Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 16-ի մարտերում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. ՊՆ


Նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանագոտում ծավալված մարտերում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն, զոհված զինծառայողներն են՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 30-ամյա կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 31-ամյա շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 23-ամյա կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 41-ամյա շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը, ևս մեկ զոհվածի ինքնությունը դեռ պարզվում է։

«Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Նոյեմբերի 19-ի ժամը 10-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», - նաև ասված է հաղորդագրությունում։

Մինչ օրս ռազմական գերատեսչությունը հաղորդել էր երկու զոհված զինծառայողների մասին։ 6 ժամ տևած մարտերի հետևանքով ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ էր։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաղորդել է իր 7 զոհի և 10 վիրավորի մասին։

Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG