Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը և Տեր-Պետրոսյանը պատրաստ են իրենց նպաստը բերել հանուն երկրի կայուն հեռանկարի


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համար ամենաթանկ բանը երկրի կայունությունն է, երեկ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։

Նրա խոսքով, եթե Կոնգրեսից և Տեր-Պետրոսյանից կախված լինի նույնիսկ մեկ բան, որը կապահովի երկրի համար կայուն հեռանկար, իրենք դրան միշտ պատրաստ են։

Մուսինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ես հիմա նայում եմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին արտահայտությունները, մեկնաբանությունները, հոդվածները, մեջբերումներ կան այստեղ, նախ ինքն ասում է, որ բացառում է, ըստ էության, նորմալ ընտրությունները։ Նա ասում է՝ «ինձ արդյունքներն այս ընտրությունների այնքան էլ չեն հետաքրքրում, որքան՝ նորմալ ընտրություններ անցկացնելու խնդիրը։ Թեև աբսուրդ բան եմ ասում, նորմալ ընտրություն չի լինելու։ Տա Աստված, որ էդ մրցությունը չվերածվի ֆիզիկական բախման։ Թեև սա բացառում են, բայց անելու են ամեն ինչ, գնալու են ամեն ինչի։ Տեսե՛ք, երկու կողմն էլ պատվիրել է հսկայական հանրահավաքների շարք, պարզ է մտադրությունները»։ Դուք այս պահին նույն կարծիքի՞ն եք։

Արման Մուսինյան․ - Մենք նույն կարծիքին ենք այն պարզ պատճառով, որ այդ ուժերը չեն էլ թաքցրել իրենց մտադրությունները միմյանց նկատմամբ՝ երբեք, դա ասել են հրապարակային, սա մեկ, երկրորդ՝ այդ ուժերը մենք արդեն այսօրվա ընթացքում տեսել ենք, որ երկու կողմն էլ քաղաքացիների ուղղորդման հարցում մեծ ակտիվություն են ցուցաբերել և փորձել են ազդել քաղաքացիների կամարտահայտման վրա, և երրորդ, կախված, թե ինչպիսի արդյունքներ կհրապարակեն, կարող են այդ ուժերը կրկին լարվածության ավելացմանն ուղղված քայլերի գնալ։ Այս բախումային տրամաբանությունն արդեն ստեղծվել է և դա կլինի վաղը, կլինի մեկ շաբաթ հետո, թե մեկ ամիս հետո, խնդիրն այն է, որ սրանից պետք է խուսափել։

«Ազատություն»․ - Հնարավո՞ր է խուսափել։

Արման Մուսինյան․ - Դա կախված է կողմերի ողջամտությունից, բայց, ցավոք, նրանց վարքագիծը մինչև այսօր, հրապարակային հռետորաբանությունն այլ բան է վկայում։ Իրար սպառնացել են և՛ ասֆալտին փռել, և՛ վենդետաներ, և՛ ամեն ինչ։

«Ազատություն»․ - Իսկ նախագահը պատրա՞ստ է, ինչպես ասում էր՝ «եթե մենք լինենք խորհրդարանում, արբիտրի դեր կստանձնենք»։

Արման Մուսինյան․ - Մեր ուժերի ներածին չափով՝ ինչ-որ կախված կլինի մեզանից։ Մեզ համար ամենաթանկ բանը երկրի կայունությունն է այս ծանրագույն աղետից հետո, որովհետև, եթե Հայաստանում այս անկայունության շղթան շարունակվի և խորանա, մենք կրելու ենք երկրորդ պարտությունը․ մի դաժան պարտությունը կլինի արցախյան պատերազմում ունեցած պարտությունը, երկրորդն արդեն կլինի Հայաստանի ներսում և Հայաստանին ոչ մի լավ բան դա չի խոստանում։ Այնպես որ, եթե Կոնգրեսից և Տեր-Պետրոսյանից կախված լինի մեկ բան նույնիսկ, որը կապահովի երկրի համար կայուն հեռանկար, մենք դրան միշտ պատրաստ ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG