Մատչելիության հղումներ

«Այս անգամ սխալվելու իրավունք չունեք»․ Տեր-Պետրոսյանը ուղերձ է հղել


«Այս անգամ սխալվելու իրավունք չունեք», երեկ ուշ երեկոյան ուղերձով է հանդես եկել Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նշելով, որ հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև, այն է՝ ընտրություն կատարել պետականության կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև՝ Տեր-Պետրոսյանն ընդգծել է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ «հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը»։

«Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերը ասելիք և անելիք չունեն: Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար: Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց վարչական, ֆինանսական, լրատվական և քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից: Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկի օգտին, ըստ էության, մասնակից կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը», - հայտարարել է Հայաստանի առաջին նախագահը՝ եզրափակելով․ - «Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը: Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք»:

XS
SM
MD
LG