Մատչելիության հղումներ

Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ վարչապետների ընդլայնված կազմով նիստին


Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների, այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ շեշտելով՝ դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը։

Մայիսի 16-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանն, իր հերթին, հայկական կողմին մեղադրեց հրադադարը խախտելու մեջ: Երկու կողմն էլ հայտարարեց կորուստների մասին։ Հայկական կողմը երկու մարտական դիրք կորցրեց։ Պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն այս տարվա 9 ամիսներին աճել է 27,8 տոկոսով

Խոսելով Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունից՝ Փաշինյանը նշել է, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այն աճել է 12,8 տոկոսով։

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա 9 ամիսներին աճել է 27,8 տոկոսով, նաև ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ արձանագրելով, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղըզստան՝ 48,0 տոկոսով։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես, 2020-ի փոխադարձ առևտրի հետ կապված իրավիճակը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացումը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագիրը, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022-ի հունվարին, Ալմաթիում։

Այսօրվա նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղըզստանի վարչապետ Ալիկբեկ Ժապարովը, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը՝ առցանց ռեժիմով։

Երեկ կայացել է կառավարությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպումը, քննարկվել են առևտրի պայմանների պարզեցման և տնտեսական այլ հարցեր:

XS
SM
MD
LG