Մատչելիության հղումներ

«Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում». Մուսինյանն արձագանքում է


Փաշինյանն ապացուցեց, որ «իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում», առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից հայտարարում է նրա խոսնակ Արման Մուսինյանը:

«Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում մեղադրում է Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին», - նշված է Մուսինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Վարչապետի պաշտոնակատարն այսօր անդրադարձել էր Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցում հնչած մտքերին` ասելով. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»:

Արման Մուսինյանը շարունակում է, թե եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին:

«Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի: Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից», - շեշտել է ՀԱԿ խոսնակը:

Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, ասել էր. «Այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում: Փաշինյանը մի ուրիշ խնդիր ունի. Փաշինյանը, ես վստահ եմ, Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչը մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես Հայաստանի, Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում` ռուսներն ինչ են իրեն ասում»:

XS
SM
MD
LG