Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում։ Այսօր տարիների դադարից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով նաև, որ Ռուսաստանը այլևս երբեք դուրս չի գա Լեռնային Ղարաբաղից։
«Այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանր գուցե այն է, որ մենք այլևս խաղացող չենք այս խաղում», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը (ՀԱԿ) իր հետ բերել էր և հատուկ ընթերցեց նոյեմբերի 9 -ի եռակողմ համաձայնագրի 4 -րդ կետը, որտեղ գրված է՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Ռուսները սա գրել են քանի որ մտադիր չեն Ղարաբաղից հեռանալ, մեկնաբանեց առաջին նախագահը:
«Կարող է Ադրբեջանը պահանջի դուրս հանել, Ռուսաստանն ու Հայաստանը դուրս չգան: Ռուսները սա գրել են, որովհետև մտադիր չեն Ղարաբաղից հեռանալ: Եթե ռուսները դուրս գան, մի ղարաբաղցի չի մնա Ղարաբաղում: Այստեղ 100 տոկոսով Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են, որովհետև եթե Ղարաբաղում հայ չմնա, ռուսները պիտի թողնեն գնան, էլեմենտար է», - ասաց ՀԱԿ առաջնորդը:
Տեր-Պետրոսյանն ընդունեց՝ եթե առաջիկա ընտրություններին որևէ ուժ մեծամասնության ձայները չստանա, ստիպված կլինեն կոալիցիա կազմել։ Բայց չհստակեցրեց ում գլխավորած քաղաքական ուժի հետ է դա հնարավոր համարում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի. «Գիր-ղուշ կգցենք, կորոշենք: Էդ հիմիկվա խոսելու բան չի, կստեղծվի նոր իրավիճակ, և այդտեղ մենք, կարծում եմ, լուրջ կվերաբերվենք այդ իրավիճակին ու կփորձենք սխալ որոշում չկայացնել»:
Այս թեմային առաջին նախագահն անդրադարձավ մեկ այլ հարցի համատեքստում։ Խոսելով նախկին նախագահներին իր՝ դաշինքով մասնակցելու հրապարակային առաջարկի մասին, որը մերժվել էր, վերահաստատեց՝ այն իրականություն դառնալու դեպքում իրենցից ոչ մեկը պետական պաշտոն չէր զբաղեցնելու։ Երբ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինքն ի՞նչ թեկնածու ուներ վարչապետի պաշտոնի համար, պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանի համար այդ էջը դեռ փակ չէ՝ խորհրդարան անցնելու դեպքում իրենց համար կարևոր պայման է լինելու, որ վարչապետի պաշտոնում քաղաքական դեմք չլինի:
«Եթե մենք անցնենք խորհրդարան, մենք էլի ամեն ինչ անելու ենք, որպեսզի քաղաքական դեմքերից ոչ մեկը՝ ո՛չ Նիկոլը, ո՛չ Ռոբերտը, ո՛չ երրորդը՝ չգիտեմ, Ծառուկյանը, չպետք է լինեն վարչապետ, պետք է գտնվի ճգնաժամային կառավարման կառավարության կառավարիչ: սա մեզ համար սկզբունք է, քաղաքական որևէ դեմքի դրեցիք, Հայաստանը կկործանվի ուղղակի, չի դադարելու այս ուղղակի փողոցային պայքարը, որը կարող է նաև անցնի զինված պայքարի, չեն դադարի, կգտնենք մի հատ շատ սիրուն, բոյով, հրաշալի ունակություններով», - ասաց առաջին նախագահը:
«Ազատության» մեկ այլ հարցին ի պատասխան էլ Տեր-Պետրոսյանը մանրամասնեց, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին սպառնալիք համարում Հայաստանի համար։ Նա իր հրապարակային առաջարկում էր գրել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։ Ասել էր նաև՝ ամեն ինչ անելու է, որ Քոչարյանը չգա իշխանության:
«Ես վստահ եմ՝ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ գալու է մի օր՝ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ անգամ իր ընտանիքը չի կարողանում, ես էսօր ինչ ասեմ: Ռոբերտ Քոչարյանը նույնպես, նա ռեալիստ չի, իրատես չի, նրա տեսադաշտի կենտրոնն ինքն է, իրենից բացի ոչինչ չի տեսնում, իրեն թվում է՝ ինքը ամեն ինչ կարող է անել, թող անի, տեսել ենք նրա արածը», - արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Մանրամասներ փոխանցեց նաև հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած հանդիպումից։ Վերջերս Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանն այդ զրույցից մեկ դրվագ էր պատմել միայն, թե Տեր-Պետրոսյանը իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս» ու մեկնաբանել էր, թե առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից այդպես էլ դուրս չի եկել։ Տեր -Պետրոսյանը խորհուրդ տվեց Փաշինյանից պահանջել այդ ձայնագրությունը:
«Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա, սա մեկ, երկրորդ՝ ես գնացել եմ նրան մեկ բան ասելու՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից, փաստաթղթով: Ասացի՝ ինչո՞ւ է պետք քեզ, որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավել լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, արդեն կլինի քո խայտառակությունը», - ասաց առաջին նախագահը:
Տեր-Պետրոսյանը չի ընդունում իր հասցեին հնչող մեղադրանքները, որ նա Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո այդպես էլ չկարողացավ ամրագրել այն, հակադարձեց. «Հաղթանակը ես ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին: Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել»:
Հարցին՝ Ադրբեջանն այդ պահին պատրա՞ստ էր ստորագրել, եթե ներքին խոչընդոտը չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան դրանից հետո՝ այս ամբողջ 23 տարիների ընթացքում»:
Սահմանների դեմարկացիան և դեմիլիտացիան, այն, ինչ հիմա Ռուսաստանը առաջարկում է և ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ ու իրականացնել, անխուսափելի է համարում նաև Տեր-Պետրոսյանը՝ հայտարարելով՝ դելիմիտացիան պարտադիր պայման է, և ոչ մի վտանգ գոյություն չունի:
«Միջազգային հանրությունը, հանձին ՄԱԿ-ի, Խորհրդային Միության նախկին հանրապետությունների անկախությունը ճանաչել է այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, այստեղ ոչինչ չենք կարող փոխել, Հայաստանի և Ադրբեջանի սահմանն այդ սովետական սահմանն է, ուրիշ ոչինչ: Եթե այդքան ուժեղ եք, կարող եք գնալ գրավել, բայց փոխել հնարավոր չէ», - ընդգծեց ՀԱԿ առաջնորդը:
Առաջին նախագահը չցանկացավ խոսել անգամ Փաշինյանի առաջարկի մասին, թե պատրաստ է որդուն փոխանակել բոլոր գերիների հետ. «Այդ գերի տալու այս սենտիմենտալ, հնդկական կինոյի տեսարաններն ամոթ է դրա մասին խոսելը, ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար»:
Բավական սուր խոսեց իր նախկին թիմակիցների մասին, ովքեր նախընտրեցին Փաշինյանի իշխանության մաս կազմել. «Էլեմենտար ճամբարափոխություն, չեմ ուզում ասել ավելի լատինատառ բառը՝ առնետավազք»:
Ասուլիսին հարցի իրավունք խնդրեց նաև մի քաղաքացի, նա հարց չուներ, բայց ասելիք ուներ. «Էս անգամ ընտրվեք պրծնեն էլի էս ամեն ինչից»: