Մատչելիության հղումներ

Այս ընտրությունների բոլոր բացասական հետևանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են. Լևոն Տեր-Պետրոսյան 


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառում, որ գալիք՝ հունիսի 20-ի ընտրություններին հաջորդելու են բախումներ, որոնց գլխավոր մեղավորներն են լինելու երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք, ըստ Տեր-Պետորսյանի, վիժեցրեցին ճգնաժամից դուրս գալու իր առաջարկը՝ ստեղծել «Ազգային համաձայնության դաշինք»՝ պայմանով, որ նոր իշխանությունում նախագահներից ոչ մեկը չի հավակնելու որևէ պաշտոնի։

Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն հանդիպել էր թիմակիցների, լրագրողների հետ։

«Եթե այդ դաշինքը հաջողվում էր, այսօր Նիկոլի ֆենոմեն գոյություն չէր ունենում։ Նիկոլը կարող էր դրանից մեկ-երկու շաբաթ հետո թողնել փախչել Հայաստանից։ Ուրեմն այս ընտրությունները բոլոր բացասական հետևանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք վիժեցրին այս պլանը։ Դուք չեք տեսնի որևէ լուրջ արձագանք այս առաջարկի նկատմամբ, և՛ արտասահմանից են եղել, և՛ Ռուսաստանից, որ սա համարել են մի հրաշալի լուծում։ Ես զարմանում եմ, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չհասկացան էս բանը։ Այսինքն՝ ինչքան վնաս տվել են այս երկրին իրենց քսան տարվա իշխանության ժամանակ, իրենք հիմա պատրաստվում են ավելի մեծ վնաս տալ այս երկրին», - ասաց նա։

Ըստ Տեր-Պետրոսյանի, արդեն հնացած միտք է նաև «լրջանալու պահը»․ - «Որովհետև մենք դառնագույն պարտություն ենք կրել։ Դա առաջին դժբախտությունն է։ Երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետև տեսնում ենք ինչպիսի ուժեր են ներքաշված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում։ Պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ, և ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն։ Ինչու եմ ասում լրջանալու պահը արդեն հնացած է, որովհետև այժմ եկել է արդեն սթափվելու պահը։ Սթափվելու պահն է, որովհետև նախորդ պատմությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներ լինեն, կարելի է ասել հետևյալը․ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը»։

ՀԱԿ առաջնորդը բացառեց նորմալ ընտրությունները․ - «Ինձ արդյունքը էս ընտրությունների այնքան չի հետաքրքրում, որքան նորմալ ընտրություններ անցկացնելու խնդիրը։ Թեև աբսուրդ բան եմ ասում՝ նորմալ ընտրություն չի լինելու։ Տա Աստված, որ էդ մրցակցությունը չվերածվի ֆիզիկական բախման։ Թեև սա բացառում եմ․ անելու են անեմ ինչ, գնալու են ամեն ինչի։ Տեսեք, արդեն պատրաստել են ոչ միայն իրենց նախընտրական գրոհները, այլև հետընտրական․ պատվիրել են երկու կողմն էլ հսկայական հանրահավաքների շարքեր։ Պարզ է մտադրությունները»։

Ի տարբերություն նախորդ ընտրույթունների, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայ ազգային կոնգրեսը կարողացավ հանրության լայն զանգվածներին հասցնել իր խոսքը․ - «Մեր խոսքը բավականին լայն արձագանք գտավ։ Այնպես չէր, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ։ Մենք էլի նույն բաներն էինք ասում, բայց այն ժամանակ այնքան հզոր էին մեր դիմացի ուժերը, որ մեզ իրենց մեդիառեսուրսներով, բաներով լռեցրին ուղղակի։ Հիմա, փառք Աստծո, վերջին մեկ ամսում մենք ունեցանք հնարավորություն օգտվելու բոլոր մեդիառեսուրսներից։ Կարելի ասել՝ ի պատիվ Նիկոլի․․․ Նույնիսկ առաջին հեռուսատեսությունը մեզ հսկայական տեղ տվեց։ 16 թվին, 8 թվականին մենք չունեինք էս հնարավորությունը։ Սա իր ազդեցությունը իհարկե կունենա»։

Եթե նորմալ ընտրություններ լինեն, ՀԱԿ-ը անկասկած կհայտնվի խորհրդարանում՝ եզրափակեց առաջին նախագահը․ - «Մեր հայտնվելը խորհրդարանում, ինչպիսի կազմ էլ լինի, մի զսպող ուժ կարող է լինել, որ թույլ չի տա այնպիսի սխալների կրկնությունը, որոնք եղել են Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում։ Մենք առնվազն կխաղանք արբիտրի դեր, ոչ դահճի դեր։ Մեր ներկայությունը նրանց էլ կզսպի։ Չեմ կասկածում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG