Մատչելիության հղումներ

Գերեվարվածներից մեկի եղբայրը պնդում է` հասել են դիրքեր այն ժամանակ, «երբ ադրբեջանցիներն այն վերցրել էին», ինչի մասին չի հաղորդվել


Սյունիքի Իշխանասարի հատվածում տեղի ունեցած վերջին մարտերի հետևանքով գերեվարված հայ զինծառայողների թիվը 32 է՝ ըստ չճշտված տվյալների, երեկ հայտարարեց վարչապետ Փաշինյանը: «Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24 գումարած 8 գերեվարված», - հենց ուղիղ եթերում թվերն ի մի բերեց նա:

Մինչև այս Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ 13 հոգի գերեվարված է, իսկ 24 զինծառայողի ճակատագիրն անհայտ էր, նրանց որոնում էին:

Գերվարվածների մեջ կան վիրավորներ, ասել է Փաշինյանը. «Առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել, այսինքն` ըստ էության, գերեվարվել է վստահաբար մի իրավիճակում, երբ որ ինքը չէր կարող դիմադրել»:

Հայաստանի վարչապետը վերահաստատել է այն, ինչ խորհրդարանական ամբիոնից էր հնչեցրել՝ գերեվարման հանգամանքները պետք է քննության թեմա դառնան, «չպետք է մոռանանք, որ պետություն ենք»: «Այո, պետք է ամեն դեպք քննվի, բա զինվորական երդումն, այսինքն, տենց ուղղակի բան ա՞, ոչ մի բան չնշանակող ինչ-որ բան ա՞»:

Այս անգամ Փաշինյանը նաև շեշտել է՝ ինտենսիվ աշխատում են գերիների վերադարձի ուղղությամբ:

Նոյեմբերի 16-ին արևելյան սահմանագոտում տեղի ունեցած բախումների հետևանքով գերեվարվածների առայժմ միայն նախնական թիվ կա, ոչ մի այլ տեղեկություն չկա: Նրանց դեռևս չեն այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

«Այս պահի դրությամբ տեսակցություն վերջերս հնարավոր գերեվարված անձանց հետ տեղի չի ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, սակայն կարող եմ հաստատել, որ կողմերի հետ մեր կազմակերպության ներկայացուցիչները կոնֆիդենցիալ երկխոսության մեջ են ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչպես նաև մենք կապի մեջ ենք ընտանիքների հետ, որոնք նաև մեզ հետ կիսվում են իրենց տեղեկություններով», - «Ազատության» հետ զրույցում ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ըստ նրա՝ նախ պետք է Ադրբեջանից գերեվարման պաշտոնական հաստատում ստանան: Հստակ ժամկետներ չկան, ասում է՝ նույնիսկ եթե գերիների մեջ ծանր վիրավորումով զինծառայող կա. «Օրենքով սահմանված կարգով ժամկետներ գոյություն չունեն, կա մոտեցում, որ անհապաղ տեսակցենք, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք պաշտոնական հաստատ անձանց գերեվարման փաստի վերաբերյալ»:

Գերեվարված զինծառայողները հիմնականում Վանաձորի «Դուց» ու Ջերմուկի զորամասերից են: Հայաստանի կառավարությունն օրեր առաջ Ստրասբուրգի դատարան է դիմել, որպեսզի միջանկյալ միջոցի կիրառմամբ Ադրբեջանը տեղեկատվություն տրամադրի գերիների վերաբերյալ:

Գերեվարված ժամկետային զինծառայողներից մեկի ազգականը պատմեց, որ եղբայրը գերեվարվել է նոյեմբերի 16 ին` առավոտյան 11 -ի հատվածում: Նախորդ օրն էր Ջերմուկի զորամասից դիրք բարձրացել մի օրով, «Ուրալով» զինակիցների հետ մոտեցել է արդեն գրավված դիրքին. «Իմ եղբայրն, ով եղել է «Ուրալ» մակնիշի մեքենայի մեջ, վիդեոն էլ կա գցած, այդ «Ուրալի» համարներն, ամեն ինչը երևում է, իրենք մի պոստից մի պոստ են գնացել, իջել են մի հատ ուրիշ պոստեր, որտեղ արդեն ադրբեջանցիները վերցրել էին»:

Հարազատները բազմաթիվ հարցեր ունեն՝ ինչո՞ւ կապի որևէ միջոցով տեղյակ չեն պահել, որ հայկական դիրքը արդեն ադրբեջանական է։ Ըստ մեր զրուցակցի՝ միայն Ջերմուկի զորամասից 12 զինծառայող է գերեվարված:

Գերիների հարազատները 9 օր է՝ սեփական հետաքննություններով են փորձում ճակատագրական մանրամասներ պարզել, զուգահեռ ամեն օր ծեծում բազմաթիվ գերատեսչությունների դռներ. «Պետությունը ստեղծել է գերիների հանձնաժողով, այսինքն` ՊՆ-ն ստեղծել է գերիների հանձնաժողով, որը իբր թե զբաղվում է գերիների հարցերով, այսինքն` զուտ էդ հանձնաժողովը ստեղծված է նրա համար, որ իրենց վրայից գցեն, որ գնաս ՊՆ, ասես` ի՞նչ կա, ուղարկեն այդ հանձնաժողով, գերիների հանձնաժողովն էլ շվարած նստած ա, մենք ավելի շատ ինֆորմացիա գիտենք, քան թե գերիների հանձնաժողովը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG