Հայաստանում շատ պայթյունավտանգ իրավիճակ է, առաջիկա ընտրությունները լինելու են հանրապետության պատմության մեջ ամենավտանգավոր ընտրությունները, որովհետև երկու բևեռները՝ Փաշինյանն ու Քոչարյանը պատրաստ են ամեն ինչի իշխանություն ունենալու համար, այսօր ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հիմա հավաքվում իրար հետ դաշինք եք կազմում և այլն․․․ բայց միակ փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ։ Ի՞նչ է լինելու։ Ճակատամարտ։ Դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների։ Դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում։ Դրանք կարող են արդեն անկառավարելի դառնալ», - ասաց նա։
Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, մայիսի 5-ին հրապարակավ առաջարկեց երկրորդ ու երորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով՝ անձնապես, սակայն, չհավակնելով որևէ պաշտոնի։
Առաջին նախագահի հնչեցրած հրապարակային առաջարկից առաջ Քոչարյանն ու Սարգսյանը արդեն իսկ հայտարարել էին նախընտրական դաշինքներով ընտրություններին մասնակցելու մասին։
Ըստ Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը այսօր հանրությանը որևէ ծրագիր չեն ներկայացրել։
«Հիշեք, Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ է տվել և որն է մինչև վերջ կատարել։ Էդպիսի բան չկա։ Գոյություն չունի Նրանք ասել են մի բան, արել են լրիվ ուրիշ բան»,- ընդգծեց Հայ ազգային կոնգրեսի 76-ամյա առաջնորդը։ - «Հիմա ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում։ Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում։ Ասում է՝ ես գալու եմ, մեկ-մեկ բոլորին պատժելու եմ․․․ Նույնիսկ իր շտաբների վրա ինչ-որ մի երկու հարձակում էր եղել, ասեց՝ իմացեք, բոլորիդ նկարել են, բոլորիդ էլ, հենց վարչապետ դառնամ, պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի։ Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությամբ գիտե՞ք ինչպիսին է։ Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, էդ երեխայից հետագայում ինքը հաստատ հաշիվ պահանջել է, պատժել է դրան։ Էդպիսի մարդ է»։
Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ սպանված առյուծի հետ Քոչարյանի հայտնի լուսանկարին․ - «Առյուծի պատմությունը։ Նիկոլը ինչ-որ մի սրբապատկեր էր սարքել էդ առյուծին հեծած․․․ չգիտեմ, պտտվում էր, ցույց էր տալիս։ Քոչարյանն էլ սկսեց մի կես ժամ ապացուցել, թե ինչ լավ բան է արել, գնացել առյուծներ է խփել, իր նման հարուստ միլիարդատերերի հետ ինչ-որ հարցեր է լուծել, ինչ-որ գործարքներ են կնքել, սա ընդունված բան է։ Շատ ճիշտ է ասում, ընդունված է։ Բայց, դուք հիշո՞ւմ եք․․․ Իսպանիայի թագավորը գաընկեց արվեց, որովհետև Աֆրիկայում փիղ էր սպանել։ Ահա ինչպիսի չափանիշներ են գործում մեզ մոտ, և քաղաքակիրթ աշխարհում»։
Թե ինչու ինքն ու Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Փաշինյանի բանավեճի հրավերը, առաջին նախագահը այսպես բացատրեց․ - «Քոչարյանը իր ոճով, կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց․ ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով։ Այսինքն՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ․․․ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև էդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լիներ։ Էդ ես չեմ ասում, ինքն է ասել։ Ասել է 2009 թվականին՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։
Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցում է քաղաքական իրատեսության վերադառնալու, Ռուսաստանի հետ երկկողմ ռազմավարական շահերի ներդաշնակեցման մեխանիզմներ ստեղծելու, բանակը վերակառուցելու, առաջիկա երկու տարում նախագահական կառավարման համակարգին անցնելու ծրագրով։