Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե, բացատրություններ են պահանջել երեկվա հայտարարության համար։ Հարթակից դաշնակցական Սաղաթելյանը հայտարարել էր, թե ստիպելու են իշխանական պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով նիստ հրավիրել, այն իրագործելու համար ժողովուրդն ազատ է իր գործողություններում ու որոշումներում։ Քննչական մարմին ներկայացած ընդդիմադիր գործիչն այսօր էլ է պնդում` իր հայտարարությունն ուժի մեջ է։
«Եվ այո, մեր ժողովուրդն աշխատանք ունի անելու պատգամավորների հետ, եթե իրենք չեն գիտակցում, չեն հասկանում, այդ բացատրական աշխատանքի կարիքն իրենք ունեն: Ինչ որ ասել եմ, մեկ անգամ ևս հաստատում եմ և հայտարարում եմ», - ասաց նա:
Երեկ ընդդիմադիրները վերջնաժամկետ էին տվել իշխանական պատգամավորներին` մինչև 18։00-ը ներկայանալ շարժման ղեկավարությանը` քննարկելու Փաշինյանի հրաժարականի տարբերակները։ Իշխանականները չարձագանքեցին, ինչին հաջորդեց Սաղաթելյանի հայտարարությունը, թե եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջն իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ»:
Ոստիկանության արձագանքը չուշացավ` հայտարարությունն առերևույթ պարունակում է Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։ Այսօր առավոտյան հաղորդագրություն տարածեց ոստիկանությունը` հորդորելով ընդդիմադիրներին զերծ մնալ այդպիսի կոչերից։ Ըստ ոստիկանության հիշատակած հոդվածի` նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց իրենց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով:
Իշխան Սաղաթելյանը պարզաբանում է՝ ինքը բռնության կոչ չի արել. «Ոչ ոստիկանությունը, ոչ էլ որևէ մեկը հանկարծ փորձ չանի ու չմտածի, որ այս մեթոդներով կարող են լռեցնել մեզ կամ կանխել մեր պայքարի հաջողությունը: Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի մեր երկրի թիվ մեկ սպառնալիքով` այս կառավարության մեջ նստած այն մարդով, ով մեր երկիրը տանում է կործանման»:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչն ասաց` իշխանության նկատմամբ հանրային ճնշումը շարունակելու կողմնակից է։ Իսկ ի՞նչ նկատի ունի ճնշում ասելով: «Պետք է բացատրեն, գնան, պահանջեն, հետևեն, հասկացնեն, որ գան, միանան ժողովրդին, այս խնդիրը լուծվի, այս է նշանակում: Ես պնդում եմ, որ ես կոչ չեմ անելու պատգամավորների նկատմամբ գործադրել բռնություն, որովհետև դա մեզ համար անթույլատրելի է»: Հարցին, թե կան պատգամավորներ, որ միացել են, Սաղաթելյանը պատասխանում է. «Ես վստահ եմ, որ միանալու են, և ես վստահ եմ, որ «Իմ քայլում» կան պատգամավորներ, ովքեր ճիշտ գնահատում են իրավիճակը»:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատրաստ է ընդդիմության հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, բայց ոչ Փաշինյանի հրաժարականի հարցը։ Իսկ ստիպել իրեն որևէ մեկը չի կարող, վստահեցնում է պատգամավորը. «Եթե այն, ինչը նրանք հրապարակում են ամեն օր հնչեցնում, իհարկե, պատրաստ չեմ, որովհետև դրանք ես լսել եմ, որևէ քննարկման առարկա չկա այդտեղ: Որևէ մեկը չի կարող ինչ ստիպել, հատկապես Իշխան Սաղաթելյանը»:
Նիկոլ Փաշինյանին անվստահություն կհայտնի և ընդդիմության թեկնածուի օգտին կքվեարկի միայն այն դեպքում, երբ իր ընտրողները ցանկանան։ Արմեն Խաչատրյանը պատգամավոր է ընտրվել Սյունիքի մարզից. «Հենց իմ ժողովուրդը դա ուզեց, ես հասկացա, որ դա հանրային, ժողովրդական պահանջ է և ոչ թե ինչ-որ մի քանի շահերով պայմանավորված կազմակերպությունների կամ անձանց, միայն այդ դեպքում, երբ որ ժողովուրդը դա ցանկանա»:
Իսկ եթե ընդդիմադիրները Փաշինյանի կողմնակիցների օրինակով շրջափակեն Ազգային ժողովի շենքն ու ստիպեն կատարել իրենց պահանջը, ինչպե՞ս կվարվի պատգամավորը։ «Այդ պահին չեն կարող այդքան մարդ հավաքել, ոչ էլ այդքան հանրային աջակցույթյուն ունեն», - ասաց նա:
Իշխանականներից պատգամավոր Հովիկ Աղազարյանը կողմնակից է ընտրությունների միջոցով հարցը լուծելուն։ Ասում է` չի կատարի ընդդիմադիրների պահանջը, եթե նույնիսկ հեղափոխականների սցենարով շրջափակեն Ազգային ժողովի շենքն ու պարտադրեն. «Իհարկե, ոչ ոք չի կարող ինձ ստիպել, որ քվեարկեմ իմ կամքին հակառակ»:
Վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է առնվազն 67 պատգամավորի կողմ ձայն, իսկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները` ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» միասին ունեն 41 ձայն: Եթե անգամ ընդդիմադիրները միանան, միևնույնն է` շուրջ 25 ձայն անհրաժեշտ է իշխանական խմբակցությունից: