Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԽ-ն Ռուսաստանի, ՀԱՊԿ և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա


Հայաստանի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում՝ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

ԱԽ-ն նշում է՝ որ երեկ ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ, բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել Հայաստանի տարածքից։

Ըստ հայտարարության, Հյաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ևս դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից, սակայն նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։
Օգոստոսի վերջին ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը փակեցին։ Ճանապարհը բացվեց մի քանի օր տևած բանակցություններից հետո։ Սեպտեմբերի սկզբին Որոտանի հատվածում ադրբեջանցիներն անցակետ տեղադրեցին, սկսեցին ստուգել Իրանից Հայաստան բեռներ փոխադրող մեքենաների փաստաթղթերն ու մաքսատուրք պահանջել, իսկ օրեր առաջ էլ սկսելու է մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։

Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, ԱԽ-ն ընդգծում է, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:

Հայաստանի ԱԽ-ն վերահաստատում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում և միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:

ԱԽ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ է անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG