«Կանխատեսումներ կարող է անել ցանկացած մարդ, առավել ևս էն մարդիկ, ովքեր իրենց մարգարե են համարում, համարում են, որ իրենց կանխատեսումները իրականություն են դառնում։ Էդ մարդիկ լրիվ իրավունք ունեն, էդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, շատ վատատեսական կանխատեսում անելու։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես քաղաքական գործիչ ու Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, իր էդ կանխատեսումը անելուց հետո պիտի ասի, թե ինքը ինչ լուծում է առաջարկում։ Բայց ինքը լուծում չի առաջարկում, ինքը կանխատեսում է ու՝ ոչ մի լուծում», - ասաց Սարգսյանը։
Հայ ազգային կոնգրեսի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Տեր-Պետրոսյանը հանրայինի եթերում իր տեսակետը հիմնավորելիս հղում էր արել միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի բանաձևերին։
Արամ Սարգսյանն ասում է, որ անգամ եթե Տեր-Պետրոսյանն առաջարկեր բոլոր արցախցիներին տեղափոխվել Հայաստան, դա ավելի ընդունելի կլիներ, քան պարզապես կանխատեսում անելն ու ոչինչ չավելացնելը․ - «Եթե ինքն ասում է, որ այ էս ձև է լինելու, դրա համար Ղարաբաղում մի ապրեք, էկեք բոլորով Հայաստանում հավաքվենք, մենք մեր խնդիրները լուծենք, եռակողմի հերն էլ անիծած։ Էդ դեպքում դուք էլ, ձեր խաղաղարարներն էլ մնացեք էնտեղ, ում ուզում եք խաղաղություն պաշտպանեք․․․․ էս ուրիշ խնդիր էր։ Էս քննարկման խնդիր էր, որը կասեի հա, քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսում է անում և դրան լուծում է առաջարկում։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսում է անում ու էդ կանխատեսման արդյունքում դրդում է ղարաբաղցիներին, Արցախում ապրողներին էնտեղ չապրել։ Որովհետև որևէ արցախցի չի ուզենա Ադրբեջանի կազմում ապրել»։
Որպես ստեղծված իրավիճակից ելք, Տեր-Պետրոսյանը խոսել էր խաղաղության, հաշտության ու բարիդրացիության մասին։ Վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանի խոսքով, Տեր-Պետրոսյանը կարող է օգտագործել իր բազմամյա փորձն ու լուծումներ առաջարկել։ Հավելում է՝ ինչպես Մինսկի խումբը չհամակերպվեց հայկական ուժերի կողմից ԼՂԻՄ-ի հարակից շրջանների տիրապետման հետ, այդպես էլ չի ընդունելու, եթե Ադրբեջանը փորձի ուժի կիրառմամբ բռնակցել Արցախը․ - «Ինքը լուծումը համարում է, որ Արցախի հայությունը կարող է ապրել Արցախում Ադրբեջանի կազմում։ Եթե ինքը էդպես է համարում ու համարում է, որ արցախցիները կհամաձայնվեն դրան ու էդպես կապրեն, ու դա է միակ լուծումը, որովհետև այլ տարբերակ չկա, էդ դեպքում հարց է առաջանում՝ 88 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ինչի՞ սկսեց Ղարաբաղյան շարժումը, ինչի՞ գնաց նստեց Բուտիրկայում, ինի՞ ձևավորեց հայկական բանակը․․․»
Արտահերթ ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրը «Հանրապետություն» կուսակցություն առաջնորդն ասում է, որ այս ընտրարշավն իր մասնակցածներից ամենալարվածը չէր, ինչպես կարող է թվալ մասնակիցների հռետորաբանությունից․ - «Պրովոկացիաներ ընդհանրապես չեղան, ընդհարումներ ընդհանրապես չեղան, քրեական տարրեր ընդհանրապես չօգտագործվեցին ընդդիմության դեմ իշխանության կողմից, կամ իշխանության դեմ։ Մնացած ընտրարշավներում բակերում կամ փողոցներում միշտ նման դեպքեր եղել են։ Էս ընտրարշավում, աչքով չտամ, որևէ էդպիսի դեպք չի եղել։ Աստծո կամքով, կարծում եմ նաև մեր բոլորիս ցանկությունն է, որ հետընտրական պրոցեսները լինեն հանգիստ, և մենք, թև-թևի տված, քաղաքական ուժերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով լծվենք էս երկիրը էս վիճակից հանելուն»։
Կոտայքի մարզի Զովունի համայնքում ընտրողների հետ հանդիպմանը Սարգսյանն ասաց, որ ի տարբերություն մի շարք քաղաքական գործիչների, որոնք հետընտրական վայրիվերումներ են կանխատեսում, ինքը չի կարծում, թե նման գործընթացի նախադրյալներ կան, քանի որ հետընտրական զագացումները լինում են խախտումների պարագայում։
Հավաքվածներից մեկը հետաքրքրվեց Սարգսյանից․ հնարավոր է՞ ճիշտ լինեն տարածվող լուրերը, թե «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանից մարդկանց է տեղափոխում Հայաստան՝ մասնակցելու ընտրություններին։
«Անհնարին է, տեխնիկապես անհնարին է։ Ես չեմ կարծում, որ 2 հազար, 3 հազար կամ 6 հազար ձայնը ինչ-որ խնդիր ա լուծելու։ Իրական ինտրիգը ընտրությունների մասով առևում ա՝ քվեարկության օրն ա։ Ու ամենակարևոր բանը հիմա որ կա, էդ քվեարկությանը մասնակցելն ա», - ասաց Արամ Սարգսյանը։