«Դեկտեմբերին կայանալիք «Ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովը» նոր բաժանարար գծեր ստեղծելու ԱՄՆ-ի փորձն է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Մոսկվան, անկասկած, բացասաբար է վերաբերվում գալիք միջոցառմանը»։ «90-ականներին մենք պայքարում էինք այդ բաժանարար գծերը վերացնելու և կրճատելու համար։ Միացյալ Նահանգները, սակայն, այժմ գերադասում է նոր բաժանարար գծեր ստեղծել՝ պետությունները բաժանելով իր պատկերացմամբ լավերի և վատերի», - ասել է Պեսկովը։
Սպիտակ տան նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին հրավիրված պետությունների թվում է նաև Հայաստանը։ Նոյեմբերի 16-ին պաշտոնական Երևանը հաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովին։