Սպիտակ տունը հրապարակել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի ծրագիրը ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում։
24-էջանոց այդ փաստաթղթում Ջո Բայդենի վարչակազմն ընդգծում է՝ առաջիկա չորս տարիներին Վաշինգտոնի առաջնահերթությունն է լինելու ժողովրդավարության ամրապնդումն աշխարհում և Նահանգների վերադարձը միջազգային ասպարեզ։
«Ես խորապես համոզված եմ, որ ժողովրդավարությունը ազատության, բարեկեցության, խաղաղության և արժանապատվության բանալին է: Եվ եթե մենք աշխատենք մեր ժողովրդավար դաշնակիցների հետ՝ վստահությամբ և հաստատակամությամբ, կարող ենք արձագանքել ցանկացած մարտահրավերի», - հայտարարել է նախագահ Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ պատրաստվում է ժողովրդավարության հարցով համաշխարհային գագաթնաժողով հրավիրել, որպեսզի ապահովի դաշնակիցների միջև ընդարձակ համագործակցությունը։
Անցած ամիս ներկայացնելով իր առաջնահերթությունները արտաքին քաղաքականության ոլորտում՝ Միացյալ Նահանգների նորընտիր առաջնորդը հայտարարել էր․ - «Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում և այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ։ Այս ուղերձը ես փոխանցել եմ Ռուսաստանի նախագահին մեր առաջին իսկ հեռախոսազրույցում»։
«Ես շատ հստակ բացատրեցի նախագահ Պուտինին, ընդ որում՝ ամենևին ոչ այնպես, ինչպես իմ նախորդն էր անում, որ անցել են ժամանակները, երբ Միացյալ Նահանգները չէր նկատում Ռուսաստանի ագրեսիվ միջամտությունը ընտրություններին, չէր նկատում կիբերհարձակումներն ու հետապնդումները սեփական քաղաքացիների հանդեպ: Մենք չենք վարանի բարձրացնել այն գինը, որ Ռուսաստանը պետք է վճարի այս ամենի դիմաց, և ամեն ինչ կանենք` պաշտպանելու մեր առանցքային շահերը», - նաև ասել էր Բայդենը։
Նախօրեին արդեն, Սպիտակ տունը առաջին քայլերն արեց այս հայտարարությունները կյանքի կոչելու ուղղությամբ․ Վաշինգտոնը հայտարարեց, թե Եվրամիության հետ համակարգված նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնուն թունավորելու և ազատազրկելու համար։ Ամերիկյան սև ցուցակում են այս գործին առնչություն ունեցող ռուսաստանցի 7 բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև քիմիական ու կենսաբանական զենքի արտադրության հետ կապված ռուսական 14 ձեռնարկություններ։
Երեկ էլ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե ևս մեկ տարով երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին՝ Ուկրաինայի դեմ սկսած ագրեսիայից և Ղրիմի բռնակցումից հետո: