Մատչելիության հղումներ

«Փաշինյանի ֆենոմենը իրականում ստեղծվել է Քոչարյանի և Սարգսյանի կողմից», - շեշտում է ՀԱԿ փոխնախագահը


Հայ ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածուներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը քարոզարշավի ժամանակ, հունիս, 2021թ.
Հայ ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածուներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը քարոզարշավի ժամանակ, հունիս, 2021թ.

Առաջիկա ընտրություններին մասնակցող «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության ներկայացուցիչները Վանաձորում իրենց համակիրների հետ հանդիպմանը սուր քննադատության ենթարկեցին թե՛ գործող և թե՛ նախկին իշխանություններին։

Պատգամավորության թեկնածուների համոզմամբ՝ քաղաքական դաշտում ստեղծված պայքարի հետևանքները շատ ծանր կարող են լինել։

«Ռոբերտ Քոչարյանն էդպես էլ չսիրեց Հայաստանը: Ես իրեն շատ լավ գիտեմ: Նիկոլ Փաշինյանը տենց էլ չհասկացավ՝ ինչ բան ա Հայաստանը: [...] Հայաստանը նա էլ չի սիրում», - հայտարարեց Բագրատ Ասատրյանը:

«Քոչարյանի համար Հայաստանը յա էղած, յա չէղած: Նիկոլ Փաշինյանը եթե հանկարծ ընտրվեց, դառնալու է ադրբեջանցիների երջանկությունը», - հավելեց Արամ Մանուկյանը:

Կուսակցության փոխնախագահ, ընտրական ցուցակի երկրորդ համար Լևոն Զուրաբյանը շեշտեց՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի և թե՛ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժերը դիմել են Երևանի քաղաքապետարան՝ իրազեկելու ընտրություններին հաջորդող 4 օրերին մայրաքաղաքի հրապարակներում հանրահավաքներ անցկացնելու մասին։ Սա խոսում է հետընտրական բախումների հավանականության մասին, ասաց Զուրաբյանը։

«Էդ օրերին պլանավորված են երկու կողմից քաղաքացիական ընդհարումներ: Երկու ուժերն էլ ցույց են տալիս, որ հանուն իշխանությունը պահպանելու կամ հանուն իշխանությունը վերցնելու նրանք պատրաստ են գնալ բառիս բուն իմաստով քաղաքացիական պատերազմի», - նշեց ՀԱԿ փոխնախագահը:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն արգելել է Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին ընտրություններից հետո հավաքներ ունենալ Երևանի Ազատության հրապարակում։ Դրա փոխարեն առաջարկել է նախատեսված հավաքներն անցկացնել Սասունցի Դավթի արձանին հարող կայարանամերձ տարածքում։

Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում հետընտրական բախումները կարող է կանխել միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, համարելով իրենց ամենահավասարակշիռը քաղաքական դաշտում. - «Ինչքան շատ ձայն կարողանան հավաքել Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայ ազգային կոնգրեսը այս ընտրություններում, այնքան քիչ հավանական է լինելու քաղաքացիական պատերազմի սկիզբը Հայաստանում»:

Զուրաբյանն ասաց՝ Հայաստանն այսօր «աղետալի ճահճում» է հայտնվել գործող վարչապետի սխալների պատճառով՝ երկրի ղեկավարը պատերազմը չի կանխել, չնայած դրա հնարավորությունն, ըստ ՀԱԿ փոխնախագահի, կար։ Պնդեց՝ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներից բանակցային սեղանին եղած փաստաթղթերով Հայաստանը կարող էր Ադրբեջանին հանձնել Ղարաբաղի հարակից 5 շրջաններն ու հարատև խաղաղություն ունենալ. եղած առաջարկներով բացառվում էր պատերազմը։ Որպես ապացույց Զուրաբյանը հիշատակեց օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, որը հաստատում էր՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները դեռ 20018-ին Փաշինյանին նման առաջարկ են արել։

Արամ Մանուկյանը տարակուսեց, թե «որևէ երկրում նման բան չի եղել՝ պարտված, նվաստացած, 5 հազար զոհ տված պետության ղեկավարը փորձում է պահպանել իր իշխանությունը»։

ՀԱԿ պատգամավորի թեկնածուները մինչև Վանաձոր գալը Սպիտակում հանդիպել էին մի խումբ քաղաքացիների հետ ու զարմացել՝ այսքան աղետալի սխալներից հետո անգամ, ընտրողների մի ստվար զանգված, Լևոն Զուրաբյանի խոսքով, «դեռ ատամներով պահում է պետական գործում ձախողակ ղեկավարին»։ «Դա ունի շատ պարզ բացատրություն՝ ժողովուրդը այնքան երախտապարտ է Նիկոլ Փաշինյանին ռոբասերժական այդ ճորտատիրական կարգերից նրան ազատելու համար, որ չի ցանկանում լքել Նիկոլ Փաշինյանին անգամ այս աղետալի սխալներից հետ: Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը իրականում ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:

Այսօր վանաձորցիների հետ հանդիպմանը քաղաքացիներից մեկը հարց ուղղեց Կոնգրեսի ներկայացուցիչներին՝ ինչո՞ւ վերջապես Հայաստան չի վերադառնում Վանո Սիրադեղյանը։ Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց՝ հեղափոխությունից հետո սպասում էին, որ ի վերջո դեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա նկատմամբ հարուցված, ըստ Զուրաբյանի, կեղծ քրեական գործը կվերացվեր, Վանո Սիրադեղյանը կարդարացվեր ու կվերադառնար հայրենիք, բայց, զարմացած է, անցած երեք տարիներին հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետը չգնաց դրան. - «Ինչո՞ւ: Պարզ պատճառով՝ որովհետև էլի վախենում են Վանո Սիրադեղյանից, վախենում են իր հեղինակությունից, վախենում են նաև քաղաքական հակառակորդների հզորացումից: Եվ ինչ է պարզվում՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի ապօրինությունները մաքրելու համար, բայց պատրաստ չէ Վանո Սիրադեղյանի նկատմամբ կատարված ապօրինությունները չեղյալ համարելու համար»:

Արամ Մանուկյանն ասաց՝ անցած երեք տարիներին ընդամենը մեկ անգամ է հանդիպել վարչապետ Փաշինյանին ու միայն մեկ առաջարկ արել նրան՝ Հայաստան վերադառնալու հնարավորություն ստեղծել Սիրադեղյանի համար։ «Տեղեկացնում եմ ձեզ, որ նվնվաց, կմկմաց, ոչինչ չասաց, դուխը չհերիքեց էդ դուխով տղու հետ խնդիրը լուծելու, և ես արդեն հայտարարել եմ՝ Նիկոլը եթե ոչինչ էլ արած չլինի, ոչինչ էլ արած չլինի, էս մի հարցի համար ես իրան չեմ ներելու»:

ՀԱԿ ներկայացուցիչներն ասացին՝ իշխանության գալու դեպքում իրենց առաջին գործերից մեկը Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելը կլինի։ Ներկաները ծափերով արձագանքեցին։

XS
SM
MD
LG