Մատչելիության հղումներ

Մոսկվան բացասաբար է ընկալում Երևանի մասնակցությունը ԱՄՆ-ի նախաձեռնած գագաթնաժողովին․ քաղաքական մեկնաբան


Կրեմլի արձագանքը նշանակում է, որ Մոսկվան բացասաբար է ընկալում Երևանի մասնակցությունը ԱՄՆ-ի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, կարծում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին տարածաշրջանից միայն Հայաստանն ու Վրաստանն են մասնակցելու հրավեր ստացել, նախկին ԽՍՀՄ պետություններից նաև՝ մերձբալթյան երկրները, Ուկրաինան և Մոլդովան։ Ռուսաստանը հրավեր չի ստացել։

Պաշտոնական Երևանը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սպիտակ տան նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք հեռավար համաժողովին։

Ռուսաստանից հնչած հայտարարությունների մեջ կոնկրետ Հայաստանի մասին խոսք չկար, բայց, թե՛ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, թե՛ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չեն թաքցրել՝ Մոսկվայի բացասական վերաբերմունքը։

«Միացյալ Նահանգները գերադասում է նոր բաժանարար գծեր ստեղծել՝ պետությունները բաժանելով, իր պատկերացմամբ, լավերի և վատերի», - մասնավորապես, հայտարարել էր Պեսկովը։

Արմեն Բաղդասարյանն ասում է՝ Հայաստանի իշխանություններն այն վիճակում են, որ ստիպված են հաշվի նստել Ռուսաստանի դիրքորոշման հետ։

«Հայաստանն, այսպես թե այնպես, պիտի իր դիրքորոշումը համաձայնեցնի Մոսկվայի հետ, դա չի նշանակում անպայմանորեն ենթարկվել Մոսկվայի հրահանգին։ Դա ենթադրում է ընդամենը հաշվարկել՝ մասնակցության դեպքում Ռուսաստանից եկող սպառնալիքներ իրական կլինեն, թե՝ ոչ, և մասնակցության դեպքում Միացյալ Նահանգների կողմից աջակցություն կլինի, թե՝ ոչ, և թե որն է Հայաստանի համար ավելի կարևոր։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարներն այդպիսի հաշվարկներ անելու կարողություններ ունենան», - ասաց քաղաքական մեկնաբանը։

«Հայաստանը Ռուսաստանի արձագանքը չի ընկալել որպես չմասնակցելու ակնարկ»

Անուշ Բեղլոյան
Անուշ Բեղլոյան

Հայաստանն, ըստ իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանի, Ռուսաստանի արձագանքը չի ընկալել որպես չմասնակցելու ակնարկ։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամն ասում է՝ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը ոչ թե Հայաստանի մասնակցությանն է վերաբերում, այլ՝ Ռուսաստանի ու Արևմուտqի հարաբերություններին։

Հարցին, թե տեղեկություն չունի՞, Հայաստանին որևէ ձևով ասվե՞լ է այդ բացասական վերաբերմունքի մասին, Բեղլոյանը պատասխանեց․ - «Այդպիսի տեղեկություն չունեմ և կարծում եմ, որ դա չի էլ կարող լինել, քանի որ ռուսական կողմը նույնպես երրորդ երկրների հետ իր հարաբերությունները երբեք չի կապում իր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների հետ»։

Անցած շաբաթասկզբին տեղի ունեցած սահմանային արյունալի բախումների օրը ԱՄՆ-ի դեսպանին հանդիպած Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել էր՝ Ադրբեջանի այս գործողությունները հարված են ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Իր առցանց ասուլիսում վարչապետ Փաշինյանը ևս այս շեշտադրումն արել էր՝ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը։

Հայաստանն ի՞նչ օրակարգով կմասնակցի ամերիկյան համաժողովին։

Ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը ձևակերպեց, Հայաստանի մասնակցությունը միջացառմանը ընկալում են որպես մեծ նվաճում։ «Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա բոլոր քննարկումներին, և մեզ համար դա կարևոր է, քանի որ, ինչպես ասաց վարչապետը, մենք ժողովրդավար երկիր ենք, մենք ունենք առաքելություն՝ մնալ ժողովրդավար և այլ ժողովրդավար երկրների հետ ունենալ գործընկերային և լավ հարաբերություններ», - ասաց Բեղլոյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ճիշտ հակառակ կարծիքին է՝ այս իշխանության՝ 3.5 տարի առաջվա ժողովրդավարություն ապահովելու խոստումներն ու այժմյան իրականությունը իրար հետ կապ չունեն։

Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյան

«Երբ որ սահմանին կանգնած պայմանագրայինը կամ սպաները, աշխատավարձը համեմատում ես մայրաքաղաքի կենտրոնում տարբեր բերետային գույներով պարեկային ծառայություններ իրականացնող անձանց աշխատավարձի հետ, ուղղակի անհամեմատելի են, և սա խոսում է մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ողջ կիրքը և կամքը կենտրոնացած է սեփական իշխանությունն ու աթոռը պահելու համար։ Իսկ սեփական աթոռով տոգորված մեկը չի կարող ժողովրդավարական արժեքներից խոսել և լինել դրա ջատագովը», - ասաց Գալստյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG