Ադրբեջանական կողմը երեկ, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, Արցախի ԱԻՊԾ-ին է փոխանցել նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ մարտերի հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին:
Նախնական տվյալներով` մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի տարածքից, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` հավելելով` մարմիններն այսօր տեղափոխել են Երևան:
Նշվում է նաև, որ նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ` ըստ ՊՆ-ի: Ռազմական գերատեսչությունն այսօր հրապարակել է 5 զոհվածների անուններ, իսկ մյուսի ինքնությունը դեռ ճշտվում է:
Ադրբեջանական կողմը 7 զոհի մասին էր հայտնել։