր շրջափակման մեջ չի հայտնվել և չի հայտնվելու, այլընտրանքային ճանապարհը և՛ ուղևորների, և՛ բեռնատարների համար անցանելի է և անցանելի է լինելու, ասաց ԱԺ փոխնախագահը՝ շեշտելով՝ վերջնականապես ֆիքսվում է, որ Ադրբեջանին չի հաջողվել և չի հաջողվելու որևէ միջանցքային տրամաբանություն ներմուծել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկումների և գործողությունների մեջ։
Հարցին, թե ի՞նչ ձևաչափով է այդ հարցը որոշվել, ինչ-որ հարթակում քննարկո՞ւմ է անցկացվել, որ պետք է այդ մաքսակետը տեղադրվի, Ռուբինյանը պատասխանեց՝ դա փոխհամաձայնության արդյունք չէ։
Դիտարկմանը, թե չքննարկելու դիմաց Ադրբեջանը, Թուրքիան կարող են վաղն էլ այլ սակարկելու թեմա ունենալ, ԱԺ փոխնապագահն արձագանքեց․ - «Այստեղ սակարկման խնդիր չկա, վերջին իրադարձությունների շուրջ, որևէ քննարկում չի եղել։ Ես ասում եմ շատ պարզ բան՝ Հայաստանի Հանրապետության տրամաբանությունն է եղել և տրամաբանությունն է, որ բոլոր ճանապարհները, որոնք անցնելու են Հայաստանով և Ադրբեջանով, պետք է լինեն համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի սուվերենության և ամբողջական վերահսկողության ներքո, և այդտեղ պետք է տեղի ունենա վարչարարություն համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի կողմից, սա մեր տրամաբանությունն է, մեր տրամաբանությունը չէ՛ միջանցաքային տրամաբանությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև